«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2007-03-08 | #44, 2007-03-10 | #45, 2007-03-13


ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՙ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՕՐՎԱՆԻ՞Ց

Ֆասիեն ԼՂ նախագահի հետ քննարկել է փախստականների վերադարձի հարցը

ԱՂԱՎՆի ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆ

«Թանկագին բարեկամներ, բարեւ ձեզ», այսքանը հայերենով եւ, ըստ էության, միակ կոնկրետությամբ արված հայտարարությամբ երեկ հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպումը սկսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նախապես ֆրանսիացի դիվանագետը ներկայացրեց, որ մարտի 7-ին Երեւան, մարտի 8-9-ին Բաքու, ապա երեկ Երեւան այցելության միայնակ հեղինակումը լիազորված է Մինսկի խմբի երեք համանախագահների անունից: Հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ խորհրդակցություններին կհետեւի Ժնեւում մարտի 14-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի նախապատրաստումն էլ այցելության հիմնական առաքելությունն էր մի հավելմամբ, որ արեց Բեռնար Ֆասիեն: Ըստ այդմ, «առաքելության նպատակն էր պատրաստել Ժնեւը եւ հաջորդ փուլը»: Այս առնչությամբ ֆրանսիացի դիվանագետը նշեց, որ դեռեւս կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց ժնեւյան հանդիպման հաջող ընթացքի եւ կարգավորմանն ուղղված հիմնարար սկզբունքների պաշտոնականացման դեպքում ամփոփիչ արդյունքները հնարավոր կլինի ներկայացնել երկու երկրների նախագահների ուշադրությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո: Հետաքրքրական է, որ համանախագահներին ժնեւյան հանդիպումը նախապատրաստելուն մղել են, ըստ Ֆասիեի, «վերջին ժամանակներս մթնոլորտի քիչ վատացումը երկուստեք արված հայտարարություններից»:

Ամեն դեպքում, Բեռնար Ֆասիեն հայտարարեց, թե Բաքվում եւ Երեւանում ունեցած հանդիպումները նախագահների եւ ԱԳ նախարարների հետ եղել են բավականին օգտակար, շիտակ եւ ուղիղ խոսակցություններ են ունեցել` կառուցողական մոտեցմամբ: Չնայած այս գնահատականներին, ժնեւյան հանդիպման կանխատեսումների առնչությամբ ֆրանսիացի համանախագահը նշեց. «Ոչնչում մինչեւ վերջ վստահ լինել չես կարող»:

ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախկին խորհրդային տարածքում «սառեցված հակամարտությունների» ընդհանրական մոտեցման նախաձեռնության ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հավանական քննարկման առնչությամբ, սեփական խոսքերով, Ֆասիեն կրկնեց Բաքվում ասածը, այսինքն` յուրաքանչյուր հակամարտություն ունի իր տրամաբանությունը, առանձնահատկությունները եւ պիտի առանձին գնահատվի` ելնելով ոչ միայն առանձնահատկություններից, այլեւ այդ հարցի լուծման ընտրված ձեւաչափից: Ֆասիեն ներկայացրեց Կոսովոյի եւ Ղարաբաղի հարցերի մի շարք տարբերություններ: Մասնավորապես, ֆրանսիացի համանախագահի մոտեցմամբ, Կոսովոն հակամարտություն է երկրի ներսում` միջազգային հանրության մեծ հանձնառությամբ եւ միջազգային ռազմական ներկայությամբ: Նման ոչինչ գոյություն չունի Ղարաբաղում: Ամեն դեպքում, ֆրանսիացի համանախագահը հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջերս հրապարակած հայտարարությունը, որում նշվում էրՙ ՎՈՒԱՄ նախաձեռնության նման քայլերը «չեն հեշտացնում բանակցային գործընթացը»:

Վերջին օրերին ադրբեջանական մամուլը լիքն էր այն հաղորդագրություններով, որոնց համաձայն Բաքվում Ֆասիեն մեծապես քննարկել էր ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը: Երեկ Երեւանում ֆրանսիացի համանախագահը ուղղակիորեն հայտարարեց, որ այդ հարցը քննարկվում է, սակայն այն չպետք է քաղաքականացվի կամ դառնա քարոզչության թեմա: Թերեւս այս առումով Ֆասիեն այդ մասին շեշտադրում պիտի աներ Բաքվում, հատկապես, որ ֆրանսիացի դիվանագետը այդպես էլ հստակ պատասխան չտվեց, թե արդյոք քննարկվո՞ւմ է հայ փախստականների վերադարձի հարցը:

Ֆասիեն, ի թիվս այլ հարցերի, անպատասխան թողեց նաեւ «Ազգին» հետաքրքրող հարցադրումը, մասնավորապես, օրերս Բաքվում ադրբեջանական եւ թուրքական «սփյուռքի» ներկայացուցիչների համաժողովում Ալիեւի կատարած հայտարարությունների մասին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է փոխի իր վարած քաղաքականությունը եւ հրաժարվի Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ չհիմնավորված պահանջներից, այլապես Հայաստանի ապագան կարող է դրվել հարցականի տակ: Այս կապակցությամբ Ֆասիեն ավելի նպատակահարմար գտավ հայտնելու, թե տեղյակ չէ այդ հայտարարությանը եւ այդ մասին կխոսի ավելի ուշ` տեղեկանալուց հետո:

Ինչեւէ, հայ լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն Բեռնար Ֆասիեն բավականին երկարաշունչ, թերեւս ոչ տեղին մանրակրկիտությամբ անդրադարձ կատարեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերին, հիշեց Բալկաններն ու նշեց Միջին Արեւելքի մասին: Բայց թե կոնկրետ ղարաբաղյան հակամարտության կտրվածքով ինչ մոտեցում է ցուցաբերվում փախստականների եւ բռնի տեղահանվածների հարցին, Ֆասիեն չմանրամասնեց ճիշտ այնպես, ինչպես չպարզաբանեց, թե ինչ ասել է Ղարաբաղի մասնակցություն բանակցություններին` կարգավիճակի մասին խոսք գնալու օրվանից: Սա ի՞նչ է նշանակում. դեռեւս չի քննարկվում կարգավիճակի հարց, թե՞ Ֆասիեն այլ բան էր ցանկանում ասել կամ էլ այլ բան թարգմանվեց ասուլիսի ընթացքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4