«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2007-03-22 | #53, 2007-03-23 | #54, 2007-03-24


ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ ԿԱՄ ԵՐԵՎԱԼՈՒ ՄՈԼՈՒՑՔ

Արդեն 6 տարի ՀՀ կառավարությանն ու գրողների միությանը հաջողվել է վերակենդանացնել մանկապատանեկան գրքի եւ երաժշտության շաբաթ կազմակերպելու ավանդույթը: Այս տարի շաբաթը կմեկնարկի մարտի 26-ին ու կավարտվի ապրիլի 2-ինՙ գրքի միջազգային օրը: Միջոցառումներն այդ յոթ օրում կխտանան Խնկո-Ապոր անվան ազգային մանկական եւ Ավետիք Իսահակյանի գրադարաններում: Մեկշաբաթյա ծրագիրը գրադարաններում ներառում է նկարչական գործերի ցուցադրում, մրցույթներ, գրքերի քննարկումներ, հոբելյանական երեկոներ, երեխաների ստեղծագործությունների ներկայացում, թատերականացված եւ այլ միջոցառումներ:

ԳՄ ներկայացուցիչներն էլ կլոր տարին այցեր են կազմակերպում երկրի տարբեր մարզեր, դպրոցներ, մանկապարտեզներ, զորամասեր: Այցերն ուղեկցվում են գրական երեկոներով, քննարկումներով եւ ավարտվում են 100 անուն նորատիպ գրքեր տեղի գրադարանին կամ դպրոցին նվիրելով: Սա ԳՄ նախագահ Լեւոն Անանյանի վստահեցումն է, իսկ գրահրատարակչության վարչության պետ Էդուարդ Միլիտոնյանի վստահեցմամբ պետության պատվերով տարեկան ավելի քան 50 անուն մանկական գիրք է տպագրվումՙ մեծ մասը հայաստանաբնակ մանկագիրների ստեղծագործություններից, կա նաեւ թարգմանաբար ներկայացվող շարք: Միլիտոնյանի պնդմամբ, քանի որ մանուկների համար ստեղծվող գրականությունը առանձնապես մեծ թիվ չի կազմումՙ չկա արժեքավոր մի գործ, որը չտպագրվի:

Ստեղծվածներն էլ գնահատվում են մրցանակներով: Այդ կերպ առանձնացվել են Լիպարիտ Սարգսյանի «Վահեի երգը» եւ Երվանդ Պետրոսյանի «Ամենա-ամենաբարձրը», «Ամպ ու արեւ մեր բակում» եւ հեքիաթների բանաստեղծական փոխադրություններ գործերը: Ըստ Միլիտոնյանի, մեր օրերում լավ գրականություն ստեղծվում է, խնդիրը լավ ընթերցող ունենալն է, որի ուղղությամբ անելիքը լրատվամիջոցներինն է:

Բայց իրականություն է այն, որ ամեն տարի հրատարակվող ավելի քան 50 անուն գրքերից ոչ մեկը չի հասել Իսահակյանի անվան գրադարան, քանի որ դրանք մանկական են եւ տրվում են Խնկո-Ապոր անվան գրադարանին, իսկ մնացյալները պետք է ձեռք բերեն սեփական բյուջեով, որն ինքնին ծայրը ծայրին հասցնելուն է բավականացնում, համաձայն Իսահակյանի անվան գրադարանի տնօրենի վստահեցման:

Հ.Գ. Ներկայացվածին տեղեկացանք գրողների միությունում երեկ կայացած ասուլիսի ընթացքում: Այն բազմաբանախոս էր, բայց բանախոսներին լսող չեղավ: Բազմազբաղ էին ու շտապողականՙ ասացին ու հեռացան Լեւոն Անանյանն ու Էդուարդ Միլիտոնյանը: Հոգ չէր, թե ով կպատասխաներ հարցերին. ախր, ի սկզբանե ԳՄ նախագահին անհեռանկար թվաց ասուլիսըՙ հեռուստաընկերություններից միայն մեկի նկարահանող խումբն էր ներկա, այն էլ բանախոսներից ավելի շուտ լքեց սրահը: Հասկանալի է նախընտրական փուլում երեւալու մոլուցքը, բայց վստահաբար ոչ ընդունելի: Հատկապես որ դա տվյալ դեպքում ուղեկցվեց Լեւոն Անանյանի ոչ հեռուստատեսային լրատվամիջոցների ներկայությունը չնկատելով:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4