Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնած մարզային լրատվամիջոցների ուսումնասիրման ծրագրի հերթական կանգառը Շիրակի մարզն էր: Հիշեցնենք, որ Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության հիմնադրամի եւ Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրում ընդգրկվել են Լոռու, Սյունիքի եւ Շիրակի մարզերի զանգվածային լրատվական միջոցները (ԶԼՄ):
Աշխուժություն Շիրակի մարզային ԶԼՄ-ներում
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի լրատվամիջոցները բավական ակտիվ են: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի համոզմամբ, Գյումրու լրատվամիջոցները Հայաստանի մարզային ԶԼՄ-ների մեջ ամենազարգացածն են: Մարզում զանգվածային լրատվամիջոցների երեք տեսակներից էլ կան (հեռուստատեսություն, ռադիո եւ թերթ): Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, եւ այստեղ լրատվամիջոցների ղեկավարներն ու աշխատակիցները առանձնապես չեն դժգոհում իրադարձությունների պակասից, իսկ խոսքի ազատության ու տեղեկատվություն ձեռք բերելու հարցն էլ շատ դեպքերում անհատական լուծում է ստանում: Աշխատանքային հարմարություններով մարզի լրատվամիջոցներն առանձնապես չեն զիջում մայրաքաղաքայիններին, բայց երկու դեպքում էլ դիմագրաված խնդիրների ընդհանրություն կա, մասնավորապես ազատ խոսքի, բազմակարծության եւ մասնագիտական մակարդակի իմաստով:
Ծրագրի ղեկավար Աշոտ Մելիքյանը, որ իր գործընկերոջ` Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի հետ մարզի լրատվամիջոցների մոնիտորինգ է անցկացրել, նշեց. «Հեռուստաընկերությունների միջեւ լուրջ մրցակցություն է նկատվում եւ գուցե դա է պատճառը, որ ընդհանուր առմամբ մարզի հասարակական, քաղաքական կյանքը, սոցիալ-տնտեսական հարցերը բավական լավ են լուսաբանվում: Սակայն, ինչպես ցույց են տալիս 1 շաբաթվա ընթացքում կատարած մոնիտորինգի նախնական արդյունքները, այդ հեռուստաընկերությունների գործունեությունում էլ առկա են այն խնդիրները, որոնք բնորոշ են երեւանյան հեռուստաընկերություններին: Մասնավորապես ակնհայտ է բազմակարծության եւ պրոֆեսիոնալիզմի անբավարարությունը»:
ԶԼՄ-ների երեք տեսակներն էլ կան Շիրակում
Շիրակի մարզում հեռարձակվում են 4 հեռուստաընկերություններ (ՀԸ)` «Գալա» (նշանակում է Գյումրու անկախ լրատվական ալիք), «Ցայգ», «Շանթ-Գյումրի» եւ «Շիրակ հանրային հեռուստառադիո» ՓԲԸ, որը հանրային հեռուստառադիոընկերության վեց բաժիններից մեկն է: Հեռարձակվում են նաեւ տեղական ռադիոներ` «Շանթ», «Ռադիո Շիրակ», «Ցայգ» եւ «Ռադիո հայ Գյումրին»: Տպագիր լրատվամիջոցների դաշտը լրացնում են 3 շաբաթաթերթերը` երկարամյա «Կումայրին», 2,5-ամյա «Շրջապատը» եւ 10-ամյա «Հինգշաբթին», որոնք տարածվում եւ սպառվում են մարզումՙ հայ մամուլի, հայփոստի եւ շրջիկ լրագրավաճառների միջոցով: Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի ներկայացմամբ, Շիրակում առնվազն 5 հավանական ռադիոհեռարձակողներ կան, սակայն պետությունը հակված չէ հեռարձակողների քանակն ավելացնելու եւ ազատ ռադիոհաճախությունների մրցույթ չի հայտարարում:
Հեռուստաընկերությունները լրջորեն մրցակցում են
Շիրակի մարզում հեռարձակվող ՀԸ-ների մեջ կան ե՛ւ նորաստեղծները, ե՛ւ ավելի վաղ հիմնադրվածները, սակայն բոլորի միջեւ էլ լուրջ մրցակցություն է ընթանում: Ամենաշուտը հիմնադրվել է «Ցայգ» ՀԸ-նՙ 1991 թ. եւ հեռարձակվում է մետրային ու դեցիմետրային ալիքներով: Օրական 5 անգամ հեռուստաընկերության եթերում մինչեւ 30 րոպեանոց լրատվական ծրագիր «Ազդարարն» է, որը, տնօրեն Մարգարիտա Մինասյանի խոսքով, անդրադառնում է թե՛ մարզի եւ թե՛ հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային հարցերին, միջազգային լրահոսին: «Նոյեմի պրոդաքշըն» ստուդիայի հենքի վրա 2005 թ. ձեւավորվել է «Գալա» ՀԸ-ն, որն օրական 3 անգամ հեռարձակում է «Գալանյուզ» լրատվական ծրագիրըՙ մինչեւ 35 րոպե տեւողությամբ: ՀԸ կոմերցիոն տնօրեն եւ փոխտնօրեն Կարինե Հարությունյանը «Ազգ»-ի հետ զրուցում ներկայացրեց իրենց պատրաստած վերլուծական, լրատվական-տեղեկատվական զանազան հաղորդումները, «Գալանյուզի» հավելվածը, որի ժամանակ ուղիղ եթերում քննարկվում են արդիական թեմաներ, շաբաթօրյա «Դեմ առ դեմ» վերլուծական ծրագիրը, «Շաբաթն անց» հեղինակային վերլուծական հաղորդումը եւ այլն: Կարինե Հարությունյանի խոսքով, լրատվական բնույթի այդ բոլոր հաղորդումներում իրենք նույնպես անդրադառնում են տարատեսակ խնդիրների, ներկայացնում իրադարձային եւ հեղինակային նյութեր:
1993 թ.-ից եթերում է նաեւ «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունըՙ օրական 4-ժամյա եթերաժամով: Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արթուր Ղանդիլյանն ավելի հակված էր խոսելու 24-ժամյա եթեր ունեցող նույնանուն ռադիոյի մասին, բայց այնուամենայնիվ նշեց, որ իրենք էլ ունեն լրատվական ծրագիր, որի շրջանակներում ներկայացվում են իրադարձային, հեղինակային, դիմանկարային եւ այլ ռեպորտաժներ:
Երեք ՀԸ-ներն էլ հրաժարվել են նախընտրական քարոզարշավի սակագներ հայտարարելուց` միաժամանակ հավաստիացնելով, որ իրենք քաղաքական ուժերին անդրադառնալու են իրենց հաղորդումների եւ ծրագրերի շրջանակներում:
Ի դեպ, «Շանթ-Գյումրի» ՀԸ-ին մենք չենք անդրադառնում, որովհետեւ չենք դիտարկել որպես մարզային լրատվամիջոցՙ հաշվի առնելով, որ սփռվում է նաեւ այլ վայրերում, այդ թվումՙ Երեւանում:
Թերթերը կանոնավոր տպագրվում են
Շիրակի մարզում հիմնականում տպագրվում են երեք շաբաթաթերթերՙ 1400 տպաքանակով «Կումայրին», «Շրջապատը»ՙ մինչեւ 4000 եւ «Հինգշաբթին»ՙ 5000 տպաքանակներով: «Կումայրիի» գլխավոր խմբագիր Աղասի Աբրահամյանը «Ազգի» հետ զրույցում չդժգոհեց տեղեկատվություն ստանալու դժվարությունից, բայց նաեւ ավելացրեց. «Տեղեկություն տրամադրելը մի բան է, ճիշտ տեղեկություն տրամադրելըՙ այլ բան: Չնայած շատ դեպքեր կան, որ տրված տեղեկությունը ստուգելի չէ»: Թերթի հրապարակումների վերաբերյալ սպառնալիքներ չի հիշում, փոխարենըՙ «Չեն սպառնացել, բայց գաղտնի մի բան արել ենՙ օրինակ հրաժարվել են բաժանորդագրումից», ասաց խմբագիրը: Մյուս երկու թերթերում, այսպես ասած, «լրագրողական նյութերի» կողքին գերակշռում են ժամանցային նյութերը: «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր-տնօրեն Եպրաքսյա Մեխակյանը նշեց, որ իրենք էլ են անդրադառնում մտահոգիչ խնդիրների, բայց նաեւ ընթերցողի գրավելու խնդիր ունեն, որը լուծում են տարատեսակ ժամանցային եւ զվարճալի հրապարակումներ տպագրելով: Տեղեկատվության մատչելիության վերաբերյալ տնօրենն ընդգծեց, որ ինֆորմացիա ստանալու դժվարություններ ունեն ոստիկանությունից, ջրմուղից, էլցանցից եւ «Արմենտելից»: Դժգոհություններն էլ հիմնադիր-տնօրենը նորմալ է ընդունում. «Եթե դժգոհություններ չլինեն, ուրեմն ես ոչինչ չեմ արել»:
Տեղեկատվության ձեռքբերման հարցն ու լրագրողների աշխատանքի անարդյունավետությունը
Մեր հանդիպած բոլոր լրատվամիջոցների աշխատակիցներն ու ղեկավարները մեզ հետ զրույցում մատնանշում էին որոշ գերատեսչություններ, որտեղից տեղեկություն ստանալը դժվար է: «Ցայգ»-ի տնօրեն Մարգարիտա Մինասյանը նշեց, որ նույնիսկ իրենց ՀԸ-ն փակելու փորձեր են եղել, «բայց դա անցել ենք»: Նա չմեղադրեց քաղաքային կամ մարզային իշխանություններին տեղեկություն չտրամադրելու մեջ` դա բացատրելով իրենց չեզոք աշխատաոճով: «Շիրակ» ՀԸ-ի տնօրենն էլ դժվարացավ հիշել դեպքեր, երբ իրենց մերժել են ինֆորմացիա տրամադրել: Սա թերեւս հասկանալի է, քանի որ հիշյալ ՀԸ-ն հանրային ՀԸ-ի բաժիններից մեկն է: «Գալա»-ի կոմերցիոն տնօրեն Կարինե Հարությունյանը ընդգծեց, որ որոշ նյութերից հետո զանգում-սպառնում են, «բայց ոչինչ, գոնե զգոն են: Մենք անգամ պաշտոնյաների էթիկայի մասին ենք նյութեր տվել»: Կոմերցիոն տնօրենը համոզված է, որ հետեւողական լինելու դեպքում թեկուզ երկար-բարակ քաշքշուկների մեջ ընկնելով, բայց այնուամենայնիվ տեղեկություն ստանալ հնարավոր է: Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա «չճնշվողներին չեն ճնշում»:
Ուշագրավ էր «Գալա» ՀԸ-ի լրագրողների տեսակետներն իրենց աշխատանքի վերաբերյալ: Լուրերի խմբագիր Էդուարդ Մխիթարյանը լրագրողների հիմնական խնդիրն է համարում բարդույթավորված պաշտոնյաներ ունենալը, իսկ հանրապետական իշխանություններին մեղադրում է, որ մարզում այնպիսի պաշտոնյաների են նշանակում, ովքեր ընդունելի չեն մարզի բնակչության համար: Բացի այդ, «չինովնիկները վախենում են առանց Երեւանի ինչ-որ բան ասել»: «Շիրակի մարզը մանր խնդիրներով կղզիացող մարզ է, բայց ունի խոշոր խնդիրներ, որոնց մեղավորը հանրապետական իշխանություններն են», վրա է բերում լուրերի հավելվածի եւ թոք-շոուի հաղորդավար Աշոտ Մնացականյանն ու փաստում, որ նշանակովի պաշտոնյաները խնդիրներ չեն բարձրացնում, որովհետեւ վախենում են կորցնել աշխատանքը: Նա ցավով նշեց, որ գրեթե բոլոր գերատեսչություններից էլ դժվար է տեղեկատվություն ստանալը, «շատ հաճախ հարցերը հնանում են, բայց դեռ պատասխանները չկան»: «Շաբաթն անց» կիրակնօրյա վերլուծական հաղորդման հեղինակ Դերենիկ Մալխասյանն էլ այս ամենում մտահոգիչ է համարում լրագրողի դերի անկումը. «Լրատվամիջոցներով կոնկրետ խնդիր է բարձրացվում եւ դրան ընթացք չեն տալիս, որի պատճառով մեր դերն արժեզրկվում է: Բացի այդ, ԶԼՄ-ների միջեւ համերաշխություն չկա, որ միասին հասնեն հիմնախնդրի լուծմանը»:
«ՀԸ-ների որակը համանման է»
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը կարծում է, որ մարզի հեռուստաընկերությունների որակը համանման է, շատ աչքի ընկնող հաջողություններով կամ անհաջողություններով նրանք իրարից չեն տարբերվում: «ՀԸ-ները փորձում են բոլոր մակարդակի խնդիրները լուսաբանել, կաղում են քաղաքական տեղեկատվության վերլուծությունից եւ բազմակարծության ապահովումից: Կա նաեւ հանրապետական իշխանությունների քննադատություն, բայց ցանկալիից պակաս, թեեւ այդ իմաստով մեր ՀԸ-ներն ավելի ազատ են, քան հանրապետական ՀԸ-ները: Մամուլը նույնպես փորձում է անդրադառնալ բոլոր խնդիրներին», ասաց ակումբի խորհրդի նախագահը: Ինչ վերաբերում է տեղեկատվության մատչելիությանը, ապա նա համոզված է, որ Խորհրդային Միության փակ ինֆորմացիայի սովորույթները դեռ կան, բայց լրագրողները փորձում են դժվարությամբ եւ շատ մեծ ծուլությամբ ջարդել տեղեկատվության, ազատ խոսքի պատը: Լեւոն Բարսեղյանը նաեւ նկատեց, որ հեռուստաեթերի 80 տոկոսը իրադարձային նյութեր են, հեռուստաինդուստրիայում իշխում են ռեպորտաժները, լրագրողները բավարարվում են մակերեսային տեղեկատվությամբ եւ լուրջ լրագրողական հետազոտությունները քիչ են լինում:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Գյումրի-Երեւան