«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2007-03-02 | #40, 2007-03-03 | #41, 2007-03-06


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Շուտով կլինեն նոր գրասենյակներ նաեւ մարզերում

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) հայաստանյան մասնաճյուղերի Տերյան-69 հասցեում գտնվող նոր գրասենյակի բացման մարտի 3-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հյուրերին ու մասնակիցներին ողջունեց ՀՀԿ եւ ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը: Այնուհետեւ կազմակերպությունների նախագահ Արա Աբրահամյանի խոսքերով, երկու լայնամասշտաբ կառույցների անելիքներն էլ շատ են, քանի որ հիմնական ծրագրերից են աջակցությունը Հայաստանի զարգացմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը, ցեղասպանության հարցի լուծմանը եւ այլն:

«Շատ կարեւոր է, որ այդ հարցերը, որոնք որպես պարտականություն վերցրել ենք, Հայաստանի կառավարության եւ ժողովրդի հետ լուծենք: ՀՀԿ-ն զբաղվում է մի շարք ծրագրերով, մասնավորապես համակարգիչների բաշխում, ներդրումներ, բարեգործական ծրագրեր, ցեղասպանության հարցով փորձագետների հանձնախմբի աշխատանքներ, դպրոցաշինություն եւ այլն: Կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության մասնաճյուղերը հնարավորություն կտան, որ յուրաքանչյուրը ցանկության դեպքում իր մասնակցությունը բերի ընդհանուր գործին», նշեց պրն Աբրահամյանը: ՀՀԿ եւ ՌՀՄ հայաստանյան մասնաճյուղերի համար գրասենյակ նվիրել է բարերար Սամվել Կարապետյանը` Կալուգայի հայերի միության նախագահը: Կարապետյանը իր միջոցներով կառուցել եւ վերանորոգել է այս գրասենյակը ու նվիրել Կոնգրեսին եւ Ռուսաստանի հայերի միությանը: Գրասենյակում կլինեն ինչպես ՀՀԿ եւ ՌՀՄ մասնաճյուղերը, այնպես էլ ՀՀԿ սպորտի, երիտասարդության բաժինները:

Արա Աբրահամյանը տեղեկացրեց, որ երկու կառույցներն էլ Հայաստանում շարունակելու են զբաղվել իրենց ծրագրերի իրագործմամբ: «Հատկապես նշեմ հոկտեմբերին սպասվող` ղարաբաղյան հարցի կարգավորման առնչությամբ խոշոր միջոցառումը, թե ինչով կարող է սփյուռքը օգտակար լինել այդ հարցում, որն է սփյուռքի դերը»: Ինչ վերաբերում է գրասենյակի բացման ամսաթվի ընտրությանն ու նախընտրական շրջանի հանգամանքին, Արա Աբրահամյանը պարզաբանեց, որ Սամվել Կարապետյանը նոր է նվիրել, եթե շուտ նվիրեր, բացումն ավելի շուտ կլիներ: Ոչ մի նկատառում չկա, վերանորոգումը նոր է ավարտվել: «Եթե ինչ-որ մեկը 3 տարի առաջ նվիրեր, բացումն այն ժամանակ կլիներ», ասաց պրն Աբրահամյանը: Ի դեպ, կառուցվում է հիմնական գրասենյակ եւ թերեւս հաջորդ տարի Հայաստան տեղափոխվի նաեւ ՀՀԿ Գլխավոր բյուրոն:

Այս տարի ամենայն հավանականությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի գրասենյակներ կբացվեն նաեւ Հայաստանի 9 շրջաններում եւ Արցախում, ծրագրվում է բացել նաեւ ներկայացուցչություններ Լոս Անջելեսում եւ Վաշինգտոնում: «Մենք բոլորս ուզում ենք աշխատել միասին, քանի որ ունենք մեկ շահ. մեկ ազգ, մեկ գաղափարախոսություն, անենք այն, ինչ կօգնի Հայաստանին եւ ժողովրդին», ամփոփեց Արա Աբրահամյանը:

ՀՀԿ հիմնադիր անդամ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը իր խոսքում նշեց, որ մասնաճյուղերի բացումը իրապես երեւույթ է մեր հասարակական կյանքում, ի դեպ, զուգադիպելով գրողների միջազգային օրվա հետ: «Դարավերջին, երբ բուռն վեճեր էին ընթանում մեր ազգային գաղափարախոսության, ազգային հավաքականության մասին, Արա Աբրահամյանը այն եզակի անհատն էր, որ նախաձեռնեց երկու կոնկրետ գործ` Ռուսաստանի հայերի միության ստեղծումը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադրումը: Չնայած ընդհանուր մեր հասարակական գիտակցության մեջ ե՛ւ մաղձը կա, ե՛ւ անհանդուրժողականությունը եւ ժխտումը, բայց կա նաեւ գնահատումը: Օրվա խորհուրդն այն է, որ ՀՀԿ-ն եւ ռուսահայերի միությունը քայլ-քայլ եւ շատ հիմնավոր իրենց կարեւոր ներկայությունն են հաստատում Հայաստանում, եւ նոր գրասենյակի իրողությունը այն հավատն ու վստահությունն է ներշնչում, որ Հայաստանը դառնալու է նաեւ համահայկական ծրագրերի եւ գաղափարների իրականացման կենտրոնատեղի հանձինս ՀՀԿ-ի եւ ՌՀՄ-ի», նշեց պրն Անանյանը:

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Ատոմ Մխիթարյանն իր ելույթում առաջնահերթ շնորհավորեց երիտասարդությանը: «Այն երիտասարդական կազմակերպությունները, որոնք ՀՀԿ-ի կազմում հիմնադրեցին երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան, այսուհետեւ կունենան իրենց գրասենյակը Երեւանում», նշեց պրն Մխիթարյանը` հիշեցնելով, որ ԵԿԱ-ն ստեղծվեց անցյալ տարի` միավորելով 11 երկրների 16 երիտասարդական հայկական կառույցներ: «Գրասենյակը նպատակների իրականացման մի վայր է դառնալու: Բոլոր մարտահրավերները, որ կանգնած են հայ ժողովդրի առջեւ, երիտասարդներին է մնում այդ խնդիրների լուծման բանալին գտնելու հոգսը, ուստի մենք կկրկնապատկենք մեր ջանքերը»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4