Թատրոնի միջազգային օրը թատերասերները հիշում են վարչապետի մեծ աջակցությունը թատրոնին
«Մեր ամբողջ ազգը մեծ վիշտ ապրեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվամբ: Մենք կորցրինք մի մարդու, ով ուսանողական տարիներից դեռ սիրում էր թատրոնը, կապված էր նրան, օգնում եւ հովանավորում էր: Նա կմնա մեր հիշողության մեջ` որպես պայծառ մարդ, ով սիրում էր թատրոնը», երեկ «Տեսակետ» ակումբում թատրոնի միջազգային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասաց դրամատիկական թատրոնի դերասան Վլադիմիր Մսրյանը: Այսօր թատրոնի միջազգային օրն է, եւ մինչ ակումբի հյուրերը կխոսեին մեր թատրոնի ներկա վիճակի մասին, խորը կսկիծով սգացին վարչապետի մահը` միաժամանակ հիշելով, թե վարչապետը որքան է օգնել թատրոններին: Մինչ Վլադիմիր Մսրյանը հավաստում էր, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անխտիր օգնել է թատերական բոլոր կոլեկտիվներին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը պատմում էր իր ամենաթարմ հիշողություններից:
Նրա խոսքով, վարչապետը հովանավորելու էր իրենց այցը Բրեստ, որտեղ թատրոնի կոլեկտիվը կազմակերպված միջազգային փառատոնին պետք է ներկայացներ «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը: «Մեզ հրավիրել էին, գումար չկար ու վերջին պահին վարչապետն ասաց, որ ինքը կֆինանսավորի», ասաց Ալեքսանդր Գրիգորյանը:
Վլադիմիր Մսրյանի խորը համոզմամբ այսօր հնչող խոսակցությունները, թե թատրոն չկա, կամ այն ճգնաժամ է ապրում, իրականությանը չի համապատասխանում. «Այն ասեկոսեները, որ թատրոնը ճգնաժամ է ապրում, ես հերքում եմ»: Դրամատիկական թատրոնի դերասանը վստահ է, որ թատրոններում հաճախություն կա, երիտասարդներն էլ թեպետ քիչ են այցելում թատրոն եւ կինո, սակայն կարդացած եւ տեղյակ են: Վլադիմիր Մսրյանը զայրացած է նաեւ այն խոսակցություններից, թե իբր մտավորականները գործ չպետք է ունենան քաղաքականության մեջ. «Ինչպես կարող է դերասանը, ռեժիսորը քաղաքականության մեջ չլինի, անհնար է, բայց մի տարբերությամբ` մենք մեր ասելիքը բեմից ենք ասում»: Դերասանը կարծիք հայտնեց նաեւ, թե այսօր քիչ են բեմադրություններ արվում կամ ֆիլմեր նկարահանվում մեր բանակի, արցախյան պատերազմի մասին: Նա վստահ է, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք մեր լուրջ խոսքն ասենք այդ մասին:
Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարին հուզում է, որ այսօր թատրոնները գերի են տնտեսական իրավիճակին` ի տարբերություն խորհրդային շրջանի, երբ թատրոնները գերի էին գաղափարախոսությանը. «Խորհրդային շրջանում մեզ ինչ-որ խաղացանկ էր պարտադրված, չնայած ամեն բան էլ բեմադրում էինք, բայց այսօր թատրոնները գաղափարախոսության փոխարեն գերի են տնտեսական իրավիճակին»: Ալեքսանդր Գրիգորյանը ցավով նշեց, որ այսօր մեզանում հակում կա դեպի ցածրորակը եւ բավական է նախագահի կամ մի իշխանավորի հասցեին հնչող ծիծաղելի մտքեր պարունակող բեմադրություն դրվի, տոմսերն անմիջապես կսպառվեն` անգամ եթե տոմսերի արժեքը շատ թանկ լինի: Ընդգծելով, որ մենք պարտավոր ենք պահանջել բարձր արվեստ, բեմադրիչը համոզմունք հայտնեց, որ թատրոն կոչվող հրաշքը երբեք չի մեռնի:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ