Մարտի 2-ից բաց էր «Ազգի» կայքէջի մարտի 8-ի շնորհավորանքների սրահը, որի միջոցով մեր բոլոր ընթերցողները, համակիրները եւ առհասարակ բոլոր ցանկացողները կարող էին շնորհավորել իրենց կանանց, մայրերին, ընկերուհիներին, աղջիկներին` գարնանային ամենաջերմ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ: Մեկ շաբաթվա ընթացքում մեր կայքէջի միջոցով իրենց սիրելի կանանց եւ աղջիկներին, մայրերին ու քույրերին շնորհավորել են մեր հայրենակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Բրյուսելից, Մոսկվայից, Կանադայից, Լոնդոնից, Բելգիայից, Գլենդեյլից:
Համայն աշխարհի մայրերին Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել է նաեւ Սոնա Արշունեցին Բրյուսելից` ցանկանալով առողջություն, երջանկություն եւ մեծ սեր: «Չոր անապատն էլ թող դառնա մայրիկ, իմանա որդուց ինչ կա քաղցրիկ», իր մաղթանքում գրել է Արշունեցին: Բելգիայից Համո Արմավիրցին շնորհավորելով կանանց եւ մայրերին` գրել է. «Գեղեցիկը շատ է աշխարհում, բայց ոչ մի գեղեցկություն չի կարելի համեմատել կանացի գեղեցկության հետ: Շնորհակալ լինենք Աստծուն, որ Դուք կաք»: Մանկական, կենսաբանության, բնության, կենդանիների ու քրիստոնեության թեմաներով հաղորդումների բացակայությամբ մտահոգված Սիլվան Բելգիայից մաղթել է. «Թող ամեն կին արժանի լինի ծնելու եւ մայր լինելու»: Շնորհավորելով մայրերին Նունե Ասրյանն էլ մեջբերել է Նժդեհի խոսքերը. «Մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը»:
Ինչպես խոստացել էինք, լավագույն շնորհավորանքների եւ մաղթանքների հեղինակները ստանում են «Ազգի» գրադարանի հետաքրքրական հրատարակություններից: Մեր թերթի գրադարանի հրատարակությունները ստանալուն են արժանանում Սոնա Արշունեցին (Բրյուսել), Ժանետա Հակոբյանը (Կանադա) եւ Սիլվան (Բելգիա), ովքեր կարող են իրենց նվերները ստանալ Հանրապետության 47 հասցեում գտնվող «Ազգի» խմբագրատնից:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ