Իսպանական Բարսելոն քաղաքում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի 2008 թ. պատանեկան առաջնության (մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների միջեւ) ընտրական փուլի մասնակիցների վիճակահանությունը: Մինչեւ 17 տարեկանների Հայաստանի հավաքականն ընդգրկվել է ընտրական վերջինՙ 13-րդ խմբում, որտեղ մեր պատանիների մրցակիցները կլինեն Իտալիայի, Չեխիայի եւ Կիպրոսի հավաքականները: Մինչեւ 19 տարեկանների ՀՀ հավաքականին բաժին են ընկել Լեհաստանի, Լիտվայի եւ Սան Մարինոյի ընտրանիները, որոնք ընդգրկված են ընտրական 7-րդ խմբում:
Մրցակարգի համաձայն, ընտրական մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերում 1-2-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները, ինչպես նաեւ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած ընտրանիների մեջ լավագույն արդյունքի հասած երկու թիմերը: Ընտրական հաջորդ փուլում կկազմավորվեն 7 խմբեր, որոնց հաղթողներն էլ առաջնության եզրափակիչ փուլի կազմակերպիչ երկրի հավաքականի հետ կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը կկայանա 2008 թ. ամռանը Թուրքիայում: Իսկ մինչեւ 19 տարեկան պատանեկան հավաքականները ուժեղագույնին որոշելու համար մրցավեճի կբռնվեն Չեխիայում 2008 թ. հուլիսին:
Հարկ է նշել, որ առաջին անգամ եվրոպական բոլոր հավաքականներն, այդ թվում Եվրոպայի ներկայիս չեմպիոնը, բացառությամբ առաջնության կազմակերպիչ երկրի հավաքականի, պատվավոր մրցանակի համար պայքարը կսկսեն առաջին փուլից: Առաջին անգամ ընտրական մրցաշարին կմասնակցի Չեռնոգորիայի հավաքականը: Ինչպես հայտնի է, վերջերս Չեռնոգորիայի ֆուտբոլի ֆեդերացիան անդամագրվել է ՈւԵՖԱ-ինՙ դառնալով այդ կազմակերպության 53-րդ անդամը: Առաջին անգամ մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլին կմասնակցի նաեւ մայրցամաքի եռակի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որն ուժեղագույնն է ճանաչվել 2002, 2004 եւ 2006 թթ.: Այս փուլում առաջին անգամ հանդես կգա նաեւ Անգլիայի ընտրանին, որը բարձր վարկանիշի շնորհիվ ընտրական մրցաշարը սկսում էր երկրորդ փուլից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ