Նոր նվաճման հասավ Տալլինի «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որի հիմնադիրն է մեր հայրենակից Ալբերտ Ստեփանյանը: Ակումբի ֆուտզալի «Արարատ» թիմը հաջող մրցելույթներ ունեցավ Էստոնիայի անդրանիկ առաջնությունում: Հաջողությամբ հանդես գալով իր ենթախմբում, «Արարատն» իրավունք էր նվաճել եզրափակիչում չեմպիոնի տիտղոսը վիճարկել Տալլինի «Անժիի» հետ:
Առաջին խաղակեսում արարատցիները գերազանցեցին մրցակցին եւ թիմի ավագ Ավետիք Հայրապետյանի խփած գոլերի շնորհիվ խաղը շահում էին 2-0 հաշվով: Սակայն, ցավոք, ընդմիջումից հետո արարատցիներին ոչ միայն չհաջողվեց զարգացնել հաջողությունը, այլեւ պահպանել հաղթական հաշիվը: «Անժիի» ֆուտբոլիստները խաղավարտից 8 վրկ. առաջ խփեցին հաղթական գնդակը (3-2) եւ նվաճեցին չեմպիոնի տիտղոսը: Այդ դրվագում սխալվեց «Արարատի» դարպասապահը, որը շտապելով գնդակը մտցնել խաղի մեջ, սխալմամբ այն հանձնեց մրցակցին, որն էլ անմիջապես օգտվեց նվիրատվությունից:
Թեեւ ցավալի պարտությանը, «Արարատն» արժանի էր դրվատանքի: Նորաստեղծ ֆուտզալի թիմը հաջող հանդես եկավ անդրանիկ առաջնությունումՙ արժանանալով արծաթե մեդալների, ինչը եւս մեծ նվաճում է: Ֆուտբոլասերներին հիշեցնենք, որ «Արարատ» ֆուտբոլային թիմն անցյալ տարի նորամուտը նշելով Էստոնիայի ֆուտբոլի առաջնության 3-րդ խմբում, գերազանց մրցելույթներ ունեցավ եւ գրավելով առաջին տեղն, իրավունք ստացավ այս մրցաշրջանում հանդես գալ երկրորդ խմբում: Հուսանք, որ ընթացիկ մրցաշրջանում էլ քիչ առիթներ չենք ունենա անդրադառնալու Տալլինի «Արարատի» հաջողություններին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ