«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2007-03-16 | #49, 2007-03-17 | #50, 2007-03-20


ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԶՈՐԱՑՆԵԼՈ՞Ւ ԵՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Թամարա Կարագաշյանը ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքից է: Այժմ աշխատում է Երեւանում: «Երբ Ֆրեզնոյում էի, այցելում էի տեղի Ս. Պողոս եկեղեցուն կից երիտասարդական կենտրոն: Հիմա Երեւանում այցելում եմ Դավիթաշեն համայնքում գտնվող եկեղեցին, որին կից երիտասարդական կառույց չկա: Նշանակում է` շրջակա երիտասարդներն ընդամենը որպես այցելու են լինում եկեղեցում ու չեն նպաստում եկեղեցու հզորացմանը: Մինչդեռ եկեղեցին պետք է նրանց հզորացնի, երիտասարդները` եկեղեցուն»: Թամարայի այս համոզմունքը ծնվել է նրա ծննդավայրում, ուր կա նմանատիպ երիտասարդական կենտրոն իր գործունեության կոնկրետ ծրագրերով ու ավանդույթներով: Հանուն արդարության նշենք, որ Երեւանի այլ համայնքներում եւս կան երիտասարդաց կառույցներ, որոնք հեռու են Դավիթաշեն համայնքից: Թերեւս նաեւ սա է պատճառը, որ հիշյալ համայնքում հոգեորսությունը տվել է իր սարսափելի արդյունքները: Բոլոր դավիթաշենցիները կարող են ցույց տալ, թե որտեղ են հավաքվում այս կամ այն աղանդի հետեւորդները: Իսկ սրանց մեջ զգալի մաս են կազմում երիտասարդները:

Եթե մայր հայրենիքում են վտանգված հայ երիտասարդի կրոնական գիտակցությունն ու ավանդական հավատքի հետեւորդ լինելը, ապա որքան է վտանգված սփյուռքահայ երիտասարդը, որ հաճախ արմատից կտրված ցողուն է հիշեցնում: «Նրանք ձուլվում են հեշտ եւ արագ, քանի որ կապը եկեղեցու եւ ընտանիքի ավագ սերնդի միջեւ է միայն, այն էլ` սովորույթի ուժով, իսկ երիտասարդը ձանձրանալուն պես հեռանում է, լքում իր մայր եկեղեցին»:

Թամարայի մտահոգությունը պատել է նաեւ սփյուռքի թեմակալ առաջնորդներին: ԱՄՆ արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանն արդեն քանի տարի նախանձախնդիր է սփյուռքահայ երիտասարդների եւ հայ եկեղեցու ամուր կապվածության հարցում: «Երբ երիտասարդը կտեսնե, որ եպիսկոպոսը, քահանան, վարդապետը ինք կդիմե, կխոնարհի դեպի երիտասարդը, այն ատեն կզգանք, որ նոր շարժում ստեղծված է եկեղեցվո կյանքին մեջ, որ վերազարթոնք կհամարենք», ասում է սրբազանը: Նա պատմում է, որ ԱՄՆ-ի արեւմտյան թեմում 800-1000 երիտասարդներ եկեղեցու երիտասարդական թեւի անդամ են, բայց հարյուրավոր համակիրներ եւս կան: Սակայն այս թիվը սրբազանը բավարար չի համարում, երբ համեմատում է ողջ համայնքի անդամների թվի հետ: Հովնան սրբազանի համար խնդիր է նաեւ այն հանգամանքը, որ հայ երիտասարդները բուհերում սովորելու կամ աշխատելու այլ քաղաքներ մեկնելով, հեռանում են նաեւ եկեղեցուց: Միաժամանակ սրբազանը վստահեցնում է, որ շատ երիտասարդներ ժամանակի եւ ֆինանսի զոհողություններով կամավորապես հանձն առան հենց այս ներկայացուցչական հավաքին մասնակցելու հարցերը: Սա խոսում է երիտասարդների առ եկեղեցին տածած սիրո եւ գործելու պատրաստակամության մասին: Արդեն իսկ եկեղեցուն կից, տարբեր թեմերում գործող երիտասարդական կառույցները ունեն իրենց մշակութային, բարեսիրական նախաձեռնությունները, մարզական խաղերը, ընկերային միջոցառումները: Սակայն դրանից բացի սրբազանը հույժ կարեւորում է երիտասարդների հավատքն առ Աստված, ինչպես նաեւ բարոյականության հիմնական շեշտադրումը, որ նաեւ երիտասարդների եկեղեցու կյանքի մեջ ներգրավվածությամբ է լուծվում:

Վերջերս Ս. Էջմիածնում տեղի ունեցած ներկայացուցչական հավաքը սրբազանը կարեւորում է հատկապես աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար: Արտասահմանից եկած թեմական ներկայացուցիչների թիվը կազմել է 35-40, մնացյալ մոտ 25-30 հոգին Հայաստանի թեմերի ներկայացուցիչներն էին: Ժողովի ընթացքում ընտրվել է 18 հոգանոց կենտրոնական գործադիր մարմին, որ 2008-ին պիտի կազմակերպի հերթական պատգամավորական ժողովը: Այդ ժամանակ յուրաքանչյուր թեմ կընտրի իր պատգամավորներին, որպեսզի գան Մայր Աթոռ սուրբ Էջմիածին` իրենց հուզող հարցերը բարձրացնելու եւ դրանց պատասխանները ստանալու ակնկալիքով: Բացի դրանից նրանք պիտի գրեն նորաստեղծ Համազգային եկեղեցասեր երիտասարդական կազմակերպության եռալեզու կանոնադրությունը: «Այս կազմակերպության հիմնական նպատակը պետք է ըլլա ամեն թեմական կառույցեն ներս ստեղծել նմանօրինակ կազմակերպություն, որուն գլխավոր պարտականությունը պիտի ըլլա հավատքի հուրը մշտավառ պահել հայ երիտասարդաց սրտերում: Նպատակներից է նաեւ, որ այդ երիտասարդներից ընտրվեն ապագա հոգեւորականներ, առաջնորդող դեմքեր, աշխարհիկ ղեկավարներ` եկեղեցուց ներս գործելու համար», ասում է Հովնան սրբազանը:

Իր հերթին Թամարան հավաքներն ու կազմակերպության կայացումը կարեւորում է երիտասարդների շփմամբ, նոր ծանոթությունների եւ փորձի փոխանակման արդյունավետությամբ: «Մենք ավելի դինամիկ ենք, քան ավագները, լավ գիտենք նորագույն տեխնոլոգիաներ եւ ինտերնետից օգտվել, որ անչափ պիտի դյուրացնեն մեր շփումները եւ առավել արդյունավետ լինեն», վստահ է ամերիկահայ օրիորդը: Նա նաեւ վստահ է, որ 2 տարի անց, մեր հաջորդ հանդիպման ժամանակ արդեն կոնկրետ օրինակներով է խոսելու նորաստեղծ կազմակերպության գործերի մասին:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4