Ժամանակակից միջին դպրոցականի կերպարը շատերիս համար ներկայանում է ոչ լավ պատկերով: Եթե տղա է, ապա մի քանի հարյուր դոլարանոց բջջային հեռախոսով, գլխի չափ ծամոնը բերանում չպպացնելով կամ սիգարետը բերանին, հոր մեքենաներից մեկի բանալին ձեռքին ֆռռացնող... Եթե աղջիկ է, նույն ծամոնային տրամադրությամբ ու համապատասխան հայացքով, դեռ պորտ ու փորն էլ բաց... Հատկապես մայրաքաղաքի համբավավոր դպրոցները ունեն մի քանի դյուժին նման «կերպարներ», որ ցավեցնելու չափ հուսահատություն են պատճառում միջին ու ավագ սերնդին` սա՞ է մեր ապագան: Սակայն, կարծես թե, լիովին հուսահատության բաժին պետք չէ դառնալ: Դա էին ապացուցում երեկ Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում 6ա եւ 5բ դասարանների ներկայացրած միջոցառումները, որին հրավիրված էր նաեւ «Ազգը»:
«Մեր դպրոցում Եղիշե Չարենցի տարի է հայտարարված, պատմում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Հասմիկ Ափրոյանը: Յուրաքանչյուր դասարան գալիս է Եղիշե Չարենցի անվան դասասենյակ եւ իր ոգեկոչման միջոցառումներով եւս մեկ անգամ անդրադառնում նրա կյանքին ու գործին: Կոնկրետ մեր` 6ա դասարանը որոշեց անդրադառնալ բանաստեղծի նկատմամբ այն անարդար անհանդուրժողականությանը, որ այն ժամանակների հասարակության ճակատի խարան կարելի է համարել: Սկզբում կարծեցի, թե թեման բարդ կլինի երեխաների համար, բայց երբ բացատրեցի, ընկալեցին եւ տխրեցին: Իսկ որ միջոցառումը պետք է նորմալ ընթացք ունենար, անակնկալ չէր, քանի որ ես գիտեմ իմ երեխաների հնարավորությունները: Թեկուզ անհանգիստ պահվածք ունեն, բայց արժեքների դերը գիտակցում են»:
«Չարենցը լավ մարդ էր ու բանաստեղծ, չի դավաճանել իր ընկերներին, սիրել է հայրենիքը: Ես միշտ սիրել եմ նրան ու կսիրեմ», ասում են վեցերորդցի մի խումբ աղջիկներ, որ դասընկերների հետ շարքով գնում են ծաղիկներ դնելու իրենց դպրոցի առջեւ կանգնած բանաստեղծի կիսանդրու առջեւ:
«Յուրաքանչյուրդ էլ մեկական Չարենց եք, եթե սիրում եք ձեր հայրենիքը: Ամեն օր ձեր շուրթերով մենք Չարենց ենք գտնում», երեխաներին ու նրանց միջոցառումն այսպես գնահատեց ուսուցչուհի, մեթոդ միավորման նախագահ Թամարա Մանվելյանը: Ուսուցչուհու խոսքն էր պատճառը, թե՞ գանգրահեր մի տղայի սրտառուչ արտասանությունը, որ ցանկացանք հավատալ` Չարենցը կա՛ այսօրվա երեխաների սրտերում ու խոսքում, նրանց աչքերում վառվող արեւների՛ մեջ:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ