«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2007-03-16 | #49, 2007-03-17 | #50, 2007-03-20


ՉՔՆԱՂ ԵՐԿԻՐՆ ՄԵՐ ... ԿԻԼԻԿԻՈՅ

Պատրաստվում է ֆիլմ Կիլիկիայի հայոց 300-ամյա պետության մասին

Փարաջանովի տուն-թանգարանում երեկ մտավորական մի շրջանակում ներկայացվեց պատմական իրադարձությունների վավերական հենքի վրա կառուցվող հայկական շարժանկարի մի նախագիծ, որի հեղինակներն են հեռուստալրագրող Արթուր Բախտամյանը եւ արձակագիր Վահրամ Մարտիրոսյանը: Մեկնարկման գինեձոնային հանդիպումը նախնական ծանոթություն էր մի հետաքրքրական գաղափարին, որի կինոմարմնավորումը գեղարվեստական նշանակությունից զատ մեզ համար հաջողության պարագայում միջազգային հանրությանը հայ պատմության կարեւորագույն շրջաններից մեկը ներկայացնելու լավագույն հնարավորությունը կընձեռի: Ֆիլմը Կիլիկյան հայոց 300-ամյա պետականության մասին է, սցենարի հեղինակն է Վահրամ Մարտիրոսյանը:

XXI դարի մարդուն անցյալի հետ կամրջողի դերը «ճակատագիրը» վերապահում է լրագրողինՙ Արթուր Բախտամյանինՙ իբրեւ դարերի միջնամասային անցորդ-մեդիայի: Նա նաեւ ֆիլմի պրոդյուսերն է: Գեղարվեստական առանցքը Կիլիկիայի վերջինՙ Լեւոն Լուսինյան թագավորի մուտքն է անծանոթ մի երկիր. 1374 թ.-ին թագուհու հետ նա ժամանում է Սիս: Միջնադարյան ամրոցի ներսում նրա ու պատմիչի միջեւ սկսվում է դարերի խորքերը թափանցող զրույց, որի միջոցով վեր է հանվում հայկական Կիլիկիայի պատմությունը: Ֆիլմը բաղկացած է լինելու 9 մասիցՙ 30 րոպե տեւողությամբ. առաջին մասը ճամփորդական բնույթիՙ տարածվելու է 5000 կմ հեռավորություններով դեպի Եդեսիա, Անտիոք, Այաս, Տարսոն... Երկրորդ մասը նկարահանվելու է Երեւանումՙ միջնադարյան կիլիկյան ամրոց հիշեցնող տաղավարում:

Հայոց պատմության բյուրավոր հանգրվաններիցՙ ինչո՞ւ Կիլիկիան: «Կիլիկիան սիրում ենք առանց ճանաչելու: Սա եզակի երեւույթ է մեր պատմության մեջ, երբ հայրենիքից դուրս ստեղծվում է պետություն», ասում է սցենարիստը: Գեղարվեստական, ծրագրային մտաձեւերի ու դրանց արտահայտչաձեւերի հասարակական առավել ազդեցությունն անհերքելի է, եթե քարոզչության (երբ դրա անհրաժեշտությունը կա) տարրն աննկատ է արվում, հակառակ պարագայում նվազում է որեւէ գործի գեղարվեստական արժեքը: Թեեւ տաղանդավոր ռեժիսուրայի պարագայում հենց արվեստային ընդգծված հատկանիշները կարող են փայլուն քարոզչամիջոցի դեր կատարել եւ ծառայել նպատակին ըստ էության: Ինչի մասին էր պատմաբաններ Բաբկեն Հարությունյանի եւ Պարույր Մուրադյանի խոսքը: Հայկական գործոնը միջազգային հանրության գիտակցության մեջ մտցնելու համար լավագույն միջոցներից կարող է լինել նաեւ օտարազգիների մասնակցությունը: Պատմաբանների կարծիքով, ֆիլմի ազդեցիկությունը կապահովի գիտական, վավերական արժանահավատ փաստերի ուսումնասիրությունը եւ դրանց օգտագործումը: Նրանք նշեցին մատենագիտական աղբյուրներ, հայ եւ օտար հեղինակների պատմակագիտական եւ արվեստաբանական բազմաթիվ հետազոտություններ: Մասնավորապես արվեստաբան Լեւոն Չուքասզյանը հիշատակեց «Կիլիկիայով վաղուց հիվանդացած» շատ ուսումնասիրողների, ի թիվս որոնց Ռոբերտ Էդուարթսին, Թոմ Սիթլելին, միջազգային մասշտաբի բյուզանդագետ Սիրարփի Տեր-Ներսիսյանին, որը խորապես, շուրջ 70 տարի ուսումնասիրել է կիլիկյան հայ մանրանկարչությունը:

Ֆիլմի նկարահանումները կսկսվեն մայիսից, ստեղծագործական խումբը շրջանակներն ընդլայնելու եւ միջոցների որոնումների մեջ է:

Հավելենք նաեւ, որ Փարիզից նոր վերադարձած (ուր ներկայացնում էր Ս. Փարաջանովի կոլաժային աշխատանքների ցուցադրությունը) Զավեն Սարգսյանն ասաց, որ շատերն էին իրեն մոտենում ու ասում, թե լավ հեռուստահաղորդումները փակվում են, մեծամասամբ նկատի ունենալով Արթուր Բախտամյանի հեղինակային եւ շատ հարգելի գիշերայինՙ «Մինչեւ աքլորականչ» հաղորդումը: Ուրախությամբ տեղեկացնենք, որ Արթուր Բախտամյանին է վստահվել «Հ1»-ի արբանյակային ծրագրերի տնօրինությունը, որտեղ, իրոք, մաքրվելիք շատ հաղորդումներ կան եւ սփյուռքահայ մեր հեռուստադիտողները բազմիցս են բողոքել:

Իսկ վերջերս Վահրամ Մարտիրոսյանի «Սողանքներ» գիրքը (պետական միջոցառումների շրջանակից դուրս) լույս է տեսել Ֆրանսիայում եւ Կանադայում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4