Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների երեկ կազմակերպած հանդիպման հիմնական նպատակն այն էր, որ հեշտացվի հայ գործարարների մուտքը այլ երկրներ: Հանդես գալով բացման խոսքով, Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը նշեց, որ այն երկրների հետ, որոնց ներկայացուցիչները ներկա են հանդիպմանը, Հայաստանը ունի լավ հարաբերություններ, բայց դեռեւս կան լուծման կարիք ունեցող խնդիրներ:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը նախ ներկայացրեց միության գործունեությունը, հայտնելով, որ նրան անդամակցում են շուրջ 500 գործարարներ, որոնք վճարում են Հայաստանի բյուջեի մոտ 70 տոկոսը: Միության հիմնական խնդիրներից է Հայաստանից ապրանքների եւ ծառայությունների արտահանմանն աջակցելը: Արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների ձեռնարկությունները հագեցած են նոր տեխնոլոգիաներով, որոնց հզորությունների համար հայկական շուկան փոքր է: Հետեւաբար, նրանք պետք է գտնեն նոր շուկաներ եւ ընդլայնեն արդեն ունեցածները: Այդ նպատակով իրականացվող միջոցառումներից Արսեն Ղազարյանը մատնանշեց առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսները: Դրանցից յուրաքանչյուրին մասնակցելուց հետո համագործակցության 3-4 պայմանագիր է կնքվում: Մեր ընկերությունների համար արտահանումը զարգացնելու շուկաներ են, օրինակ, Եգիպտոսն ու Հունաստանը: ՀԱԳՄ նախագահի հավաստմամբ, Թուրքիայի հետ մեր ապրանքաշրջանառության ծավալները, չնայած թուրքական կողմի էմբարգոյին, մեծանում են: Այդուհանդերձ, Հայաստանի գործարարները խնդիրներ են ունենում այլ երկրներ այցելելիս:
Արսեն Ղազարյանը հայտնեց, որ շատ հաճախ հայկական ընկերությունը մասնակցում է արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսին, բայց նրա ղեկավարը չի կարողանում մեկնել այդ երկիր եւ իր գործարար շահը պաշտպանել: Նա միջոցառմանը ներկա դեսպանատների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց այս հանգամանքի վրա, առաջարկելով միության աջակցությունն այդ հարցում: ՀԱԳՄ նախագահը տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ մի կողմից Հայաստանը միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվում է որպես բիզնեսի եւ ներդրումների համար նպաստավոր պայմաններ ունեցող երկիր, մյուս կողմից հայ գործարարները դժվարություններ են ունենում այլ երկրներ մեկնելիս վիզաների հարցում: Նա կոչ արեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին տարբերակված մոտեցում ցուցաբերել ապօրինի միգրանտների եւ գործարարների միջեւ, վիրավորական համարելով այն փաստը, որ Հայաստանի գործարարները երկրից հնարավոր փախչողի պիտակավորում են ստանում:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Արսեն Ղազարյանը ցանկալի համարեց, որ հայ գործարարների համար լինեն հեշտացված վիզաներ, որպեսզի նրանք չկանգնեն խոչընդոտների առջեւ:
Միաժամանակ նշենք նաեւ, որ Հայաստանում հավատարմագրված դեսպաններից եւ դեսպանատների ներկայացուցիչներից քչերն էին մասնակցում երեկվա հանդիպմանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ