«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2007-03-15 | #48, 2007-03-16 | #49, 2007-03-17


ԻՆՉԻՆ Է ԾԱՌԱՅԵԼՈՒ ԱՊԱԳԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ, ՈՐԻՑ ԱՐԴԵՆ ԱԿՆԿԱԼԻՔ ՉԿԱ

Նախընտրական եւ հետընտրական հայաստանյան կյանքի այս տարիների փորձը արդեն բավականաչափ է, բացասական արմատական փոփոխությունների ակնկալիքներ ունենալու համար: Կուսակցությունների ու անհատների գործունեությունը այս շրջանում հատկապես արգահատանք է նույնիսկ առաջացնում. խանութների, կինոթատրոնների ու շենքերի պատերին հայտնված բավարարված դեմքերիՙ երկրի տիրակալի ներքին իրոնիայով ներկայությունը ավելի է օտարացնում արժանապատվությունը պահել փորձող այս երկրի քաղաքացուն: Լուրջ մարդիկ վաղուց հասկացել են, որ այս պայմաններում (մտածելակերպ-գործելակերպի) իշխանական մարմիններից ակնկալիք ունենալը պարապ զբաղմունք է, կամ էլ շատ վաղ է այդ մասին մտածելը: Կարգին մարդիկ այսօր իրենց գործն անում են լռելյայն. իրենք են ընտրում կյանքի այդ ձեւն ու հասկանալիորեն հայտնվում սուղ վիճակներում: Այս մարդիկ են երկրի իրական արժեքը ու եթե կուզեքՙ նաեւ տերը, թեկուզեւ ստվերում ու այսօրվա նրանց լուռ խոկումների մեջ ծնված ճշմարիտ արժեքների խորքում հերկված դաշտն է, որ հրավիրելու է ապագայի սերմնացանին:

Իսկ առայժմ ընտրությունների հետ կապված մոդայիկ է դարձել մտավորականների եւ լրագրողների հետ հանդիպում կազմակերպելու զբաղմունքը, որտեղ մտավորականը ենթարկվում է լրագրողի հարցամանիայի, որ երբեմն խոսքի խուզարկություն է հիշեցնում: Հարցահալվածի վիճակում էին երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերըՙ Ռազմիկ Դավոյանը եւ Երվանդ Մանարյանը: Խոսքի սկզբում Դավոյանն արդեն ասաց, թե որեւէ նպաստաբեր բան իրենց վերաբերմունքից առաջիկա ընտրությունների հանդեպ չի կարող լինել: «Ընդամենը մի փոքր մխիթարություն, երբ խոսում ես ազգային արժեքների եւ ժողովրդի տրամադրությունների վրա դրանց ազդեցությունների մասին եւ հասկանում, որ դա ոչինչ է, լցնում է մամուլի մի փոքրիկ անկյուն կամ եթերի մի քանի րոպե:

ՀՅԴ-ի գաղափարների կրողն եմ եղել պատանեկան ժամանակներից, երբ մեր ժողովրդի համար դրանք ազգային երազանքները մարմնավորող սկզբունքներ էին: Բայց երբ մտնում ես քաղաքական դաշտ եւ տեսնում, որ կուսակցությունները տարածք են ուզում նվաճել, աղոթք են անում, որ մտնեն տաճար, եւ երբ մտնում ենՙ կողոպտելն է նպատակը, դրանից հետո ինչ փոփոխություն կարող է մտցնել արվեստագետը: Մեր գործունեության մեջ շատ իմաստ չեմ տեսնում: Դաշտը զբաղված է ուրիշ հոգսերով ու մտահոգություններով: Հուսանք, որ այնուամենայնիվ, առողջ մտածելակերպի հատված կլինի, երկրի արժեքները եւ ժողովրդի կենսականությունը փրկելու կամք»:

Փոքր տարածքով ու ազգաբնակչությամբ մեր երկրի համար կուսակցություններն այս քանակությամբ կրոնական աղանդների մի այլ տարատեսակի դեր ունեն, որոնց քայքայիչ գործունեությունը պարզապես մեկ այլ ոլորտում է ծավալվում: Ռ. Դավոյանն այն կարծիքին է, որ նրանք քաղաքականություն անելու իրավունք չունեն, որովհետեւ ազգն են պառակտումՙ նրանց դերը տեսնում է արտերկրյա կուսակցական հարաբերություններ մշակելու մեջ:

Երվանդ Մանարյանն էլ գտնում է, որ արժեքավոր արվեստագետը չի կարող որեւէ կուսակցության գաղափարական կամ կազմակերպչական պարտադրանքի ենթարկվել: Զարմանում է, թե վերջին 2 տարում մեկեն հայտնված մի կուսակցություն ինչպես կարողացավ կլանել ժողովրդի 1/10 մասը, երբ ոչ տնտեսական սկզբունք, ոչ գաղափարական հայեցակարգ ունի: «Էդ ո՞ր կուսակցությունն է ասում, որ ինքը չի ուզում Հայաստանի բարգավաճումը»: Ինչպես շատերիս, վաստակաշատ արտիստին էլ տանջում է, թե ինչպես է լինում, որ պետականություն ունենալուց, ՄԱԿ-ի անդամ դառնալուց հետո, մենք ինքնակառավարվել չենք կարողանում: Սա արդյոք բարոյական արժեքների ծայրահեղ անկման հետեւանքը չէ, նյութականության ահռելի պաշտամունքի, եսակենտրոնացման աննկարագրելի կուտակումների: Որպեսզի հռետորական կամ կեղծ չհնչի, յուրաքանչյուրսՙ նախեւառաջ կարիք ունենք ինքնազննումի, ինքնահայեցման: Հոգեւոր կյանքի եւ դրա իրապես կրողի համար երկիրը տեղ չունի, մտավորական պայքարի դաշտը փակ է, որովհետեւ դրա կարիքը չկա եւ իր գոյությունը այս կյանքում ստվերի պես է: «Մտավորականը ուղղորդող է, եթե գործադիր իշխանությունները նրա գաղափարը չեն ընդունում, իր խոսքը ավելորդ էՙ իր ներսում փշրվող»:

Զարմանալի է, որ լրագրողական աշխարհին դեռ հետաքրքրում է, թե որ մտավորականը որ կուսակցությանն է համակրում կամ մասնակցելո՞ւ է քարոզարշավին: Երբ մեր նախընթաց փորձը ցույց տվեց, որ ազնիվ մղումներով անգամ այդ ընթացքին մասնակից մեր շատ հարգելի մտավորականների վրա ինչ-որ առումով բիծ ընկավ: Իսկ նախորդ ընտրարշավին շատերն արդեն բացահայտ արատավորեցին իրենց, եթե իհարկե, խորքում այդպիսին չէին: Ռազմիկ Դավոյանը մի այսպիսի բան ասաց. «Աբսուրդային է, իշխանության վերնախավում հիանալի որակներ ունեցող անձնավորություններ կան, բայց նրանք զբաղված են ոչ թե դրանք տիրապետող դարձնելով, այլ ուրիշ աշխատանքովՙ ոչնչացնելով»: Մտավորականների մի մասն էլ այդպես է, ու մարդիկ առհասարակ այդպիսին են: Կյա՞նքն է պարտադրում:

«Մենք իրադրությունը փոխելու համար ոչինչ չենք անում: Ազգը պետք է հեռանկար ունենա, գույն տեսնի, կամք գործադրի», ասում է Ե. Մանարյանը, ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր կուսակցությունների մեջ միայն թվային տարբերություն է տեսնում, քարոզարշավին չի մասնակցելու, քանի որ կանխավ արդեն ԱԺ մեծամասնությունն ապահովված է, եւ իր ձայնի կարիքը չկա: Ռ. Դավոյանն էլ ասաց, որ ազգային գաղափարախոսության իմաստով շարունակելու է գործունեությունը, արժեքավոր բան տեսնելու դեպքում նաեւ կուսակցականը: «Ակնկալիքներ վաղուց չունեմ եւ հիմա էլ չունեմ: Լավ բան անենՙ կուրախանամ, վատի դեպքում կմտածեմՙ իրենց հավատարիմ են»: Հետաքրքրական էր երկքաղաքացիության օրենքի մասին նրա տեսակետը, ըստ որիՙ օրենքը պետք է ոչ թե խորհրդարանական լուծում ստանար, այլ երկրի նախագահի հրամանագրով հաստատվեր Հայաստանի քաղաքացու կարգավիճակ ստանալու կարգը, ապա կյանքը կներկայացներ մի պատկեր, որից կարելի էր ավելի ճիշտ կողմնորոշվել:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4