«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2007-03-06 | #42, 2007-03-07 | #43, 2007-03-08


ՄԱՐՏԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

«Ալբեր եւ Թովե Բոյաջյան» ցուցասրահում գարնանային առաջին տոնի առիթով ներկայացված են ժամանակակից հայ նկարչուհիների մի շարք աշխատանքներ: Ընտրված են Լուսիկ Ագուլեցու, Լիլիթ Սողոմոնյանի, Ամալյա Վարդանյանի, Մոնի Հովսեփյանի, Մարինե Դիլանյանի, Արփի Վարդանյանի, Սոնա Բանոյանի, Մարիամ Պետրոսյանի, Թենի Վարդանյանի գործերից: Ոճական կամ թեմատիկ ընդհանրություններ չկան, «Հազար խաշխաշ ու գարնան օր ու ծիածան» խորագիրը կրող ցուցահանդեսում կանացի տարրը բացակայում է: Առհասարակ խմբակային ցուցադրություններում որեւէ նկարչի մտածողական ու գունազգացողական ամբողջականությունը ինչ-որ առումներով տուժում է, թեեւ ընդգծված անհատականության պարագայում դրանք ակնհայտ են:

Իհարկե, դժվար չէ տարբերակել Սեդա Բեքարյանի բաց-տարածական, մտածողական աշխարհը, Լուսիկ Ագուլեցու թանձր յուղաներկային վրձնահարվածներով գյուղաշխարհի քնարական լռությունը, կամ Թենի Վարդանյանի ներքին դիմանկարիՙ աղճատած ֆիգուրներով քաոսային աշխարհի պատկերները: Աչքառու են Մոնի Հովսեփյանի «Մեդիտացիաները» եւ Սոնա Բանոյանի ապակու միջոցով ներկայացրած գունագեղեցիկ «խաղը»: Խմբանկարում առանձնահատուկ երանգ ունի Լիլիթ Սողոմոնյանիՙ գծանկարային պարզությամբ, բայց ներքին խորքով պատկերները:

Ցուցահանդեսը կազմակերպել էր Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը: Ներկա էին Կարեն Աղամյանը, սոցապ նախարար Աղվան Վարդանյանը, Լիլիթ Գալստյանը եւ ուրիշներ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4