«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2007-03-01 | #39, 2007-03-02 | #40, 2007-03-03


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԱՌԱՋԻՆԸ ԱՆԴԱՄԱԳՐՎԵՑ ԱՄՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայաստանի ամերիկյան համալսարանը 1998 թ.-ից սկսեց արեւմտյան հավատարմագրման դժվարանցանելի, բարդ գործընթացը, որին հասնելու համար ՀԱՀ-ի ղեկավարությունը նախ եւ առաջ ներհամալսարանական կյանքի ինքնազննման եւ վերլուծությունների, համակարգային փոփոխությունների, ծրագրերի ընդլայնման ու զարգացումների սկզբունք որդեգրեց: Նախընթաց տարիներին ՀԱՀ-ն արեւմտյան կրթական չափորոշներին ու պահանջներին նախանձախնդրորեն հետեւելովՙ գտնվելով ասոցիացիայի փորձագետներից բաղկացած հանձնախմբերի պարբերական ուսումնասիրությունների ներքո, գործընթացիՙ կարգավիճակի շնորհում, թեկնածուական կարգավիճակի ձեռք բերում եւ հավատարմագրում 3 փուլերը հաղթահարեց հաջողությամբ: Երեկ ՀԱՀ-ի կենսագրությունը նշանավորվեց շատ կարեւոր իրադարձությամբ: Համալսարանը հավատարմագրվեցՙ միջազգային հեղինակություն ունեցող ԱՄՆ դպրոցների եւ քոլեջների արեւմտյան ասոցիացիայի կողմից: Սա աննախադեպ երեւույթ է, որովհետեւ հավատարմագրման արեւմտյան ասոցիացիան այս կարգավիճակն առաջին անգամ է շնորհում ԱՄՆ տարածքից դուրս գտնվող որեւէ համալսարանի:

Մեզանում, անշուշտ, միջազգային հավատարմագրման առաջին դեպքն է սա, որը վստահաբար իր ազդեցությունն ունենալու է Հայաստանում կրթական համակարգային փոփոխությունների վրա:

ՀԱՀ-ում կայացած երեկվա մամլո ասուլիսում այս մասին հայտարարեց նախագահ Հարություն Արմենյանըՙ երախտագիտորեն վերհիշելով Հայաստանի համար դժվարինՙ հետերկրաշարժյան տարիներին համալսարանի ստեղծման ակունքներում կանգնած անձնավորություններինՙ Յուրի Սարգսյան, Արմեն Տեր-Կյուրեղյան, Միհրան Աղբաբյան, Ստեփան Կարամարդյան: Համալսարանական կյանքի, գիտաուսումնական ծրագրերի կայացմանն աջակից են եղել ՀՀ կառավարությունը, ՀԲԸՄ-ն, Կալիֆոռնիայի համալսարանի հետ համագործակցությունը, որն այս տարի 10 տարով եւս երկարաձգվեց:

Ահա Յուրի Սարգսյանիՙ երեւույթի արժեւորումը. «Հավատարմագրման այս փաստն ուղղակիորեն բարձրացնում է ՀԱՀ-ի վարկանիշը, ստեղծում հոյակապ հնարավորություն ուսանողների ներհոսքի համար, բարձրացնում է համալսարանի արտաքին մրցակցությունը»: Տարածաշրջանում ոչ մի բուհ չկա, որ ընդգրկված լինի աշխարհի լավագույն հարյուրյակում: Յուրի Սարգսյանը մաղթեց հավատարմագրման տարիների ընթացքում ՀԱՀ-ի մուտքն այդ հարյուրյակ:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը միջազգային նման հեղինակավոր կազմակերպության հավատարմագրումը նկատեց ոչ թե իբրեւ շնորհ, այլ ՀԱՀ-ի ղեկավարության հմուտ եւ հետեւողական աշխատանքի վաստակած գնահատական, եւ մաղթեց ՀՀ կրթական ոլորտի նմանատիպ գործընթաց անցնել փորձող հաստատություններինՙ նախ եւ առաջ ըմբռնել հավատարմագրման խորհուրդը, ինչը նշանակում էՙ «ինքնաներս ուղղված աշխատանքՙ սեփական ռեսուրսներն ամբողջացնելու եւ թերություններն ու բացթողումները տեսնելու եւ շտկելու»:

Ահավասիկ հայաստանյան կրթական դաշտում արմատական փոփոխությունների անհրաժեշտության այս փուլում միջազգային ամենահեղինակավոր ասոցիացիայի կողմից հավատարմագրված Հայաստանի ամերիկյան համալսարանի փորձն ուսանելի կլինի նաեւ մյուսների համար:

Ըստ որում, սովորաբար առաջին հավատարմագրումը տրվում է երեք տարի ժամկետով: Հայաստանի ամերիկյան համալսարանն ստացավ 7 տարվա վստահություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4