Մարտի 10-ից ի վեր, երբ հայաստանյան քսանմեկ ԶԼՄ-ներ ստորագրեցին լրագրողների աշխատանքի վարքականոնը, փաստորեն այն ստորագրած ԶԼՄ-ների լրագրողներն աշխատում են մի նոր արժեհամակարգի չափորոշիչներով: Կանգ չառնելով նման ձեռքբերման վրա, լրագրողական ակտիվ շրջանակները Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ, ԵԱՀԿ եւ Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան գրասենյակների հովանավորությամբ մարտի 14-ին եւ 15-ին իրականացնում են սեմինար, որի շրջանակներում ոչ միայն վերլուծում են Վարքականոնի արդյունավետությունը, այլեւ փորձի փոխանակում են անում Թուրքիայից, Ադրբեջանից, Ռումինիայից, Բուլղարիայից ժամանած համապատասխան մասնագետների հետ: Ի դեպ, վերջիններս մեզ մխիթարեցին իրենց երկրներում նմանատիպ իրավիճակների առկայությամբ, որ գնահատվեց մենթալիտետային եւ անցողիկ, որ քաղաքակրթության ամրապնդմանը զուգահեռ, հուսանք, կվերանա: Վարքականոնին զուգահեռ քննարկվեց նաեւ լրագրողական շրջանակների ինքնակարգավորման հարցը, որը միշտ էլ արդիական է: Այն կնպաստի լրատվամիջոցների վարքականոնային շեղումները սրբագրելու գործին:
Սեմինարի մասնակիցները խոսեցին վարքականոնների խախտման դեպքերի մասին, որոնցից են հասարակության պահանջարկն ունեցող թեմաների փոխարեն պատվիրված եւ կամ նվերով ու գումարով ու շահով պարտադրվածները: Մասնավորապես «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը բերեց վերջին օրերի ամենաթարմ օրինակը, թե ինչպե՞ս եւ ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով են հայաստանյան լրատվամիջոցները պարզաբանում կամ անտեսում «Ջերմուկի» մուտքն ամերիկյան շուկա արգելելը: Ըստ զեկուցողի, «Ջերմուկի» ֆինանսական հզորացումը, հետեւաբար նաեւ գովազդի պատվիրումը ձեռնտու է հեռուստատեսություններին, այդ պատճառով էլ եթերը հեղեղված է «մի կում իսկական կյանքից» համարվող ջրի մասին միակողմանի ներկայացնող հրապարակումներով, իսկ տպագիր մամուլը, որը ոչ մի շահ չունի «Ջերմուկից», կամ լռեց, կամ էլ այլ մեկնաբանություններով ու տեսանկյուններով արձագանքեց կատարվածին: Մինչդեռ կարեւոր է հասկանալ, թե որքանո՞վ է այն վնասակար (եթե իհարկե վնասակար է) հասարակության համար:
«Ինչպես Պահքին պետք է դիմանալ տարբեր ցանկությունների գայթակղությանը, այնպես էլ ներքին համոզմունքով եւ մշտապես պետք է դիմակայել ծրարով ստացվող գումարներին, հրավերներին եւ այլ հնարավորությունների տրամադրմանը, որոնք ոչ այլ ինչ են, քան կաշառատվություն», նշեց «Ռադիո հայ» ռադիոկայանի տնօրեն Արամ Մկրտչյանը, որը խոսեց նաեւ լրատվամիջոցների ղեկավարների ցածր իրավագիտակցության մասին:
Սեմինարին զեկուցումով հանդես եկավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը: Հաջորդական նիստերը վարեցին Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ելույթներ ունեցան եւ բանավեճերին ակտիվ մասնակցեցին Ռադիոլուրի աշխատակից Թաթուլ Հակոբյանը, Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Էլինա Պողոսբեկյանը, Թուրքիայի «Սաբահ» թերթի օմբուդսմեն Յավուզ Բայդարը եւ ուրիշներ: Սեմինարն իր աշխատանքները կշարունակի այսօր:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ