«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2007-03-07 | #43, 2007-03-08 | #44, 2007-03-10


«ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆ» ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԸ 50 ՀԱԶԱՐ ՄԱՐԴՈՒ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼ

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ նախաձեռնող խմբի մյուս անդամները, հավանաբար չհավանելով լրագրողների դիտարկումներն ու հարցերը հանրահավաքին քիչ մարդկանց մասնակցության վերաբերյալ, երեկվա հավաքում էլ անընդմեջ նշում էին, որ ոչ միայն մասնակիցների փոքր քանակը կարեւոր չէ, այլեւ ակնկալում էին, որ իրենց համակիրների քանակը դեռ կավելանա: Երեկ Մատենադարանի առջեւ, խոստման համաձայն, կրկին հավաքվել էին «Այլընտրանքի» նախաձեռնողներն ու հավաքի մասնակիցները, որոնց թիվը շատ էլ չէր գերազանցում մարտի 2-ին կայացած նույն նախաձեռնության հավաքի մասնակիցների քանակը` մինչեւ 500 մասնակից: Մինչդեռ նախորդ անգամ էլ Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթը հանրահավաքին անդրադառնալիս գրել էր, որ «տարբեր գնահատականներով նախաձեռնության հերթական հանրահավաքին մասնակցել է 3-4 հազար մարդ»:

Այս անգամ հավաքի մասնակիցները ավելի ոգեւորված էին: Գրեթե բոլոր ելույթներն ուղեկցվում էին ծափերով եւ մասնակիցների գոհունակության արտահայտություններով: «Հավատում եմ, որ մի օր իշխանափոխություն կլինի: Եթե չհավատայի, չէի գա», իր ակնկալիքի մասին խոսեց հավաքի մասնակից Ջոն Հարությունյանը: Իսկ մեկ այլ մասնակից էլ` Վարազդատ Հարությունյանն ընդգծեց. «Հույս ունենք, որ արդարությունը պետք է հաղթանակի: Էդ հույսով ենք եկել, ամեն բանով կաջակցենք: Կարեւորը, որ ժողովուրդը պատրաստ է»: Իհարկե, մասնակիցների մեջ քիչ չէին նաեւ մարդիկ, ովքեր պարզապես կարոտ են փոփոխության եւ այս իշխանությունների հեռացմանը: Մի կին, որն իր ընկերուհու հետ առաջին շարքերում էր կանգնած եւ չցանկացավ ներկայանալ, ասաց. «Ես գալիս եմ, որովհետեւ դեմ եմ Քոչարյանին: Ինձ համար մեկ է` ով կլինի` «Այլընտրանքը», թե ուրիշ մեկը»:

Իշխանությունը փոխելու, երկրում արդարություն հաստատելու մասին խոսքեր եւ ներկա իշխանությունների հասցեին տարատեսակ մեղադրանքներ հնչեցին նաեւ հասարակական-քաղաքական նախաձեռնության այս հանրահավաքին: «Այլընտրանքի» նախաձեռնող խմբի անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը իր ելույթում մեկ անգամ էլ հիշեցրեց, որ ուժի մեջ է Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ ստանալու իրենց պահանջը: Հետո էլ նա հավաքվածներին վստահեցրեց, որ Մատենադարանի տարածքում ծածանվող դրոշների տակ իրենք իրականացնելու են իմփիչմենտ:

«Հաստիքային» ընդդիմության մասին մի երկու խոսք ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը` նշելով, որ իրենց կուսակցության համար մանդատը միջոց է այս իշխանություններին հեռացնելու համար, իսկ եթե որոշները մանդատները դարձրին նպատակ, ուրեմն, նրա կարծիքով, տեղավորվեցին իշխանությունների ծրագրերի մեջ: Հայ կանանց պայքարի ելնելու կոչ արեց նախաձեռնության համակիր Սուսաննա Թովմասյանը` Վանաձորից. «Կանգնենք, պաշտպանենք մեզ, մեր երեխաներին»:

Նիկոլ Փաշինյանը մինչ ելույթը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեկ ամիս անց իրենք հիշյալ հրապարակում կունենան այնքան մարդ, որ հարցեր չի առաջացնի: Հավաքի մասնակիցներն այս անգամ էլ ակնհայտորեն աշխուժացան Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ: Նա վստահեցրեց, որ մինչեւ ապրիլի վերջ նույն վայրում կկանգնի 50 հազար մարդ ու եթե նրանցից մեկն էլ մեկ հոգու բերի, կապահովվի 100 հազար մարդու մասնակցությունը:

Նախաձեռնության հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին, ժամը 17-ին, Մատենադարանի առջեւ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4