«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2007-03-16 | #49, 2007-03-17 | #50, 2007-03-20


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀԱՏՈՒԿ ՁԵՎՈՎ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ Է ՍԿՍՎԵԼ

Նրանք առաջարկում են քաղաքացիներին թերթ կարդալ, որ արթնանան

«Մտածի` գո՞հ ես քեզանից, կողքինիցդ, մեղավո՞ր ես, թե չէ, վախո՞ւմ ես, թքած ունե՞ս: Ու պատասխան տուր ինքդ քեզ, թե` սենց մինչեւ ո՞ւր, քո դերը ո՞րն ա ու վերջապես գալո՞ւ ես: Ախչի, հելի դուրս, ի՞նչ ես սպասում: Արդեն անձրեւները սկսել ա, մարտն ա` գիժ ու վճռական ա...», նման հարցականներով ու հորդորներով լի թռուցիկներ ու տեղական թերթեր («Ազգ», «Առավոտ», «Հայկական ժամանակ», Հայոց աշխարհ» եւլն) էին բաժանում անցորդներին ու վարորդներին մոտ հարյուր երիտասարդներ, որոնք կիրակի օրը հավաքվել էին Կոմիտասի անվան երաժշտանոցի դիմացի պուրակում եւ իրականացնում էին իրենց հերթական` երրորդ միջոցառումը, որ մեկ հարցականով վերնագրված էր` չկարդա՞նք:

«Մենք նպատակ ունենք արթնացնելու ապատիայի մեջ գտնվող մեր հասարակությանը, որը շատ բաներ չի տեսնում: Կարծում ենք, որ արթնացնելու, տեղեկացված լինելու, քաղաքացիական ակտիվության խնդիր կա: Մենք ուզում ենք տեսնել ակտիվ քաղաքացի, ինֆորմացված եւ ինչ-որ բան փոխել ցանկացող երիտասարդ: Կարծում ենք, որ մեր ակցիան հետաքրքրական ձեւ է: Իսկ հետո թող ընթերցողներն անեն այն, ինչ ցանկանում են, դա մեզ համար արդեն երկրորդական է», ասում է Արսեն Խառատյանը, որ «Սկսել ա» նախաձեռնության խմբի կազմակերպիչներից է: «Մեր հայացքները հիմնականում ընդդիմադիր են, բայց որեւէ կուսակցության չենք հարում: Դրա համար մենք փորձել ենք բոլոր խմբագրություններից թերթեր վերցնել բաժանելու համար: Չնայած, իմ խորին համոզմամբ, որոշ թերթեր ոչ թե ապատեղեկատվություն են տարածում, այլեւ «կլյաուզա» են անում, բայց իմ խնդիրը ընդհանրապես տպագիր մամուլի հանդեպ հետաքրքրություն եւ կարդալու ցանկություն առաջացնելն է: Թող կարդան, իմանան որն ի՞նչ է, ապա նոր որոշեն, թե ի՞նչ են ուզում կարդալ», ասում է երիտասարդը:

Ի դեպ, թռուցիկների եւ շարժման անվան հետ կապված ոճաբանության մասին մեր հարցին ի պատասխան, Արսենը պատասխանում է, որ խոսակցական խոսքը գրավոր տեքստին փոխանցելն առավել անմիջական է դարձնում իրենց ասելիքը եւ բոլորովին էլ չի ոտնահարում օժանդակ «է» բայի իրավունքները: Շարժման մասնակիցներից սփյուռքահայ Թամարան նշում է, որ իրեն ավելի հարազատ է արեւմտահայերենի «սկսած է» ձեւը, միաժամանակ գտնում է, որ մաքուր հայերենով խոսելն ու արտահայտվելն իհարկե ողջունելի է:

Մեկժամյա միջոցառումը սկսվեց Կոմիտասի արձանի վրայից ու նրա շուրջը, քանի որ երիտասարդները հաջողել էին մեծն երգահանի ձախ թեւին անգամ փակցնել իրենց խոսակցական ոճով հայտարարությունը, թե` «Սկսել ա»: Այնուհետեւ շրջափակեցին Մաշտոց-Սայաթ Նովա-Բարեկամություն խաչմերուկում գտնվող օղակաձեւ հողակտորն ու մայթեզրերը եւ սկսեցին բարձրաձայն թերթեր կարդալ` արթնանալու ակնկալիքով: Ապա լավագույն հոդվածները ընթերցողները կտրատեցին եւ փակցրեցին ցուցատախտակների վրա` ի տես տեղեկատվության եւ ինքնագիտակցության դերի բարձրացման:

Մարտի 25-ին ժամը 13:00 «Սկսել ա»-ն կանցկացնի մյուս ակցիան, որ կոչել են «Հարավային պողոտա»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4