«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2007-03-23 | #54, 2007-03-24 | #55, 2007-03-27


«ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌԵԼԸ ԹԻՎ 1 ԽՆԴԻՐՆ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»

Նշում է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը

Մինչ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած «Նորարարական տեխնոլոգիաները Հայաստանի արդյունաբերության ոլորտում» սեմինարի սկսվելը միջոցառման մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը:

Բացելով սեմինարը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ նորարարությունը արդյունաբերության մեջ կիրառելը թիվ 1 խնդիրն է աշխարհում: Դա առավել կարեւոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը հավակնում է լինել գործարարության զարգացման, գիտելիքահենք տնտեսության տարածաշրջանային կենտրոն: Ըստ ՀԱԳՄ նախագահի, մեր ինտելեկտուալ հնարավորություններն օգտագործող մի քանի ծրագրեր առաջիկա 1-2 տարիներին կկիրառվեն տնտեսության մեջ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նույնպես կարեւորեց գիտության եւ արտադրության կապը: Դա կարեւոր է ինչպես գիտության, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Ինչպես նշեց Բագրատ Ենգիբարյանը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում նորարարությունների կիրառումը արտադրության արդյունավետությունը բարձրացնում է 10-20 անգամ: Երեկվա սեմինարի նպատակը, ըստ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենի, հնարավորություններ տալն է, ձեւավորել գործարար առաջարկություններ եւ ստեղծել ավանդույթներ Հայաստանում վենչուրային կոնֆերանսներ հրավիրելու համար: Մինչ այժմ նման կոնֆերանս հրավիրվել է միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին նվիրված, իսկ հոկտեմբերին նախատեսվող վենչուրային կոնֆերանսը կվերաբերի տնտեսության բոլոր ճյուղերին:

CAPS կազմակերպության ներկայացրած զեկույցի համաձայն, հայաստանյան ընկերությունները լավ հնարավորություններ ունեն մասնակցելու ճարտարագիտական նախագծման ծառայությունների համաշխարհային շուկայում: Այս առումով Հայաստանի ուժեղ կողմերն են մարդկային կապիտալը այս ոլորտում, գիտատեխնիկական ու կրթական նվաճումների գերազանց փորձը, խորհրդային ժամանակներից սկսած հաջող ավանդույթներն այստեղ եւ ԽՍՀՄ փլուզումից հետո գիտատեխնիկական կրթության ոլորտում ունեցած կարողությունների պահպանումը:

Մեր երկրի թույլ կողմերն են համաշխարհային տեխնոլոգիական զարգացմանը մեր ճարտարագիտության ոլորտի ոչ համընթաց զարգացումը, տեղական սահմանափակ շուկան, ժամանակակից ծրագրային փաթեթների կիրառման փորձ ունեցող շրջանավարտների փոքր թիվը, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անբավարար լինելը եւ այլն: Սակայն, չնայած այս թույլ կողմերին, ուսումնասիրության մեջ այն եզրակացությունն է արվում, որ Հայաստանը ներուժ ունի ճարտարագիտական աութսորսինգի (արտաքին պատվերների) ասպարեզում մրցակցելու համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4