Հայաստանում ինտերնետային կապի տարածումը խթանելու նպատակով կառավարությունը երեկ առաջարկել է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Ինչպես հայտնեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ Ժենյա Ազիզյանը, վարչապետին կից տեղեկատվական տեխնոլոգիաների խորհուրդը այս ոլորտի զարգացման խոչընդոտները հայտնաբերելու հանձնարարական էր տվել, որի արդյունքում էլ առաջարկվել էր վերոնշյալ փոփոխությունը: Համաձայն այդ փոփոխության, էապես նվազեցվում է էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար գանձվող պետական տուրքի չափը:
Երեւանում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում ինտերնետ մատակարարողները ներկայումս սահմանված տարեկան 3 մլն դրամի փոխարեն առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ էլեկտրոնային ցանցի շահագործման համար պետք է վճարեն 500 հազար դրամ:
Միայն Երեւանում ինտերնետ մատակարարողները տարեկան 2 մլն դրամի փոխարեն կվճարեն 300 հազար դրամ: Միայն մեկ մարզում (առանց Երեւանը ներառելու) գործող ինտերնետ պրովայդերները (մատակարարները) ներկայիս 500 հազար դրամի փոխարեն տարեկան կվճարեն ընդամենը 100 հազար դրամ:
Ժենյա Ազիզյանի հավաստմամբ, այս փոփոխություններն արվել ենՙ հաշվի առնելով նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների մոտեցումները եւ նպատակ ունեն խրախուսելու ինտերնետի տարածումը Հայաստանում, էլեկտրոնային հասարակության կայացումը եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացումը:
Անկասկած է, որ ինտերնետի տարածման առումով վերոնշյալ փոփոխություններն իսկապես լավ հնարավորություններ են ստեղծում Հայաստանում ինտերնետի տարածման համար: Սակայն կառավարության առաջարկած այս փոփոխությունները, ցավոք, շուտով կյանքի չեն կոչվի: Մինչ ձեւավորվի Ազգային Ժողովի նոր կազմը եւ կանդրադառնա այս օրինագծին, առնվազն ամիսներ կտեւի:
Ա. Մ.