Վանաձոր ձորակում փոքր հիդրոէլեկտրակայան կառուցելու տարբեր նախագծերի մասին լուրերը քաղաքում շրջանառվում էին դեռեւս նախորդ տարեվերջին: Մարզկենտրոնի մտավորականությունը միանշանակ դեմ էր դրան: Առաջին արձագանքը Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի բաց նամակն էր` ուղղված Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին եւ համայնքի ավագանուն, որը տպագրվեց «Լոռու մարզ» թերթում (2007 թ., թիվ 7): Հրապարակումներ եղան նաեւ «Ազգ» օրաթերթում: Հաջորդեցին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Սանթոյանի, պատմաբաններ Գեւորգ Չատինյանի, Հրաչիկ Մարուքյանի, արձակագիր Վալտեր Թորոսյանի համապատասխան արձագանքները, որոնք նույնպես տեղ գտան «Լոռու մարզ» թերթում (թիվ 9, 10 եւ 13): Նրանք իրենց բացասական կարծիքն են արտահայտել քաղաքի ողջ մտավորականության անունից: Վերջերս «Լոռու մարզ» թերթում տպագրվեց նաեւ ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ պատվավոր որսորդ եւ արձակագիր Սերժ Բաղդասարյանի «Պահպանենք Վանաձորի անաղարտությունն ու անվտանգությունը» (թիվ 20) վերնագրով հոդվածը, ուր հանգամանորեն, փաստարկներով բացատրվում էր, թե ինչու Վանաձորի կիրճում ՀԷԿ կառուցելը պարզապես անթույլատրելի է եւ լի վտանգներով: Բացասական արձագանքներ եղան նաեւ հանրապետական մամուլում: Օրերս Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հրավիրած մամլո ասուլիսում լրագրողները բարձրացրին այս հարցը: Պրն Քոչարյանը պատասխանեց. «Որեւէ խնդիր առանց լայն քննարկման լուծել ճիշտ չի լինի եւ չի լուծվի»: Նա իր խոսքում կարեւորեց հատկապես հասարակական լսումների դերը: Ինչ վերաբերում է իր դիրքորոշմանը, ապա խոստացավ այնպիսի կարծիք արտահայտել, որը հասարակության բացասական արձագանքին չարժանանա:
Օրերս մարզկենտրոնի մտավորականները Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ էին հրավիրել քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանինՙ հարցի վերաբերյալ սպառիչ մեկնաբանություններ ստանալու նպատակով:
Տ. Պապանյանը շնորհակալություն հայտնեց մտավորականներին մտահոգվելու համար եւ հույս հայտնեց, որ մանրամասնություններ ներկայացնելուց հետո բողոքի ալիքը կհանդարտվի: Նա նշեց, որ քաղաքապետարանը ստացել է «Հասմիկ» ՍՊԸ-ի (տնօրեն` Էլմիրա Գասպարյան) դիմումը եւ Լոռու մարզպետի միջնորդագիրը Վանաձոր գետակի վրա փոքր ՀԷԿ կառուցելու վերաբերյալ: Նախորդ տարիներին եւս, ըստ նրա, եղել են նմանատիպ առաջարկություններ. առաջինըՙ 2005 թ.-ին, երբ պետք է ջուրը վերցվեր «Լոռոնց գոմեր» կոչվող տարածքից եւ իջեցվեր մինչեւ «Քոթուկներ» ռեստորան, որտեղ էլ պետք է ՀԷԿ կառուցվեր: Խողովակաշարը պետք է անցներ հանգստի գոտով, ուստի առաջարկը երկու անգամ մերժվել է համայնքի ավագանու կողմից: Այս անգամ առաջարկությամբ հանդես է եկել «Հասմիկ» ՍՊԸ-ն, որը ցանկանում է օգտագործել քաղաքի արհեստական լիճը սնուցող խողովակաշարը: Ընկերությունը նախատեսում էր ՀԷԿ-ի տուրբինը տեղադրել «Էլկանի» ռեստորանի տարածքում, այսինքնՙ մինչեւ արհեստական լիճը: Սակայն, պրն Պապանյանի մեկնաբանությամբ, այդ դեպքում համապատասխան ճնշում չէր առաջանում միայն առկա խողովակաշարն օգտագործելով: Ուստի մասնագետներն առաջարկել են խողովակաշարը երկարացնել շուրջ 800 մետր: Այդ տարածքն ընդգրկում է «Ղարս» ռեստորանից դեպի վերեւ ու «Շինարար» ճամբարից ներքեւ ընկած տարածքը: Տ. Պապանյանը հավաստեց, որ այդ հատվածում ոչ մի հանգստի գոտի չկա: «Հասմիկ» ՍՊԸ-ն նախատեսում է նաեւ հիշյալ ճամբարի համար կառուցել երեք փոքրիկ ամբարտակներ (3x4 մ չափի)ՙ նստատեղեր, հանգստի տաղավարներ, ինչը կդառնա ընկերության ներդրումը:
Բացի այն, որ ՀԷԿ-ն էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով է կառուցվելու, հաջորդ քայլը, ինչն ըստ բաժնի պետի օգուտ կբերի քաղաքին, այն է, որ ջուրը կֆիլտրացվի եւ արհեստական լիճ կլցվի մաքուր վիճակում:
- Հարցն ավագանու նիստում դեռեւս չի քննարկվել եւ մի քանի անգամ հանվել է օրակարգից, քանի որ կարեւորել ենք համապատասխան մասնագետի եզրակացությունը: Մասնագետը, որը պետք է ժամաներ Երեւանից, չէր կարողացել ներկա գտնվել նիստին,- պարզաբանեց Տ.Պապանյանը:
Այսուամենայնիվ, մտավորականությունը բավական թվով հարցեր առաջադրեց, իսկ բողոքի ալիքը հնչած մեկնաբանություններից հետո ոչ միայն չնվազեց, այլեւ ավելի սաստկացավ:
Մելս Սանթոյանը նշեց, որ ինքն իրազեկ էՙ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է այն գետերի ցանկը, որոնց վրա թույլատրվում է կառուցել ՀԷԿ-եր. նրանց թվում «Վանաձոր» գետակը հիշատակված չէ:
Հարցի կապակցությամբ Տ. Պապանյանը նշեց.
- Մենք դեռեւս թույլտվություն չենք տալիս ՀԷԿ կառուցելու վերաբերյալ: Ավագանին պարզապես համաձայնություն կարող է տալ, որպեսզի հետագայում հարցն ուսումնասիրվի ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննական հանձնաժողովում: Հաջորդ քայլը կլինի քաղաքաշինության նախարարության համապատասխան եզրակացությունը, կառավարության որոշումը, եւ ապա նոր կթույլատրվի անցկացնել խողովակաշար:
Նրա տեղեկացմամբՙ կվերցվի ջրի ընդամեը 1/7 մասը: Ամռանըՙ 300 լ/վրկ, ձմռանըՙ 200 լ/վրկ, գարնանըՙ 600 լ/վրկ, աշնանըՙ 300 լ/վրկ ծավալով:
Սերժ Բաղդասարյանի հարցը հետեւյալն էր. «Տեղյա՞կ է արդյոք քաղաքապետարանը, որ խողովակաշարը, որով պետք է ջուր մատակարարվի ՀԷԿ-ին, անցնում է շուրջ 20 բնակելի տների տարածքով եւ ո՞ր սեփականատերը կթույլատրի, որ նմանատիպ աշխատանքներ կատարվեն»: Ըստ ՎՊՄԻ-ի պատմության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ժամհարյանի` կառուցվելիք ՀԷԿ-ը տնտեսական ոչ մի արդյունավետություն չի տա Վանաձորին եւ նրա արտադրած էներգիան այնքան չնչին կլինի, որ անգամ կառուցելն է ավելորդություն: Ոչ միայն նրա, այլեւ մյուս մտավորականների կարծիքով, ընկերության հիմնական նպատակը ՀԷԿ կառուցելը չէ, կան շատ այլ հեռահար նպատակներ, որոնցից մեկն էլ, ըստ նրանց, Վանաձորի կիրճը սեփականացնելն է:
Հարցեր հնչեցրին նաեւ արձակագիր Վալտեր Թորոսյանը, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Ղազարյանը, պատմական գիտությունների դոկտոր Ֆելիքս Մովսիսյանը եւ ուրիշներ: Նրանք անգամ պատասխան չէին ակնկալում, պարզապես իրենց վրդովմունքն էին արտահայտում հարցի առնչությամբ: Որոշում կայացվեց ուղերձ պատրաստել, որը կհնչի առաջիկայում գումարվելիք ավագանու նիստում: Մտավորականների վերջնական եզրակացությունը նույնն էր` «Ձեռքերդ հեռո՛ւ Վանաձոր գետակից»:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ
Հ.Գ. Վանաձորի քաղաքապետի լրատվության գծով օգնական Խորեն Գասպարյանն այդ հանդիպման առիթով ասաց.
- Մտավորականների ցանկությանն անսալովՙ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետը պատրաստակամորեն ներկայացրեց իր պարզաբանումները հարցի վերաբերյալ: Իմ կարծիքով` կարեւոր են նման հանդիպումներն ու քննարկումները: Ոմանք, ցավոք, շեղվելով քննարկման դրված կոնկրետ թեմայից, շոշափեցին նաեւ այլ հարցեր: Բորբոքվեցին կրքեր, ինչը ցանկալի չէ, բայց, երեւի սպասելի է նման դեպքերում...