Մոնակոյի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց ամենակրտսեր մասնակից, 17-ամյա Մագնուս Կառլսենի հետ: «Կույր» շախմատի պարտիան, որում Արոնյանը խաղում էր սպիտակներով, ամենաերկարատեւն էր 4-րդ տուրում: Այն ավարտվեց 76-րդ քայլին Լեւոն Արոնյանի հաղթանակով: Ոչ պակաս համառ մրցապայքարում ընթացավ արագ շախմատի կանոններով անցկացված պարտիան, որում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին 72-րդ քայլին: Այսպիսով, 4 տուրից հետո Արոնյանը շարունակում է մրցաշարի միանձնյա առաջատար Վլադիմիր Կրամնիկի հետապնդումը: Հայ գրոսմայստերը 8 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ կես քայլով է հետ մնում աշխարհի չեմպիոնից:
4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Կրամնիկի եւ Անանդի մրցավեճն էր: Հաջողությունն ուղեկցեց աշխարհի չեմպիոնին, որը մրցամարտը շահեց 1,5-0,5 հաշվով: Կրամնիկն իրեն հիանալի է դրսեւորում հատկապես «կույր» շախմատում: Անանդի հետ պարտիայում էլ նրան հաջողվեց մրցակցի նկատմամբ առավելության հասնել: Արդեն 30-րդ քայլին Անանդը հանձնվեց: Այսպիսով, Կրամնիկը «կույր» շախմատում իր 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այդ մրցաձեւում 3-ական միավորով 2-3-րդ տեղերն են բաժանում Վասիլի Իվանչուկն ու Պյոտր Սվիդլերը: Արոնյանը վաստակել է 2,5 միավոր:
Լեւոնն առայժմ իրեն ավելի վստահ է զգում արագ շախմատում: Կառլսենի հետ պարտիայում նա առաջին կես միավորը կորցրեց: Մինչ այդ Արոնյանը հաղթել էր նախորդ երեք տուրերում: Նա արագ շախմատի մրցաշարում վաստակել է 3,5 միավոր, ինչը լավագույն արդյունքն է: Նրան կես միավորով է զիջում Վիշվանաթան Անանդը: 2,5-ական միավոր ունեն Կրամնիկը, Իվանչուկը եւ Մորոզեւիչը:
Ընդհանուր հաշվարկով 3-րդ տեղում է Վասիլի Իվանչուկը, որը 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին: Վերջինս այս մրցաշարում իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս եւ Վալյեխոյի հետ 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 5 միավոր ունի Պյոտր Սվիդլերը, որը 2 պարտիաներում էլ առավելության հասավ Վալյեխոյի նկատմամբ: Գելֆանդը, Լեկոն, Անանդն ու Մորոզեւիչը վաստակել են 4-ական միավոր: Վան Վելի-Մորոզեւիչ եւ Լեկո-Գելֆանդ պարտիաներում մրցակիցներից յուրաքանչյուրը մեկական միավոր վաստակեց:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ