«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2007-03-22 | #53, 2007-03-23 | #54, 2007-03-24


ՇՓԱՑԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Օտարվելու են եւս 119 պատմական շենքեր

«Այստեղ է ապրել Հայաստանի առաջին հանրապետության նախագահ Արամ Մանուկյանը» ցուցանակը կրող 19-րդ դարի պատմամշակութային շենքն ընդգրկված չէ մարտի 15-ին կառավարության հաստատած օտարման ոչ ենթակա 18 935 պատմամշակութային հուշարձանների ցանկում: «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Հակոբ Սիմոնյանն ասում է, որ իրենք առաջարկել են այդ ցանկում ընդգրկել Երեւանի կենտրոնում դեռեւս երեւացող 119 պատմամշակութային շենքերը, բայց իրենց առաջարկը մերժվել է ու շատ շուտով դրանք կփոշիանան մեր տեսադաշտից: «Այդ ցուցակը մենք պետք է կազմեինք, բայց կառավարությունը հանձնարարեց հուշարձանների պահպանության գործակալությանը, որի ընտրությամբ էլ դեռեւս կանգուն այդ շենքերը դուրս մնացին ցուցակից: Դրանք քանդելով, մեր իսկ ձեռքով մեր քաղաքին զրկում ենք իր անցյալից, Արամի, Բուզանդի, Աբովյան եւ մյուս փողոցների պատմական շենքերը պետք էր պահպանել, այլ ոչ թե տեղափոխելու խոստումով քանդել: Պարզապես ցավալի է, որ այդ ամենը կատարվում է այն մարդկանց թողտվությամբ, ովքեր պատասխանատու են դրանց պահպանման համար»:

Օտարման ոչ ենթակա պատմամշակութային հուշարձաններին ցանկի մասին երեկ իրենց կարծիքն արտահայտեցին նաեւ Մամուլի ազգային ակումբ հրավիրված ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանը:

Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ հուշարձանների պահպանության օրենք մշտապես ունեցել ենք, խնդիրն էլ ավելի բարդ է կիրառելու առումով: «Կարմիր բլուրը եզակի հուշարձան է, բայց տեսեք, թե ինչ է կատարվում դրա շրջակայքումՙ գերեզմանոցներն ուղղակի հարձակվել են հուշարձանի վրա: Աղետալի վիճակում է նաեւ Շենգավիթը, բազմաթիվ օրինակներ կարելի է բերել: Հայաստանը չափազանց հարուստ է մշակութային հուշարձաններով, երեւի թե ավելի շատ ունենք, քան պետք է ու դրանից շփացել ենք: Նույնիսկ դիտավորյալ փչացնելու դեպքեր են լինումՙ մեկը երազում խաչքարի տակ գանձ է տեսնում է եւ առավոտ շուտ վազում է խաչքարը ջարդելու», ասաց Մինասյանը: Թեպետ կառավարության հաստատած նոր ցանկը հուշարձանների պահպանությունը իրավական հիմքի վրա է դրել, սակայն բնավ չի բացառվում, որ օտարման փորձեր, այնուամենայնիվ, կլինեն: Որքան էլ արդարացվի մայրաքաղաքի կենտրոնի հուշարձան շենքերը քանդելու անհրաժեշտությունը, ինքը կարծում է, որ դրանք կարելի էր հասցնել նվազագույնի: Ցավոք, այդպես չեղավ եւ պատմական շատ շենքեր կորցրեցինք:

Հակոբ Սիմոնյանը եւս հաստատեց, որ ցանկն իբրեւ իրավական փաստաթուղթ ունենալը կարեւոր նշանակություն կունենա պահպանության համար, որովհետեւ այդ պատասխանատվությունն ամբողջապես ընկնում է կառավարության ուսերին, մանավանդ որ հուշարձանների 70-80 տոկոսն այսօր վերականգնման կարիք ունի: Հասարակության հոգածությունն ավելացնելու, իր պատմամշակութային ժառանգությանը տեր դարձնելու առումով անելիքներ ունի հատկապես կրթական համակարգը, որն աչքաթող է արել պատմական հուշարձանները որպես երկրի հարստության աղբյուր քարոզելըՙ սահմանափակվելով միայն դրանց մասին պատմական կցկտուր տեղեկություններ տալով:

Հուշարձանների պահպանության գործակալությունը, ինչպես փաստեց Արտյոմ Գրիգորյանը, ունի կադրերի որակի բարձրացման ու քանակի ավելացման, ինչպես նաեւ տեխնիկապես վերազինվելու կարիք, առանց որոնց իրենց աշխատանքը տեղից չի շարժվի հատկապես հուշարձաններով առատ գյուղական բնակավայրերում, որտեղ պահպանության հետ կապված բազում խնդիրներ կան:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4