Մարտի 2-4-ը Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը թեմի երկու հոգեւորականների եւ թեմական խորհրդի երեք անդամների ուղեկցությամբ այցելեց Հյուսիսային Իրաքի մի շարք քաղաքներ, ուր հանդիպումներ ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մարտի 2-ին Ավագ սրբազանը ժամանեց Էրբիլ քաղաք, ուր նրան միացան Քիրքուք, Մոսուլ, Զախո եւ Ավզրուգ քաղաքների հոգեւոր սպասավորները եւ ծխական խորհուրդների անդամները: Էրբիլ քաղաքի հայկական եկեղեցում հայ համայնքի մասնակցությամբ կատարվեցին Խաղաղական եւ Հանգստյան ժամերգություններ: Արարողությունից հետո տեղի ունեցավ հանդիպում Էրբիլի հայկական եկեղեցու անդամների հետ:
Մարտի 3-ի առավոտյան սրբազանն իր շքախմբով ուղեւորվեց Դուհոկ քաղաք, ուր տեղի ունեցավ տարածաշրջանային ժողովՙ մասնակցությամբ բոլոր հոգեւորականների եւ ծխական խորհրդի անդամների:
Մարտի 4-ին տեղի ունեցավ Դուհոկի նոր եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Ավագ սրբազանի ձեռամբ օծվեցին եկեղեցու տասնվեց վեմ քարերը` համաձայն Հայաստանյայց առաքելական եկեղեցու սուրբ ավանդության: Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Դուհոկի հայերը, ինչպես նաեւ քույր եկեղեցիների եպիսկոպոսներն ու հոգեւորականները:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ