Երիտասարդական մրցույթ
1992 թ. Հայաստանում գործում է Անգլերեն խոսողների միությունը: Բրիտանական կրթական այս կազմակերպությունը 1918 թվականից Լոնդոնում է սկսել իր գործունեությունըՙ Անգլիայի թագուհու հովանավորությամբ: Կազմակերպության նախագահների շարքում եղել են շատ նշանավոր անձեր, ի թիվս նրանց նաեւ Ուինսթոն Չերչիլը: Կազմակերպության նպատակն անգլերենի տարածումն էՙ որպես ժողովուրդների փոխըմբռնման միջոց. շուրջ 50 երկրներում ունի մասնաճյուղեր:
Արդեն 10 տարի Հայաստանի Անգլերեն խոսողների միությունը կազմակերպում է հրապարակային ելույթի հանրապետական մրցույթներ. նախապես հայտարարված թեմայի շրջանակներում մասնակիցները 5 րոպե տեւողությամբ ներկայացնում են ասելիքը: Անգլերենի իմացությանը զուգահեռ գնահատվում են հատկապես բանավոր խոսքի կուլտուրան, ներկայացվելու ձեւը, նյութի մտածողական որակն ու բովանդակային կողմը: Մրցույթն անցկացվում է 16-20 տարեկան երիտասարդների միջեւ: Այս տարվա մրցույթի թեման է «Դինամիկ աշխարհ», որ ենթադրում է զանազան բնույթի հրապարակախոսական ելույթներՙ վերաբերող էկոլոգիային, տնտեսությանը, շրջակա միջավայրին, մշակույթին, կրթությանը: Մրցույթին մասնակցության համար նախապես պետք է անդամագրվել Անգլերեն խոսողների միությանը: Մրցույթը տեղի կունենա ապրիլի 11-ինՙ ԱՕՔՍ-ի դահլիճում, որի հաղթողները կմասնակցեն Լոնդոնում կազմակերպվող միջազգային մրցույթին: Վերջին 5 տարիներին մրցույթները կազմակերպվում են Հայաստանում Բրիտանական խորհրդի հովանավորությամբ եւ համագործակցությամբ:
Այս առիթով երեկ Բրիտանական խորհրդում հրավիրված մամլո ասուլիսին Բրիտանական խորհրդի անգլերեն լեզվի ծրագրերի տնօրեն Մարկ Աշկրոֆտը նշեց, որ ծրագրի նպատակն անգլերենի սահմաններն ընդլայնելն է, որը հնարավորություն է տալիս տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներինՙ միմյանց հետ շփվելու եւ հաղորդակցվելու: Միության տնօրեն Նատալի Ջրյանը նկատեց, որ այս բնագավառում իրենց մենաշնորհը փաստորեն խոչընդոտում է ծրագրի հիմնական նպատակի իրագործմանըՙ զարգացնելու անգլերեն բանավոր, հրապարակային խոսքի, ազատ-համարձակ մտածողության մշակույթը (մի բան, որ մեր անգամ մտավորական շերտերում թեր զարգացած է): Ըստ տնօրենի, չնայած որ մրցույթը տարածում է գտնում, սակայն կրթական մակարդակը նկատելիորեն նվազել է, փոխվել են հետաքրքրությունները, նախասիրությունները: Մեր հպանցիկ դիտարկումներով, սակայն, վերջին տարիներին, հակառակըՙ անգլերենի հանդեպ հետաքրքրությունները մեծացել են, թեկուզ ուտիլիտար նպատակ-պահանջներով: Այս առումով Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրենը բավականաչափ տպավորված էր հայ երիտասարդների անգլերենի կատարյալ իմացությամբ ու պատրաստվածությամբ, եւ սա եղել էր նրա հայաստանյան առաջին տպավորությունը եւ ինչ-որ տեղ զարմանք հարուցել:
Մ. Բ.