«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2007-03-10 | #45, 2007-03-13 | #46, 2007-03-14


ՀԱՅ ԳԻՐՔԸ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Մոսկվայի գարնանային ամենամյա ցուցահանդեսում

Գրահրատարակչական մշակույթը Հայաստանում որոշակի առաջընթաց է արձանագրում, թվային արտահայտությամբ խորհրդային եւ հետխորհրդային տարիների համեմատությունը մոտավոր այսպիսի մի պատկեր է ներկայացնում. Հայաստանում գործել են 6 գլխավոր հրատարակչություն, այսօր Հրատարակիչների ազգային ասոցիացիային անդամագրված է 200 հրատարակչություն, 6 տպարանի փոխարեն այսօր գործում են մոտ 160-ը, մինչդեռ նախկինում շուրջ 160 գրախանութներից այսօր հազիվ 16 նորմալ գրախանութ կա: Ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանը այս թվերին ավելացնում է եւս մեկըՙ այսօր շուրջ 1500 անուն գիրք է տարեկան լույս ընծայվում: Դրանց քանակական աճը ցավոք ի վնաս բովանդակայինի է: Հրատարակվող գրքերի 90 տոկոսը պատվիրատուի ճաշակով ուղղված է շուկայի պահանջի բավարարմանը, որը հիմնականում տեղեկատվական-մասնագիտական բնույթի գրականություն էՙ բառարաններ, ինքնուսույցներ, իրավաբանական-օրենսդրական, համակարգչային, ուսուցողական հրատարակություններ: Նկատելիորեն նվազել է գեղարվեստական գրականության նկատմամբ ընթերցողական հետաքրքրությունը: («Բայց մարդը չի կարող գիտակցական-իմացական ներդաշնակության մեջ լինել, եթե նրա ուղեղը չի ընդունում գեղարվեստական մտածողություն եւ արվեստ»): Միջազգային գրքի ամենատարբեր ցուցահանդեսների մասնակցության փորձը եւ ուսումնասիրությունները ասոցիացիայի նախագահին բերել են այն համոզման, որ գրքի ընթերցանության ճգնաժամը համաշխարհային բնույթ է կրում եւ սա բացատրվում է արդի տեխնոլոգիաներիՙ մարդկային կեցության ոլորտներ ակտիվ ներխուժմամբ: Սակայն մարդու մտքի ներքին զարգացմանը ինտերնետային ընթերցանությունը չի կարող տալ այն, ինչ տպագիր գրքիՙ դարերով ձեւավորված հարուստ մշակույթը: Այդուհանդերձ, համաշխարհային գրականության թվայնացման գործընթացը, նրա տեղափոխումը վիրտուալ իրականություն, գոնե առայժմ չի ստվերում գրքի տպագրությունը: Եվ դարձյալ արդի տեխնոլոգիաներով պայմանավորված պոլիգրաֆիական արվեստն այսօր գեղագիտական նոր արժեք է ձեռք բերում: Հայաստանումՙ նույնպես:

Դարձյալ ռուսերենը իբրեւ միջնորդված լեզու

Գրքի միջազգային ցուցահանդեսներում, ըստ Վահան Խաչատրյանի, մեր գրքերը մրցունակ են արտաքին տեսքի, պոլիգրաֆիական կատարման տեսանկյունից: Սա արձանագրվել է ե՛ւ Ֆրանկֆուրտյան ամենամյա ցուցահանդեսներում, ե՛ւ անցյալ տարի Վաշինգտոնի Book-Expo-ում, ե՛ւ Սալոնիկի ու Ստամբուլի միջազգային գրքի ներկայացումներում: Երկար տարիներ հայ հրատարակիչները մասնակցություն չեն բերել մոսկովյան նմանատիպ ցուցահանդեսներին, միայն անցած տարվանից վերականգնվեց հայկական տաղավարի ավանդույթը: Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում բացված գրքի միջազգային ցուցահանդեսում հայկական տպագիր մշակույթը ներկայացված է առանձին տաղավարովՙ ԱՄՆ-ի եւ Բելառուսի միջեւ: Ներկայացված են ամենատարբեր բնույթի շուրջ 150 անուն գիրք: Նախորդ տարի մոսկովյան գրացուցահանդեսի մասնակցության առաջին փորձի հաջողությունը մեր հրատարակիչներին հայ գիրքը ռուսերենի միջոցով միջազգային հանրությանը ներկայացնելու հնարավորություն է խոստացել: «Ռուսաստանում տարեկան 100.000 անուն գիրք է տպագրվում, որը, սակայն, չի բավարարում գրքի ռուսական շուկան, նոր հեղինակների որոնման մեջ են հրատարակիչները: Ամենատարբերՙ գեղարվեստական, արվեստագիտական, քաղաքագիտական, մշակութաբանական գրքերի տպագրություն իրականացնելու պատրաստակամություն են հայտնում անգամ առանց գումարների եւ սաՙ ինչպես հայերի, նաեւ մեր հարեւանների հանդեպ: Չինգիզ Այթմատովին իբրեւ կուռքի են ընդունում: Առհասարակ այսօր աշխարհում ընդունված է դրսի հեղինակներին ներգրավել իրենց հրատարակչական գործում:

Մոսկվան մեզ համար բացում ենք 2-րդ անգամ: Անցած տարի հասկացանք, որ բիզնեսի համար սա լավագույն ճանապարհն է, ռուսերենով թարգմանված գրքի միջոցով ավելի արագ կարող ենք միջազգային ճանաչման հասնել:

Մենք ունենք կարեւոր մի խնդիրՙ 90 տոկոսով թարգմանողի դերում ենք, այսինքն ներկրողի, ոչ արտահանողի: Հայության համար կարեւորագույնՙ ցեղասպանության թեման եթե օտար լեզվով չներկայացվի, մնում է մեզ համար լոկ մե՛ր լացի դուդուկը: Մեր նպատակն է հայերեն գիրքը թարգմանաբար ներկայացնել աշխարհին, կամ գտնել հրատարակչություն, որ կցանկանա հայ գրողի, գիտնականի գրքերը թարգմանել»:

Ասոցիացիանՙ գրահրատարակչական դաշտի զարգացմանն ի նպաստ

Հայ հրատարակիչն անցավ նոր իրականության պարտադրած դժվարին փուլերովՙ կապված տեխնոլոգիայի, տպագրության, առեւտրի, ինտերնետային աշխարհի եւ այլ իրողությունների հետ:

Ասոցիացիան կազմակերպչական այս դաշտում նպաստաբեր պայմաններ ստեղծելու դեր ու նշանակություն ունի:

«Կարողացանք հրավիրել միջազգային երեք փորձագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Անգլիայից: Նպաստեցինք հեղինակային իրավունքի մասին Բեռլինի կոնվենցիայի ընդունմանը եւ մեր երկիրը միացավ դրանՙ պաշտպանելու ինչպես դրսի հեղինակների իրավունքները Հայաստանում, այնպես էլՙ մեր հեղինակներինըՙ արտերկրում: Ընդ որում, ավելի դժվար է դրսից հեղինակային իրավունքի մասնագետ բերել, քան հեղինակային իրավունք սովորեցնել: Կարողացանք մտցնել գրքի միջազգային ստանդարտի համարըՙ ISBN, աշխարհում ամեն գիրք ունի իր համարը, մի բան, որ մեր հրատարակիչների մեծ մասը չէր գիտակցում, իսկ այժմ դրանով կարողանում ենք ներկայանալ ու ճանաչվել: Արդեն լույս է տեսել «Գրքի տպագրություն եւ առեւտուր» հանդեսի 4-րդ համարը, հայերեն եւ ռուսերեն, որն ընդգրկում է տպագիր գրքերի բոլոր 15 պարամետրերըՙ վերնագիրը, հեղինակը, կազմը, գույնը, գինը, էջերի թիվը, ISBN-ը եւ այլն:

Հրատարակչական գործին, մասնավորապես տպագրության զարգացմանը մեծապես նպաստեց համաշխարհային հզոր մի կազմակերպության, պոլիգրաֆիական մեքենաների արտադրության եւ վաճառքիՙ «Հայդելբերգ» ֆիրմայի ներկայացուցիչներին Հայաստան հրավիրելը եւ սեմինարներին նրանց մասնակցությունը: Այսօր մեր տպարանների 35-40 տոկոսը վերազինված են պոլիգրաֆիական այդ սարքավորումներով»:

«Գրահրատարակչական գործի մասին» օրենքի վերաբերյալ

«Այս օրենքի նախագծի մեկնաբանություններ երբեւէ չեն եղել: Դաշտը ինքնակառավարվող է, ու չկա որեւէ մտահոգություն, մինչդեռ բազմաթիվ խնդիրներ չլուծված են, գեղարվեստական գրքի նկատմամբ ավելացված արժեքի հարկը փոխելու անհրաժեշտություն կա: Օրենքի մեջ անհեթեթ կետեր կան, ինչպես, օրինակՙ վաճառքի ժամանակ ԱԱՀ-ից ազատված են գիտական այն հրատարակությունները, որոնք գործում են ակադեմիայի համակարգում: Քաղաքագիտական, պատմագիտական, տնտեսագիտական արվեստաբանական կամ փիլիսոփայականՙ ակադեմիայի համակարգից դուրս որեւէ այլ հրատարակության վրա սա չի տարածվում, «Սարգիս Խաչենցը» կլինի, «Հայաստանը», թե մեկ ուրիշը:

Մշակված չէ գրքի գնագոյացման քաղաքականություն, որեւէ արձանագրված գին գոյություն չունի, կարծում եմՙ առնվազն 5 տարի հետո դրան կանդրադառնան»:

Մեր զրույցի ընթացքում Վահան Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց դպրոցական դասագրքերում օգտագործված տառատեսակներին: Բանն այն է, որ գոյություն ունեցող 200 տառատեսակների գործածումը սիրողական բնույթ է կրում. միջտառային, միջտողային «դաշտի» սխալ հաշվարկի պատճառով առաջանում են աչքի հիվանդություններ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աչքի մանկական հիվանդությունները կրկնապատկվել են: Առողջապահության նախարարության սանիտարական հիգիենայի եւ համաճարակաբանության ինստիտուտը ընդունել է նորմեր, շուտով կհաստատվի դպրոցական դասագրքերի տառատեսակների հիգիենայի մասին որոշումը, որից հետո արդեն կպարտադրվեն համապատասխան տառատեսակները:

Նպատակայի՞ն է արդյոք այն գրականությունը, որն այսօր ընդգրկված է պետպատվերի շրջանակներում

Այստեղ անշուշտ լուրջ վերապահում կա, ըստ Վահան Խաչատրյանի, պետպատվերային ծրագրի մեջ պետք է ընդգրկվեն առավելաբար ալբոմային պատկերագրքերը: Արդեն հրատարակված են Վ. Սուրենյանցի, Կոջոյանի, Սարյանի, Արշիլ Գորկու, նախատեսված են ալբոմներ նվիրված Այվազովսկուն, նաեւ Հայաստանի Հանրապետության անցած 15-ամյա ճանապարհի վավերագիր պատմությանը: «Աստիճանաբար ցուցահանդեսային գրականություն է ձեւավորվումՙ հոբելյանական գրքեր, շքեղ հրատարակություններ: Հայկական մանրանկարչությունը, մատենադարանային գրականությունը, ճարտարապետական հուշարձանները, գիտությունը, ինչու չէ արդյունաբերությունը եւս կարելի է ներկայացնել ալբոմային տեսքով. մեծ պահանջարկ կա արվեստագետներին, հատկապես կոմպոզիտորների պարտիտուրներին վերաբերող հրատարակությունների:

Վերջերս կառավարության որոշմամբ ստեղծված «Գիրք» հիմնադրամը եւս գտնում է, որ աշխարհին ներկայանալու ամենապատշաճ ու հարգելի ճանապարհը գիրքն է, ազգային մշակույթի արժեքները իմաստավորող հրատարակությունները»:

Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան հայ գիրքը աշխարհին ներկայացնելու նոր ուղիներ է որոնում, դրան նպաստում են նաեւ գրքի միջազգային ցուցահանդեսների մասնակցությունները, որ տեղի են ունենում աշխարհի շատ երկրներում, այդ թվում եւ մեր տարածաշրջանի: Ստամբուլը արդեն 25 տարվա նման փորձ ունի, Իրանը, Վրաստանըՙ նույնպես: Հայաստանում գրքի առաջին միջազգային ցուցահանդեսը նախատեսված է այս տարվա նոյեմբերինՙ շուրջ 30 երկրի մասնակցությամբ: Կարծում ենքՙ լավագույն առիթ է ընձեռվելու հայ հրատարակիչներին ու հեղինակներինՙ նոր հարաբերությունների ձեւավորման եւ գրքի շուկան ընդլայնելու:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4