«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2007-03-02 | #40, 2007-03-03 | #41, 2007-03-06


«ԹՈՒՐՔԵՐԻ ԱՐԱԾԸ ԼԿՏԻՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏ ՊԵՏՔ Է ՈՐԱԿԵԼ»

Գրում է հրեական թերթը

«Մենք իհարկե անտարբեր չենք Իսրայելին պաշտպանելու Թուրքիայի ջանքերի հանդեպ, բայց գտնում ենք, որ այդ պաշտպանությունը կապիտալի վերածելու եւ Հայոց ցեղասպանությունը դատապարտող կոնգրեսական բանաձեւին ընդդիմանալու պահանջով ամերիկա-հրեական համայնքի վրա ճնշում բանեցնելու թուրքական կառավարության նկրտումները պետք է որակել լկտիության գագաթնակետ», գրում է «Ջուիշ փրես»` Ամերիկայում լույս տեսնող հրեական խոշորագույն անկախ շաբաթաթերթն իր փետրվարի 28-ի համարում:

Ինչպես «Նյու Յորք սան» թերթն է հաղորդում, այնուհետեւ գրում է թերթի խմբագրական կազմը, փետրվարի 5-ին Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել հրեական մի շարք խոշորագույն խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ փորձել նրանց համոզել, որ քվեարկեն Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւի դեմ, որն այժմ արդեն ունի 176 հովանավորներ: Թուրք պաշտոնական այրերն իրենց հանդիպումների ժամանակ բավական բուռն ձեւով փորձել են հիշեցնել հրեաներին, որ Գերմանիայի կողմից իրենց դեմ կատարված ցեղասպանությունը եզակի է:

Թուրքերը չեն ժխտում, որ 1915-17 թթ. իրենք հայերի դեմ բնաջնջման զինվորական արշավ են ծավալել եւ հազարավոր հայեր սպանվել են բռնագաղթի ճանապարհին: Բայց նրանք պնդում են, որ դժբախտ հայերը 5-րդ շարասյուն էին կազմել երկրի ներսում եւ Առաջին աշխարհամարտի օրերին հաճախ համագործակցում էին զինված ռուսական բանակի հետ:

Բայց Օսմանյան կայսրությունում Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուն իր հուշերում գրել է. «Ես վստահ եմ, որ ամբողջ մարդկության պատմության մեջ չենք գտնի նույնքան սարսափելի մի դրվագ»: Հայկական ծագումով ընտանիքներին տրված բռնագաղթի հրամանագրերը հավասարազոր էին «ամբողջ ազգին մահվան ուղարկելու լիազորությունների», գրել էր նա:

Որեւէ անձ, որ լրջորեն եւ անկողմնակալորեն քննարկում է այդ իրադարձությունները, չի կարող եզրակացնել, որ հայերին բնաջնջելու նպատակադրված եւ հաշվարկված ջանքեր են իրականացվել: Ի վերջո, զոհ է գնացել մոտ 1,5 մլն բնակչություն: Թերթն այնուհետեւ շարունակում է. «Վստահ ենք, կգտնվեն մարդիկ, որ բանաձեւին դեմ քվեարկելը կպահանջեն մեզանից` Ողջակիզման եզակիությունը պահպանելու մտադրություններով: Բայց որոշակի էթնիկական խմբավորման մեկուկես միլիոն ներկայացուցիչների համակարգված սպանության ճանաչումը ոչ մի ձեւով չի բացառում Հոլոքոսթի եզակիությունը», վերջում եզրակացնում է «Ջուիշ պրես» թերթը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4