«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2007-03-22 | #53, 2007-03-23 | #54, 2007-03-24


ԱՐԴԻԱԿԱՆ ԼԵՆԻՆԻԱԴԱ ՎԼԱԴԻՄԻՐ ԻԼՅԻՉԻ ԴԵՐՈՒՄ ԲՈՐԻՍ ՄՈԻՍԵԵՎՆ Է

Օրերս անշնորհք տեղեկություն էր հրապարակել «Նեզավիսիմայա գազետան»: Լենինի մասին: Ավելի ճիշտ` նրա գեղարվեստական կինոմարմնավորման մասին: Ո՞վ էր Լենինը խորհրդային տարիներին ապրած մեր սերնդի համար: Բյուրեղյա մաքրության տեր հանճար: Աստծուն կարելի էր քննադատել, իսկ նրան` միայն գովերգել: Հետո մենք իմացանք, որ նա եղել է գերմանական հետախուզության գործակալ, տառապել է սիֆիլիսով, «լեւի» է գնացել Ինեսա Արմանդի հետ եւ այլն, եւ այլն: Ահա եւ թերթն իրազեկում է, որ լրագրող Ալեքսանդր Նեւզորովը ֆիլմ է նկարահանում համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի մասին: Հոգ չէ, որ Նեւզորովը պրոֆեսիոնալ ռեժիսոր չէ. եթե փող կա, ով ինչ ուզում, նկարահանում է: Բայց խնդրի ամենանրբանկատ կողմն այն է, որ գլխավոր դերի (Լենինի) համար նորաթուխ կինոգործիչը հրավիրել է... Բորիս Մոիսեեւին: Այո, նշանավոր շոումենին` ռուսաստանցի հոմոսեքսուալիստների ոչ պաշտոնական առաջնորդին: Կարելի է ասել, թե ի՞նչ կապ ունի նրա սեքսուալ կողմնորոշումը. եթե մարդը տաղանդավոր է, ինչու չի կարող մարմնավորել կոմունիստական տիտանին: Բայց թերթը ցինիկ է Լենինի կերպարի նոր մեկնաբանման հարցում. «Եվ այստեղ նոր ընթերցման համար ի՜նչ հեռանկարներ են բացվում... Էյզենշտեյնը կնախանձեր: Թեկուզեւ պատկերացնել, թե բոլշեւիկ Մոիսեեւը ինչպես է բարձրանում զրահագնացքի վրա եւ գրկում, ասենք, նրա փողը ու հառաչում... բավականությունից»: Հիմա հասկացա՞ք, թե ինչու եմ այս տեղեկությունը համարում անշնորհք: Սակայն թերթը անամոթաբար զարգացնում է այս թեման եւ սկսում սեքսապաթոլոգիական խորհրդածություններ անել... փողի չափերի մասին: Առաջին հայացքից թվում է, տրամաբանում է անկախ հրատարակությունը, որ ինչքան մեծ, այնքան լավ, բայց մյուս կողմից, փոքրը կարող է ավելի շարժուն լինել: Թեեւ այստեղ ըստ երեւույթին զգալով, որ այնուամենայնիվ կորցնում է բարոյաքաղաքական նրբանկատությունը, թերթն արդարանում է, որ իբր անկախ ամեն ինչից, ոչ մի պարագայում ինքը չի օգտագործում «պիդեր» բառը: Սակայն մասնակիորեն մեղանչելով հանդերձ, անմիջապես հերթական անտակտությունն է ցույց տալիս, Նեւզորովին առաջարկելով Նադեժդա Կրուպսկայայի ու Ինեսա Արմանդի դերերի համար հրավիրել... երկու քնքույշ լեսբուհիների:

Այս պամֆլետային հղանքը արտաքինից աներեւույթ մի ենթատեքստ է պարունակում: «Ռեժիսոր» Նեւզորովը պատկանում է Ռուսաստանի քաղաքական կյանքի այսպես կոչված հայրենասիրական թեւին: Եվ ստացվում է այնպես, որ այդ ազգայնական մտայնությունը իբր ձեռք է բերում արդիական նոր երանգներ` ժամանակի ոգուն համապատասխան: Այսինքն, տեղի է ունենում հայրենասիրական գիտակցության մուտացիա:

Ֆիլմը կոչվելու է «Երրորդ հայտնությունը»: Թեեւ դժվար է պատկերացնել այդ տեսարանում... Բորյա Լենինին:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4