«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2007-02-28 | #38, 2007-03-01 | #39, 2007-03-02


ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՈՎԱԶԴ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ, ՔԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ

Հանրային հարաբերությունների` PR տեխնոլոգիաների (public relation) զարգացումը կարեւորում են առաջադեմ բոլոր երկրները, իսկ մեզ մոտ դա կարեւորվում 4-5 տարին մեկ` ընտրություններից ընտրություն: Ընդ որում, մեզ մոտ գերակշռում են գովազդն ու քարոզչությունը, քան հենց PR տեխնոլոգիաների կիրառումը, որը ենթադրում է հանրության, քաղաքացիների հետ շարունակական աշխատանք` կառուցված երկխոսության վրա եւ ուղղված առանձին թիրախային խմբերի:

Երեկ «Փաստարկ» ակումբում հայաստանյան PR ինդուստրիայի առանձնահատկություններին անդրադարձավ PR մասնագետների ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը: Նա համոզված է, որ հանրային կապերի զարգացումը հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ կա կայացած ժողովրդավարություն: Եվ քանի որ մենք դեռ չենք ավարտել ժողովրդավարացման գործընթացը, պարզ է, որ չենք կարող վստահաբար խոսել նաեւ հիշյալ տեխնոլոգիաների գործունակության մասին:

Թեեւ ասոցիացիայի փոխնախագահը նկատեց, որ տարեցտարի մեր երկրում էլ հանրային կապերի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է, «թեեւ ոչ բավարար ծավալներով, բայց շուկան ձեւավորվում է», սակայն «այն, ինչ կարող ենք տեսնել մեր երկրում, ավելի շատ գնում է նախընտրական քարոզարշավի եւ գովազդի դաշտ, քան PR տեխնոլոգիաների կիրառման ոլորտ»: Ինչ վերաբերում է դրսից PR մասնագետների ներմուծմանը, ապա փոխնախագահ Արման Սաղաթելյանը կարծում է, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ այդ ներուժը կա մեր երկրում:

Արման Սաղաթելյանը համոզված է, որ այս նախընտրական շրջանում հանրային հարաբերությունները անպայման կլինեն` թեպետ ոչ գերակշռող եւ անհրաժեշտ չափի որակյալ, բայց այնուամենայնիվ ճնշող մեծամասնությունը գովազդն ու քարոզչությունն են լինելու: Նա հայաստանյան PR տեխնոլոգիաների դրսեւորումներ համարեց ինտերնետային կայքերում կազմակերպված վիրտուալ բանավեճերը, հեռախոսային կարճ հաղորդագրությունները, որոնք չնչին, բայց PR տեխնոլոգիաներին բնորոշ տարրեր են: PR մասնագետների ասոցիացիայի փոխնախագահը հույս հայտնեց, որ ընտրություններից հետո իրենք կկարողանան հայտնել, թե մոտավորապես որքան գումար է ծախսվել ընտրություններին մասնակից ուժերի քարոզարշավի իրականացման վրա:

Սեւ PR-ի մասին խոսելիս Արման Սաղաթելյանն ընդգծեց, որ նման տերմին մասնագիտական շրջանակներում գոյություն չունի, այլ հարց է, որ հաղորդակցության տեխնոլոգիաներն այլ կարգով են օգտագործվում: Այսինքն, եթե մարդուն վարկաբեկելու համար վատ տեղեկատվություն են տարածում, դա վատ է, բայց եթե որեւէ անձի մասին փաստերի վրա հիմնված բացասական տեղեկատվություն են տարածում, ապա դեռ հարց է, թե դրանից ժողովուրդը շահում է, թե տուժում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4