«Ինձ համար շատ ափսոս եւ շատ անհասկանալի էր, որ արդեն մի քանի դար իր գիտական ներուժով հանդես եկող մեր երկիրը արդեն մի քանի տարի` 90 թ-ից սկսած, մի հատ չի նայել, թե ինչ կա աշխարհում, ինչ են արել մնացածը, ոնց են գնահատել գիտությունը: Շատ զարմանալի է, որ այսօր էլ այդ պրոցեսն ընթանում է, բայց մենք ծանոթ չենք, թե աշխարհն ինչպես է սահմանում գիտությունը», երեկ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) հայտարարեց տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հայաստանյան տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Հանդիպման առիթը հիշյալ կենտրոնի հրատարակած «Գիտական եւ տեխնոլոգիական ներուժ եւ արդյունավետություն. Արդի համաշխարհային մոտեցումներ եւ փորձ» հայալեզու գրքի շնորհանդեսն էր, որը կենտրոնի եւ ակադեմիայի ներկայացրած «Եվրոպական ինտեգրման գրադարան» շարքի 9-րդ հատորն է:
Գրքում ներկայացված են միջազգային, համաշխարհային գիտության սահմանումները, գիտական արդյունքի չափման ձեւերը, միջազգային չափանիշները, ոլորտում ներդրումների չափման ձեւերը եւ այլն: Գրքի ներկայացմանը մասնակից ոլորտի ներկայացուցիչները կարեւորեցին մեր ժամանակներում նման գրքի հրատարակումը: ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գնահատմամբ, գրքի հրատարակումը օգտակար գործ է: Նա նշեց, որ գիրքը բաղկացած է 3 մասից` գիտատեխնիկական արդյունքի վերլուծությունից, գիտական աշխատանքների հղումներից եւ արտոնագրերին վերաբերող բաժնից: Ռադիկ Մարտիրոսյանը շեշտեց, որ մինչ այժմ էլ մեր գիտությունն ունեցել է իր չափանիշներն ու առանձնահատկությունները, բայց քանի որ մեր գիտական արդյունքը միջազգային չափանիշներով գնահատելու անհրաժեշտություն կա, «ճիշտ կլինի դրանց նայել մի տեսանկյունից»: Ռադիկ Մարտիրոսյանին ու կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանին ակնհայտորեն դուր չեկան Տիգրան Ջրբաշյանի, կարծես թե, մեղադրական հայտարարությունները, բայց կարեւորելով նրա կատարած աշխատանքը «ներեցին»:
Գիտական ոլորտի բարեփոխումների, գիտական քաղաքականությամբ զբաղվողների, գիտնական-կառավարիչների եւ առհասարակ բոլոր գիտնականների համար գրքի լույսընծայումը ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը կարեւորեց` հույս հայտնելով, որ գիրքը կդառնա նրանց սեղանի գիրքն ու Հայաստանի գիտական բարեփոխումների լավ սկիզբը: «Եթե գիտական հանրույթը ծանոթ լինի այս գրքին, բարեփոխումներն ավելի հեշտ կլինեն», ասաց նա:
AEPLAC-ի հայաստանյան տնօրեն Տիգրան Ջրբաշյանի խոսքով, աշխատանքի նպատակը հայրենի գիտության արդյունավետության բարձրացմանն ու մրցունակ բնագավառ ստեղծելուն նպաստելն է: «Մենք մինչեւ անգամ միջազգայնորեն ընդունված սահմանումների մասով պատկերացումներ չունենք: Մենք ծանոթ չենք զարգացող երկրների չափանիշներին, թե իրենք ոնց են չափում գիտության արդյունքը, ինչպես են սահմանում գիտությունը, ոլորտում արված ներդրումները: Սա կարդալով` մարդկանց մոտ կարող է հարց առաջանալ, թե էն աշխատանքները, որ այսօր կատարվում են մեր երկրում, արդյոք կարելի է գիտական աշխատանք համարել», մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Ջրբաշյանը` միաժամանակ հավելելով, որ աշխարհին հասկանալի լինելու եւ համաշխարհային գիտական զարգացումներից հետ չմնալու համար պետք է խոսել աշխարհին հասկանալի լեզվով:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ