«Ֆիգարո» թերթը հաղորդում է, որ մարտի 4-ին Փարիզում, 95 տարեկան հասակում մահացել է մեծ գրող Անրի Թրուայան: 1938 թ. «Գոնկուր» գրական մրցանակի արժանացած գրողը Ֆրանսիական ակադեմիայի ավագագույն անդամն էր:
Ֆրանսպրես գործակալությունն ընդգծում է, որ Թրուայան իր կյանքի ընթացքում ժրաջանորեն աշխատել է «ժամանակաչափի կանոնավորությամբ», գրելով վեպեր, վիպակներ, նովելներ, հուշագրություններ, պատմավեպեր, կենսագրական վեպեր եւ այլն: Նրա գրքերի թիվն անցնում է 100-ից:
«Ես գրելու հիվանդ եմ եւ բացարձակապես դուրս եմ կյանքից», հաճախ կրկնում էր Թրուայան: 1994 թ. Ֆրանսիայի ամենահայտնի հետազոտական հաստատությանՙ Sofres-ի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ նա ֆրանսիացիների ամենասիրելի գրողն է:
19-րդ դարի ռեալիզմի հետեւորդ Թրուայան լավ հայտնի է նաեւ արտերկրում, այդ թվում Հայաստանում, որտեղ հայերեն հրատարակվել են նրա «Սգավոր ձյունը» վիպակը եւ այլ գործեր:
Անրի Թրուայա գրական կեղծանունով հայտնի անձնավորությունը ծնվել է Մոսկվայում 1911 թ. նոյեմբերի 1-ին, հայազգի հարուստ արդյունաբերող Ասլան Թորոսյանի (Տարասովի) ընտանիքում եւ նախապես կոչվում էր Լեւոն Ասլանի Թորոսյան: Սակայն ռուսական միջավայրում նա հայտնի դարձավ որպես Լեւ Ասլանովիչ Տարասով:
1917 թ. հեղափոխությունից հետո ապագա գրողի ընտանիքը լքեց Ռուսաստանը, շրջեց Եվրոպայում եւ ի վերջո 1920 թ. հաստատվեց Ֆրանսիայում: Փարիզի արվարձան Նեյիի վարժարանում սովորելիս Անրին արդեն հետաքրքրվում էր գրականությամբ: Հետագայում ստացավ իրավաբանական կրթություն, խմբագրական աշխատանքի անցավ Սենի դեպարտամենտի պրեֆեկտուրայում: 1935 թ. լույս ընծայեց իր առաջին վեպը («Կեղծ լույս»), որն ստացավ ժողովրդական մրցանակ:
1938 թ. նրա «Սարդը» վեպն արժանացավ հեղինակավոր «Գոնկուր» մրցանակի եւ վաճառվեց ավելի քան 100 հազար օրինակ տպաքանակով: Վեպը մռայլ պատմություն է մի եսակենտրոն մարդու մասին, որն իբր ինքնասպանության փորձեր է անում, որպեսզի քույրերը չամուսնանան եւ զբաղվեն իրենով:
1947-50 թթ. լույս տեսած առաջին վիպասքը («Քանի դեռ աշխարհը կա») ժամանակակից Ռուսաստանի մասին է: Թրուայան որոշում է երբեք չվերադառնալ Ռուսաստան: «Ձյունն ավելի մաքուր է իմ երազներում», ասում էր նա:
Չնայած դրան, Ռուսաստանը ներշնչանքի անսպառ աղբյուր էր: Թրուայան մասնավորապես գրեց Իվան Ահեղի, Եկատերինա Երկրորդի, Նիկոլայ Առաջինի, Ալեքսանդր Առաջինի, ինչպես նա ռուս գրականության դասականներ Դոստոեւսկու, Տոլստոյի, Պուշկինի, Գոգոլի, Չեխովի, Տուրգենեւի կենսագրությունները:
Նրա գրչին են պատկանում նաեւ 19-րդ դարի ֆրանսիացի հեղինակներ Ֆլոբերի, Մոպասանի, Զոլայի, Վեռլենի, Բոդլերի եւ Բալզակի կենսագրությունները:
Մյուս հայտնի գործերից են «Ցանք եւ հունձք» (1953), «Արդարների լույսը» (1959) շարքերը, «Էգլետյերների ընտանիքը» (1965) եռագրությունը, «Ապագայի ժառանգները» եռագրությունը (1968), «Մոսկվացին» (1974), «Վյու» (1980), «Մինչ վաղը, Սիլվի» (1986), «Երրորդ երջանկություն» (1987) եւ այլն:
1976 թ. հրատարակեց «Այդքան երկար ճանապարհ» հուշագրությունը: Նրա «Մայրիկ» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը ցուցադրվել է բազմաթիվ երկրներում, այդ թվումՙ Հայաստանում:
Անրի Թրուայան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ էր: Չնայած մեծ համբավին, նա շատ համեստ եւ մեկուսի կյանք էր վարում, երբեք չազդվեց ժամանակի հովերից, առեւտրային նորաձեւությունից, էրոտիզմից, «նուվոռոման» կոչվող գրական հոսանքից եւ այլն:
«Եթե դրանք զվարճացնում են իմ գրչակից ընկերներին, իրենց գործն է: Անձամբ ես հեռու եմ մնում: Վիպասանը պետք է երեւա իր կերպարների հետեւում, պետք է ստեղծի նրանց եւ անմիջապես անհետանա», ասում էր Թրուայան:
Նրա վերջինՙ «Թակարդ» վեպը լույս տեսավ 2006 թվականին:
Պ. Ք.