Երեկ «Ազդակ» ակումբում հավաքված մի խումբ կանայք արտահայտեցին իրենց բողոքը գործող իշխանությունների վարած քաղաքականության, հատկապես Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին անհիմն ձերբակալելու եւ բանտ նստեցնելու դեմ:
«Նրանք ցանկացան ցույց տալ ժողովրդին, որ եթե իրենք կարող են Ժիրոյին ձերբակալել, հասարակ ժողովրդից ամեն մեկին էլ կձերբակալեն», ասացին կանայք, որ բարձրացրին արդիական հնչեղության հետեւյալ հարցերը. «Մենք պիտի թույլ տանք, որ հոգեբանորեն կոտրե՞ն մեզ, այս ընտրություններն է՞լ կեղծեն, թե՞ պիտի պայքարենք ու պահանջենք անհապաղ ազատ արձակել հերոսներին»: Ապա կանանցից մեկը կարդաց իրենց հայտարարությունը, ուր մասնավորապես ասված է. «Շուշիի Ժիրոն արցախյան ազատամարտի սփյուռքահայության խորհրդանիշներից մեկն է: Կարծում ենք, որ բանակի հիմնադրման տարեդարձն առիթ է, որ դադարեցվի Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաեւ նրա զինակից, արցախյան ազատամարտի մասնակից Վարդան Մալխասյանի դեմ իրականացվող իրավական եւ քաղաքական հետապնդումը: Պահանջում ենք ոչ միայն ազատ արձակել մեր նվիրյալներին, այլեւ ՀՀ քաղաքացիություն շնորհել Ժ. Սեֆիլյանին»: Հայտարարությունը ստորագրել են 28 կանայք, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական եւ հասարակական ուժեր: Նրանց թվում են բանաստեղծուհի Մետաքսեն եւ փաստավավերագրող Ցվետանա Պասկալեւան: Վերջինս ներկա էր միջոցառմանը: «Ժիրայրն այն տեսակն է, որ պալատական չի կարող լինել: Նա մեզ հայտնի հաստավիզ գեներալներից չդարձավ: Նա իմ ճանաչած կենդանի սրբապատկերներից է, ինչպես Բեկորը, Մոնթեն, Սամվել Բաբայանը: Ժիրայրը չէր հարմարվի այս իշխանություններին, փափուկ ու տաք տեղ չէր նստի: Ես երջանիկ եմ, որ նրան ճանաչում եմ», ասաց նա եւ հիշատակեց իր ֆիլմերից մեկը, որ պատմում էր կենդանի լեգենդների, այդ թվում եւ Ժիրայրի մասին: «Չնայած նա փոխգնդապետ է, բայց ինձ համար շատ գեներալներից բարձր է», ասաց Ց. Պասկալեւան:
«Մեր օրերում թուրք ազգայնամոլը սպանում է Հրանտ Դինքին, ռուս ծայրահեղականը` Ռուսաստանում գտնվող հայերին, Հայաստանի իշխանավորը բանտարկում է հայ հերոսին: Թե նշածներիցս ո՞վ է առավել նենգը, որոշեք ինքներդ», ասաց Երանուհի Հուսյանը, որ ներկայացնում է «Ազգային համակարգ» կազմակերպությունը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ