«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2007-03-07 | #43, 2007-03-08 | #44, 2007-03-10


ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԿՈՆԿՐԵՏ ԻՐԱՆԻ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ

Քանի դեռ Քոչարյանը ցանկանում է, Օսկանյանը կմնա նախարար

Ընդհանուր ներկայացնելով Հայաստան եւ Հայաստանից վերջին ժամանակների այցելությունները` երեկ հրավիրած ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրեց, որ շուտով կմեկնի Շվեյցարիա` երեք հիմնական նպատակով. մարդու իրավունքների հանձնաժողովում ելույթ, երկկողմ հանդիպումներ Շվեյցարիայի իշխանությունների հետ, նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հերթական հանդիպում: Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում տեղի կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցելությունը Հայաստան:

ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների առնչությամբ զեկույցում Հայաստանում իրավիճակը գնահատված էր ոչ բավարար: Զեկույցը մանրամասն ուսումնասիրվում է: Հայաստանի մասով նախնական մոտեցմամբ, զեկույցում նշված են դրական տեղաշարժերը, թերությունները, բայց, ըստ Օսկանյանի, կան փաստացի որոշ սխալներ էլ, որոնց կհրավիրվի ուշադրություն, կան որոշ սուբյեկտիվ պահեր: Խորհրդի հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը միջազգային հանրությանը կներկայացնի Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում զարգացումները, մեր խնդիրները, օրենսդրական դաշտի կատարելագործումը, ներառելով Լեռնային Ղարաբաղի հետ կապված մարդու իրավունքներին առնչվող հարցեր, Նախիջեւանում հայկական հուշարձանների հարցը, Թուրքիայի հետ առնչվածՙ Հրանտ Դինքի սպանության հարցը եւ այլն: Ի դեպ, շուտով կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելությունը տարածաշրջան եւ Նախիջեւան, կոնկրետ ժամկետներ չեն նշվում, բայց կայցելեն եւ իրենց գնահատականը կտան խաչքարերի եւ հայկական այլ հուշարձանների ոչնչացմանը:

Անդրադառնալով «սառեցված հակամարտությունների» ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) բանաձեւին, Վարդան Օսկանյանը ընդգծեց, որ մեր տարածաշրջանի եւ ԼՂ հարցում շահագրգիռ երկրների ընդհանուր վերաբերմունքն այդ բանաձեւին դրական չէ: «Բոլորը գտնում են, որ այդ բանաձեւը անհրաժեշտ չէ եւ լրացուցիչ բարդություններ կարող է առաջացնել ԼՂ հարցում: Ես փորձեցի ուղղակի ՄԱԿ-ի գլխավոր քատուղարին դրա բացասական հետեւանքները ներկայացնել եւ Հայաստանի հնարավոր դիրքորոշումը, եթե այդ բանաձեւը անցնի: Հիմնական մոտեցումն այն է, որ եթե ՎՈՒԱՄ երկրներն ուզում են այդ կոնֆլիկտները ներկայացնել առավել լայն շրջանակների` ՄԱԿ-ի անդամ երկրներին, դրա լավագույն ձեւը միգուցե քննարկում անցկացնելն է առանց բանաձեւի ընդունման, որովհետեւ այսօր կոնֆլիկտների գործընթացները այլ ձեւաչափերում են ընթանում, եւ տրամաբանական չէ, որ մեր դեպքում ԵԱՀԿ ձեւաչափում ընթացող գործընթացի մասին ՄԱԿ-ը բանաձեւ ընդունի: Առավել եւս, կոնֆլիկտները տարբերվում են իրենց բնույթով, պատմությամբ, իրականությամբ», պարզաբանեց նախարարը:

Օրերս ԱՄՆ-ում պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ հանդիպմանը քննարկվել է հայ-թուրքական սահմանի բացման հարցը, որը բացելու ԱՄՆ ցանկությունն, ըստ Օսկանյանի, անկեղծ է եւ ԱՄՆ-ը շարունակելու է այդ քաղաքականությունը: Ռայսի հետ մանրամասն չի քննարկվել ԼՂ հարցը, քանի որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Վերջինի հետ Օսկանյանը Ռայսի հետ հանդիպումից հետո զրուցել է ավելի մանրամասն` քննարկելով Ժնեւում կայանալիք Օսկանյան-Մամեդյարով հանդիպման օրակարգը: Եվ քանի որ այս օրերին տարածաշրջանում նույն թեմայով քննարկում է ունենում նաեւ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ապա Օսկանյանը կարծիք հայտնեց, թե «նախապատրաստական աշխատանքն արված է ժնեւյան հանդիպման համար եւ եթե լուրջ բարդություններ չառաջանան ադրբեջանական կողմից, հիմքեր կան, որպեսզի հանդիպումն ունենա դրական արդյունքներ»: Ընդ որում, համանախագահների մոտ ցանկություն կա, որ խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունենա հնարավոր կարճ ժամկետում նաեւ նախագահների հանդիպում:

«Ազգի» հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկվել է Իրանի շուրջը ստեղծված իրավիճակը, Օսկանյանը պատասխանեց, որ կոնկրետ Իրանի հարցը չի քննարկվել, քննարկվել են տարածաշրջանային հարցեր: Ինչ վերաբերում է «Ազգի» այն հարցին, թե ադրբեջանական կողմի հայտարարությունների ֆոնին ստացվող տպավորությամբ, Հայաստանը գնում է փոխզիջման առանց Ադրբեջանի կողմից զիջումների, Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ կա փաստաթուղթ, որի շուրջը բանակցություններն են ընթանում: «Այդ փաստաթուղթը սեւը սպիտակի վրա արտահայտում է այսօր կողմերի մոտեցումները, որովհետեւ այդ փաստաթուղթը ծնվել է երկու տարվա աշխատանքի արդյունքում: Եվ այդ փաստաթղթում առկա կետերի մեծ մասը, կարելի է ասել, արժանացել է նախագահների հավանությանը: Ադրբեջանի արած հայտարարութունները ոչ միշտ են արտահայտում այդ փաստաթղթի բովանդակությունը: Այն, ինչ ասում ենք մենք, ամբողջությամբ համապատասխանում է փաստաթղթի եւ ոգուն, եւ տառին: Դրա համար էլ մեր հայտարարություններն ընկալվում են ավելի կոմպրոմիսային, Ադրբեջանինը` ավելի ծայրահեղական: Բայց ասեմ, որ նրանց այդ հայտարարությունները չեն համապատասխանում առկա փաստաթղթին: Ես հավատում եմ փաստաթղթին, եւ մենք առաջնորդվելու ենք այդ փաստաթղթով եւ բանակցությունների արդյունքներով»: Ի դեպ, նախարարի հավաստմամբ, այդ փաստաթղթին ծանոթ է նաեւ ղարաբաղյան կողմը:

Ինչ վերաբերում է արտգործնախարարի քաղաքական հետագա կենսագրությանը, ապա Օսկանյանը չի ընդգրկվել որեւէ համամասնական ցուցակում: Որեւէ քաղաքական կուսակցության ցուցակում լինելը, եթե հետո նպատակ չունես խորհրդարան գնալ ու աշխատել, ինքնանպատակ է: «Այդպիսի ցանկություն չի եղել, առավել եւս, առաջարկ չի եղել: Այնքան ժամանակ, որ հանրապետության նախագահը կուզենա մինչեւ իր նախագահության ավարտը ես շարունակեմ աշխատել, կշարունակեմ, իսկ ընտրություններից հետո ինչպիսին կլինի իմ գործունեությունը` ժամանակը կթելադրի»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4