«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2007-03-20 | #51, 2007-03-21 | #52, 2007-03-22


ՀԵԹԱՆՈՍ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ ԶՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՐԻՆԵՐԻՆ

Երեկ ծնվեց հեթանոս հայերի աստվածը` Վահագնը: Արիներն 9590-րդ անգամ գոհության աղոթքով սուր պարզեցին դեպի երկինք եւ հայտարարեցին, որ սպասում են Վահագնի` ուժի եւ կրակի աստծո վերադարձին: «Վահագն, արի, դու կռիվ եւ ուժ, դու լույս եւ զտող, ազնիվը զատող, փառքը արարող», սրանք տողեր են ձոնված ուժի եւ կրակի հեթանոս աստծուն, որի փառաբանական հիմնի բարձրաձայնումից բացի արիները նաեւ մատաղօրհնեքի, ջահավառման, գինու օրհնություն, ծիրանենու եւ ճյուղերի օծման աղոթքներ ունեն իրենց ծիսամատյանում: Տոնական հանդիսությունը, որ ավանդապես անցկացվում է Գառնիի տաճարում, ոգեւորել էր այցելուներին, որոնք եւս հետեւելով ծեսին, պարբերաբար բռունցք էին պարզում դեպի երկինք եւ գոչում` կեցցե Վահագնը: Արիները ծիրանի տնկեցին տաճարի մոտ եւ բացատրեցին, որ կենաց ծառը տնկելով, իրենք հավերժության եւ տիեզերականության հետ են շփվում:

Երգիչ, երգահան, նաեւ ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Վարուժ Աղաջանյանը Գառնի է եկել աշակերտների եւ ընտանիքի հետ: «Ազգի» հետ առանձնազրույցում նա ասաց. «Երեկ կեսօրին արեւը ծնվեց, որով մենք ազգի արթնության կոչ ենք անում: Այսօր ուժ ստանալու, ոգեղենության օր է»: Նրա կինը` Անի Պետրոսյանը ասում է, որ ինքը նախընտրում է վերադարձ դեպի մեր արմատները, քան օտարամուտ կրոնը: Նրա համար քրիստոնեությունն աղանդավորություն է, այդ պատճառով Անին ցանկանում է, որ բոլոր հայերը վերադառնան իրենց արմատներին: Տիկին Անին պատմում է, որ իրենք հունվարի մեկին նշում են Գարեգին Նժդեհի ծննդյան օրը, իսկ մարտի 21-ին` Ամանորը, որ բնության զարթոնք է: Տոնական սեղան էլ կա` տեսակ-տեսակ կանաչեղենով, հարիսայով ու համով ուտելիքներով առատ: «Անպայման գինի կա մեր սեղանին, ընդ որում ինչքան շատ, այնքան լավ», ասում է Անին:

«Հին հայերը գտել են, որ ձմեռը հարաբերական մահ է, իսկ գարունը տարեփոխություն է բերում, ասում է Հայ-արիական կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը: Շատ հետաքրքրական Ամանոր է այսօր, քանզի տիեզերքի մեջ նույնպես ջրհոսի դարաշրջանն է սկսվել, սա լինում է 25000 երկրային տարին մեկ, երբ նաեւ տիեզերքում է տեղի ունենում դարաշրջանի փոփոխություն: Փաստորեն այն զորությունները, որ մենք ակնկալում ենք տիեզերքից, առավել զորեղ են»: Ծիրանենու եւ ուռենու ճյուղերի օծումից, գինեձոնի եւ մատաղի ծեսից հետո ելույթ ունեցավ հայ արիների պետական կարգավիճակ ստացած «Փոքր Մհեր» արական դպրոցի 160 սաների ընտրանին, որ աչքի էր ընկնում իր գեղեցիկ համազգեստով, ապա հանդես եկան պարային խմբեր:

«Ով արի հայ, ի՞նչ չարի Աստված, երբ ինքդ ես Աստված», այս միտքը կարդացինք Գառնի տաճարի մոտ տեղադրված քրմապետ Տյասլակ Կակոսյանի հուշաքարին: Հայկական արիական սովորության համաձայն, Տ. Կակոսյանին մահից հետո հրակեզ են արել, աճյունափոշին հանձնելով բնության չորս տարերքներին, մի մասն էլ, այնուամենայնիվ, թաղել են ընտանեկան գերեզմանատանը: Սրա մասին մեզ պատմեց Արորդիների ուխտի քրմական խորհրդի նախագահ Զոհրապ Պետրոսյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Գառնի-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4