«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2007-03-03 | #41, 2007-03-06 | #42, 2007-03-07


ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԼԻՆԵԼԸ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՀԵՌՈ՞Ւ Է

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունն արդեն մեկ ամիս հանգիստ չունի պետական բուհերի ռեկտորների, պրոռեկտորների եւ ուսանողական խորհուրդների տրտունջներից ու հերքումներից: Պատճառը անցած տարեվերջին միության անցկացրած սոցհարցումներն էինՙ պետական բոլոր բուհերում կոռուպցիայի ծաղկումը եւս մեկ անգամ հաստատող: Թեպետ, ըստ հարցման, ամենակոռումպացվածը ագրարային համալսարանն էՙ 96 տոկոս, սակայն բողոքի առաջին գծում նրան 10 տոկոսով զիջող բժշկական համալսարանն էՙ 86: Հիշեցնենք, որ պետական բոլոր բուհերից սոցհարցմանը մասնակցած 2000 ուսանողների պնդմամբ, դասախոսների կաշառակերությունը դարձել է միանգամայն սովորական երեւույթ, կաշառք տալն ու վերցնելն այլեւս ոչ մեկին չեն զարմացնում: Փոխարենը բուհի ղեկավարներին զայրացնում են կաշառակերության վերաբերյալ խոսակցություններն ու դրդում սվիններն առած ելնել մարտի կամ կաշառակեր դասախոսների, կամ էլ հարցումն անցկացրած երիտասարդների դեմ: Թե ո՞վ ո՞ր մարտաձեւն է ընտրել հարցին կպատասխանի միության նախագահ Նարեկ Գալստյանը: Մինչ այդ հիշեցնենք սոցհարցման մյուս տվյալները: Ինչպես վերեւում նշեցինք, առաջին երկու տեղերում ագրարայինն ու բժշկականն են, որոնց հաջորդում են ճարտարագիտականըՙ 85,5 տոկոս, պետական տնտեսագիտականըՙ 81, մանկավարժականըՙ 79, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանականըՙ 75, Երեւանի պետական համալսարանըՙ 42, գեղարվեստի ակադեմիանՙ 18, կինոյի եւ թատրոնի ինստիտուտըՙ 13,5:

«Արդեն մեկ ամիս մենք շանտաժի մթնոլորտում ենք աշխատում: Տարբեր բուհերի ղեկավարները եւ նրանց ածանցյալ ուսանողական խորհուրդները փորձում են իրենց բուհերը ներկայացնել որպես սրբատեղի, որտեղ որեւէ կեղծիք չկա, ոչ մի խնդիր գոյություն չունի, ամեն ինչ պարզ ու հստակ է: Այնքան մաքուր ու շիտակ, որ գուցե իրենց բուհերի դիմաց շուտով մոմ վառենք: Դրա վերջին կաթիլը եղավ բժշկական համալսարանից մեզ ուղարկված նամակը, որի բովանդակությունից դատելով կարելի է ասել, որ նրանք ոչ միայն չեն կարդացել սոցհարցումների մասին կրթության նախարարին ուղարկած մեր հաշվետվությունը, այլեւ դիտավորյալ փորձում են այն կեղծել», «Փաստարկ» ակումբում երեկ ասաց Նարեկ Գալստյանը:

Բացի Երեւանի պետական համալսարանից, ոչ մի բուհ չի ընդունել սոցհարցման արդյունքները, բողոքները չեն դադարել ու շարունակվում են առ այսօր: Ագրարայինի հետ երկարատեւ ու թեժ խոսակցություններից հետո խնդիրը կարծես թե արդեն հարթվել է:

«Բժշկականն առ այսօր պնդում է, թե մենք նախապես չենք զգուշացրել կոռուպցիայի վերաբերյալ հարցում անցկացնելու մասին: Նախՙ մենք պարտավոր չէինք նախօրոք ասել, սակայն զանգահարել ու ստացել ենք հետեւյալ պատասխանըՙ այդպիսի հարցում անցկացնելու իրավունք դուք չունեք: Հենց այդ պատճառով հարցումն անցկացրել ենք առանց իրենց իմացության: Կարծում եմ, ճիշտ ենք վարվել»: Բժշկականից առաջ միությունը նամակ է ստացել նաեւ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանության ինստիտուտից, որը սոցհարցման արդյունքները լիարժեք ու ամբողջական չի համարելՙ իր ուսանողներից ընդամենը 200 հոգու պատասխանի վրա հիմնված լինելու պատճառով: Բուհերի արձագանքներն այսքանով չեն ավարտվում, քանի որ հաշվետվությունը դեռեւս քննարկվում է եւ մոտակա ժամանակներում, անկասկած, նոր դժգոհություններ կլինեն:

«Ազգի» հարցին, թե բացի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից, որը վերջին ասուլիսում հայտարարեց, թե սոցհարցման արդյունքներից հետո իրենք կոռուպցիայի դեմ պայքար են սկսել ուսանողների օգնությամբ, ավելինՙ նրանց բողոքների հիման վրա ներկայումս քննվում է մի քանի դասախոսների համալսարանից հեռացնելու հարցը (դրանցից Արտեմ Հարությունյանը երեկվանից տեղափոխվել է վրաց գրականության ու լեզվի ամբիոն), արդյոք այդպիսի հայտարարություններ արե՞լ են մյուս բուհերի ռեկտորները: Նարեկ Գալստյանի ասելով, ռեկտորները միշտ խոսում են կոռումպացված դասախոսներին հեռացնելու մասին, բայց գործնականում ոչինչ չեն անում: Բժշկական համալսարանից իրենց հայտնել են, թե 10-15 դասախոս է հեռացվել համալսարանից: Նրանց ասածին կարելի էր հավատալ դասախոսներին կաշառակերության համար մեղադրող փաստաթղթերի առկայության դեպքում միայն:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4