Սաակաշվիլին ու Քոչարյանը միասին դահուկ են քշում .. ու վե՞րջ
Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս միշտ էլ առաջնային ու ավելի իրատեսական են քեֆի սեղանը, եղբայրության կենացներն ու հավերժ բարեկամության կիսախմած խոստումները: Հայ ու վրացի միասին թերեւս միայն սեղանակից լինելն է, որ իրագործում են հաջողությամբ ու առանց պատահարների: Երբ խնդիրը Հայաստանի եւ Վրաստանի նախագահների պաշտոնական այցելություններին է վերաբերում, ապա, օրինակ նախորդ` 2006 թվականի կտրվածքով այսպիսիք տեղի չեն ունեցել ո՛չ երեւանյան, ո՛չ թբիլիսյան տիրույթներում:
Մինչդեռ, երբ խոսքը գալիս է դահուկային սպորտին, ապա Վրաստանի նախագահի երեկվա տուրնեն Ծաղկաձորում զուտ մասնավոր այց էր` Հայաստանի նախագահի հրավերով: Այսինքն` էլի հաստատվում է այն տեսակետը, որ ժամանցն ու քեֆը հայն ու վրացին կանեն միասին, իսկ մնացյալ ամեն ինչում լավ է հեռու լինել, հարցեր չլուծել, համատեղ ծրագրեր չիրականացնել` որեւէ դրական երեւույթի դեպքում փոխադարձության մասին էլ հաճախ մոռանալով: Վրաց-հայկական «եղբայրության եւ համագործակցության» ապացույցների համար հեռու գնալ պետք չէ: Օրինակը` ստորեւ:
Բուլղարիայի դրոշի տակ նավարկող «Գերոյ Օդեսա» նավում Փոթիում սահմանի հատման ժամանակ ստուգումներ անցկացնելիս վրաց սահմանապահները մարտի 19-ին ձերբակալել էին Հայաստանի քաղաքացու: Մեղադրանքն արդեն իսկ «Ազգի» ընթերցողներին հայտնի է, այսպես կոչված, վրացական սահմանի ապօրինի անցումն է աբխազական սահմանին, այսինքն` ՀՀ քաղաքացին «անօրինական» կերպով անցել է Ռուսաստանից Աբխազիա: Բնականաբար, հարուցվել է քրեական գործ` Վրաստանի քրեական օրենսգրի 344 հոդվածով, որի համաձայն վրացական կողմն, ի ցույց դնելով ունեցած «բարի կամքը», լավագույն դեպքում ՀՀ քաղաքացիներից վերցնում էր եւ է մոտ 3000 լարի (շուրջ 2000 դոլար) եւ նոր միայն ազատ արձակում:
Եվ ամբողջ պատմության յուրօրինակությունն այն է, որ վրաց իշխանությունները օրինական չեն ճանաչում սահմանապահ այն ծառայությունը, որ սպասարկում է Ռուսաստանից Աբխազիա անցնող յուրաքանչյուր մարդու: Եվ որպես հետեւանք, անձնագրում արված նշումը դառնում է հիմք` Փոթիում, Բաթումում կամ էլ Հայաստանից Վրաստան ուզածդ անցակետում վրաց սահմանապահների կողմից ձերբակալվելու համար: Թերեւս անտեղի չի լինի հիշեցնել, որ նախորդ տարի տասնյակների հասած այս նույն մեղադրանքով ձերբակալվածների հարցում Հայաստանը բազմիցս բարձրաձայնեց, նաեւ ի դեմս Վրաստանում ՀՀ դեսպանատան:
Վրացական իշխանությունների բարի կամքն էլ, «Ազգին» վրաց իշխանավորներից մի քանիսի տված հարցազրույցների համաձայն, հենց կլորիկ գումար վճարելուն համաձայնելն էր, քանի որ Վրաստանի քրեական օրենսգրքի սահմանի խախտմանն առնչվող հոդվածը նախատեսում էր նաեւ 3-5 տարի ազատազրկում: Եվ քանի որ Աբխազիա այցելած հայերը մեծ մասամբ մենակ չեն եղել, ապա ակնհայտորեն «խմբակային» խախտման համար կարող էին «արժանանալ» ազատազրկման:
Լավ, սա Հայաստանի հյուսիսային սահմաններից այն կողմ իրականությունն է, որ բնավ էլ որեւէ կերպ չի կարող ընկալվել համարժեք այդ սահմանից այսկողմ տիրող իրավիճակին: Սահմանի խախտման միջադեպեր Հայաստանում, պարզվում է, պատահում են ոչ միայն հետաքրքրական հանգամանքներում, մասնավորապես, ասենք, Վահագն Չախալյանի հետ, այլեւ ադրբեջանցիների: Իհարկե, խոսքը ոչ թե զինվոր ադրբեջանցիների մասին է, այլ վրացահպատակ ադրբեջանցիների:
Դեռեւս փետրվարի կեսերին ծառ հատելու պատճառաբանությամբ Հայաստանի պետական սահմանից այս կողմ էին հայտնվել Վրաստանի երեք քաղաքացիներ` ազգությամբ ադրբեջանցի: Բնականաբար, հայաստանյան իրավապահներն էլ սկսել էին գործի քննությունը, բայց, ինչպես շատ գործեր, այս մեկն էլ դատական ատյանների քննությանը չհասցրեց արժանանալ: Պատճառը առավել քան բնական է` չկան հանցագործները, չկա եւ գործ: Իսկ ավելի պարզ, Հայաստանը, անսալով վրացական կողմի խնդրանքինՙ Հայաստանի պետբյուջեին զրկեց որոշ գումարով ավելանալու հնարավորությունից, կամ էլ, ճիշտ հակառակը, եւս երեքին մեր կալանավայրերում պահելու ծախսերի անհրաժեշտությունից:
Ինչեւէ, բարություն ու այն դրսեւորելու կամք միայն Հայաստանի՞ն է տրված: Դժվար թե բարությունը դառնա քաղաքական կատեգորիա, առավել եւս նշանակություն ունենա երկու երկրների հարաբերություններում, բայց եթե հարեւաններից մեկը բարիդրացիություն չի կարողանում անել, ուրեմն մյուս կողմի անպատասխան ռեւերանսների դեպքում խիստ կասկածելի են հարաբերությունների հեռանկարները: Եվ թերեւս այս պարագայում ավելի լավ է լինել քիչ իրատես եւ ճիշտ գնահատել իրականությունը, քան հավատալ արժեքների, որոնք դեկլարատիվ հայտարարություններից դենը չեն գնում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ