«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2007-03-14 | #47, 2007-03-15 | #48, 2007-03-16


ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍԱԲԱՆԵԼԻՍ ԼԻՆԵՆՔ ՉԵԶՈՔ, ԱՆԱՉԱՌ ԵՎ ՇՐՋԱՀԱՅԱՑ

Ի՞նչ դիրքորոշում եւ մեկնաբանություններ պետք է անեն հակամարտությունների գոտիներում ապրող լրագրողներն ու լրատվամիջոցները միջազգային կոնֆլիկտներ լուսաբանելիս: Ինչպե՞ս պետք է նրանք ինքնակարգավորման գնան` խուսափելով իշխանական ազդեցությունից կամ իշխանատենչ նկրտումներ ունեցող անբարեխիղճ մարդկանցից, որոնք լրագրողի պատասխանատու կոչումն են կրում` երբեմն անտեղի: Նման հարցերին անդրադարձավ երեկ «Կոնգրես» հյուրանոցում շարունակվող սեմինարը, որը հավաքագրել էր արտասահմանյան եւ տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Երեկ սեմինարը վարեցին «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը եւ «Ինտերնյուզ» ՀԿ-ի գործադիր Նունե Սարգսյանը: Բացի արտասահմանյան անկախ լրատվամիջոցների կայացման փորձի ներկայացումը, որ արեցին Իդանա Ավադանին (Ռումինիա, Անկախ ժուռնալիստիկայի կենտրոնի տնօրեն) եւ Օգնյան Զլատեւը (Բուլղարիա, ԶԼՄ-ների զարգացման կենտրոն), Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Արմեն Նիկողոսյանը ներկայացրեց մեր տարածաշրջանի երեք երկրների ԶԼՄ-ների տարածաշրջանային խնդիրների լուսաբանման հետազոտության արդյունքները:

Ըստ նախաձեռնողի` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի սեմինարի նպատակն էր ի մի բերել հայաստանյան ԶԼՄ-ների քաղաքակիրթ լրագրության նոր մակարդակի անցումը` վերջերս ստորագրված Վարքականոնի տեսադաշտում: Սակայն. «Այն դեռ պիտի բարելավվի»: Իսկ ինչ վերաբերում է հակամարտող երկրների լրագրողների մասնագիտական էթիկետին, Բ. Նավասարդյանը «Ազգի» հետ զրույցում նշեց. «Պարզ է, որ նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները, հայ-թուրքական հարաբերությունների քննարկումները կակտիվանան, քանի որ նորացված իշխանությունն իր առջեւ կունենա երկուստեք հարաբերությունների ձեւավորման խնդիր: Այստեղ է, որ մամուլը պետք է ունենա իր օրինակելի դերը»: Թերեւս նման դերը պատշաճ մակարդակով լուծելու համար է, որ թուրքական «Սաբահ» թերթի օմբուդսմեն Յավուզ Բայդարը իր ելույթում նշեց 20-ամյա փորձառության իր եզրահանգումը` լրագրողական վարքականոնի 10 պատվիրանները, որոնցից առավել ուշագրավ են` լրագրողի հետեւողական տեղեկացվածությունը, համբերատարությունը, համոզմունքը, որ յուրաքանչյուր կոնֆլիկտի լուծում ձեռնտու է բոլոր կողմերի համար, ծայրահեղականության բացառումը, ինչպես հրապարակումներում, այնպես էլ հղումներում ու մեջբերումներում, հակամարտության անմատչելի տարածքում ներկայացուցիչ ունենալը, զգացմունքային գործոնի բացառումը եւ վերջապես` պրոֆեսիոնալիզմը: «Միայն այսքանից հետո երկրորդական, նույնիսկ չորրորդական տեղում է դրվում հայրենասիրությունը», նշեց Յավուզ Բայդարը: Նրանից առաջ զեկուցումով հանդես եկած ադրբեջանցի լրագրող Արիֆ Ալիեւն էլ խիստ տեղին նկատեց, թե մամուլը ձգտում է զորքից առաջ ընկնել: Իրավամբ, արժե, որ ԶԼՄ-ները հակամարտության առաջին գծում լինեն: Թերեւս միայն մի պայմանով` նրանց մի ձեռքում գրիչ, մյուսում անպայման սպիտակ դրոշակ պետք է լինի:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4