Կարապետիչը նեղացե՞լ է Ազիզ Թամոյանից
Աշխարհի մոտ 2 մլն եզդիների ղեկավար Ազիզ Թամոյանը երեկ «Փաստարկ» ակումբում դատապարտեց Հյուսիսային Իրաքում գտնվող Լարիշ քաղաք մտնելու թուրքերի քայլը: Ընդգծելով, որ թուրքերի նպատակը քրդերին` քրդական պետություն ստեղծելու գործում խանգարելն է, նա այնուամենայնիվ մտահոգություն հայտնեց, որ եզդիներին շատ վնաս կհասցվի: Եզդիների նախագահի խոսքով, Լարիշ քաղաքը համարվում է համայն աշխարհի եզդիների հայրենիքն ու սրբատեղին, որտեղ բնակվում են 1 մլն-ից ավելի եզդիներ ու նաեւ իրենց հոգեւոր առաջնորդը: «Սա դատապարտելի երեւույթ է, որովհետեւ հազարամյակներ առաջ եզդիները բնակվել են Հյուսիսային Իրաքում: Դա կբերի արյունահեղության, եւ եթե թուրքերը քրդերի հետ հարց ունեն, թող սեղանի շուրջը նստեն եւ խոսեն, ոչ թե մտնեն մեր հայրենիք ու պատերազմական գործողությունների դիմեն», ընդգծեց Ազիզ Թամոյանը: Դիտարկմանը, թե պաշտոնապես հաստատված չէ թուրքերի` Հյուսիսային Իրաք մտնելու լուրը, Ազիզ Թամոյանն արձագանքեց, որ ինքը կապեր ունի, ում միջոցով էլ ճշտել է այդ լուրերը:
Աշխարհի եզդիների առաջնորդն ասաց, որ եթե իրենց կոչը չանցնի, իրենք ցույցեր կկազմակերպեն ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների առջեւ` միջազգային հանրությունից եւ առաջադեմ մարդկությունից պահանջելով թույլ չտալ պատերազմական գործողությունների իրականացում: Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմական գործողությունների հետեւանքին, ապա նախագահ Թամոյանը չի կարծում, որ եզդիները Լարիշից դուրս գալուց հետո կարող են գալ Հայաստան. «Եզդիների մեծ համայնքներ կան Գերմանիայում, եվրոպական երկրներում եւ Իրաքի դեպքերի զարգացման պարագայում նրանք Հայաստան չեն գա, այլ կմտնեն եվրոպական երկրներ»: Նա հայտնեց նաեւ, որ Հայաստանում ապրում են 42 հազար եզդիներ, որոնց հիմնական մասը բնակվում է Արմավիրում:
Խոսակցություններ կան, որ եզդիների նախագահը հայտարարել է, թե իրենց համայնքը խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկելու է «Դաշինք» կուսակցության օգտին, ինչը խիստ զայրացրել է Կարապետիչին, որը եզդիներին եթերից երգելու հնարավորություն տվելՙ նրանց քվեներն ստանալու հույսով: Երեկ Ազիզ Թամոյանն ասաց, որ ինքը նման բան չի ասել, բայց «ԱԼՄ»-ի եթերից լսել է, թե ինչպես է Տիգրան Կարապետյանն ասել, որ նեղացել է աշխարհի եզդիների նախագահից: Նա ոչ մի կերպ չխոստովանեց, թե իրենք ում օգտին են քվեարկելու, բայց նշեց, որ ունեն իրենց նախընտրած թեկնածուն: Ինքը` նախագահը, չի առաջադրվում ընտրություններում, քանի որ, իր խոսքով, նախորդ ընտրություններում առաջադրվել է Եղվարդում, բայց խանգարել են ընտրվել: Դրանից հետո նախագահը վճռական է. այլեւս չի մասնակցելու ընտրություններին:
Այնուամենայնիվ, Ազիզ Թամոյանը հայտնեց, որ եզդիական համայնքից 4 եզդի խորհրդարանական ընտրություններին մասնակցում են` 2-ը Տիգրան Կարապետյանի, 1-ը` «Դաշինքի» եւ մեկն էլ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համամասնական ցուցակներով: Նա նաեւ ցավ հայտնեց, որ իրենց համայնքին ընտրությունների նախաշեմին ցանկանում են ներսից պառակտել, բայց միեւնույն է` եզդիները միասնական ժողովուրդ են:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ