Արդեն որերոդ անգամ 93-ամյա Ալեքսանդր Տեր-Գրիգորյանը իր եւ Երեւանի կենտրոնում ապրող իր հարեւան բնակիչների անունից նամակ է գրում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Խնդրանքն է, որ Երեւանի Սբ. Կաթողիկե եկեղեցու եւ նրա շրջակայքի շինարարության ու վերականգնման աշխատանքների շարքում տեղ գտնի նաեւ «Երեւաննախագծի» վաղեմի եւ չիրականացած ծրագրերից մեկը, ըստ որի «Երիտասարդական» մետրոյից օգտվողները երկրորդ ելումուտքի հնարավորություն պիտի ունենային եկեղեցուն հարող փոքրիկ պուրակի կողմից:
«Քանի կառուցում են, թող այդ չիրագործված ծրագիրն էլ ներգրավեն, վստահ եմ, հետագայում էլի ինչ-որ մեկը հիշեցնելու է մետրոյի երկրորդ մուտքի մասին, ստիպված են լինելու տարածքի մի մասը քանդել եւ նորից կառուցել», ասում է ինժեներ, մեխանիկ Ա. Տեր-Գրիգորյանը: Նա մետրոյից իրենց տուն հասնելու համար մոտ մեկ կանգառ պետք է քայլի կամ իր խոսքով ասած` նստի «պատգամավորական գծերից մեկի երթուղային տաքսին»:
Այս անգամ Գարեգին Բ Հայրապետին ուղղված նամակի պատճենը Ա. Տեր-Գրիգորյանը բերել էր նաեւ «Ազգ»-ի խմբագրություն: Նրա գաղափարին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով «Ազգը» հյուրընկալվեց նրանց տանը: Երբ դիմեցինք տանտիրոջն ազգանունով, նրա աղջիկը զարմացավ, թե ինչո՞ւ է հայրը Գրիգորյան ազգանվան դիմաց «Տեր» ավելացրել: «Քանի որ վեհափառին եմ դիմում, ուզում եմ ոգեւորվի նրանից, որ ես քահանայի թոռ եմ եղել», խորամանկում է պատկառելի տարիքի հասած պարոնը: Երբ հարցնում ենք, թե ինչո՞ւ հարցը քաղաքապետի փոխարեն ուղղում է կաթողիկոսին, զրուցակիցս ասում է. «Քաղաքապետից Պողոս-Պետրոս դուրս չի գա: Նա մետրո սարքող չի, փող չունի, նա միայն կարող է ցանկություն հայտնել: Իսկ եթե վեհափառը եկեղեցու հովանավոր բարերարներին կես բերան ասի, չեմ կարծում` մերժեն: Մուտքի ծախսը եկեղեցի կառուցողի համար այնքան էլ մեծ գումար չէ»: «Ձեր թերթը երեւի վեհափառը կարդում է, սայթ էլ ունեք, չէ՞: Կնշանակի` դրսում էլ են ձեզ կարդում: Գրե՛ք, գուցե մեկն արձագանքի՞», խնդրում է մեր մշտական ընթերցողը, որին մերժելու հիմք չենք տեսնում, սակայն զարմանում ենք` ի պաշտոնե քաղաքի պատասխանատուն կարծես քաղաքապետն է, բայց մետրոյի երկրորդ մուտքի գումարը Ամենայն հայոց կաթողիկո՞սը պետք է գտնի: Եթե պատկերացնենք էլ նման երեւույթ, արդյոք նման նախադեպը սոցիալական հոգսերի լուծումը նոր հասցեատեր «հայտնաբերելու» պես մի բան չի՞ դառնա:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հ. Գ. Սբ. Կաթողիկե եկեղեցու շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, որ Ա. Տեր-Գրիգորյանի եւ շատ երեւանցիների համար ոգեւորվելու, նոր ու լավ եզակի կառույց տեսնելու սպասում են արթնացրել: Սակայն հուզմունքից առավել կարեւոր է հետեւյալ հարցի պատասխանը: Երեւանի մետրոպոլիտենի մի հատվածը կառուցված է Սբ. Կաթողիկե եկեղեցու ճիշտ տակ, այնպես, որ ամեն անգամ, երբ գնացքն անցնում է իր համար կառուցված ճանապարհով, եկեղեցական սպասքն էլ, հոգեւորականն էլ ցնցվում են բեմի վրա: Տեսնես այս հարցը լուծում կգտնի՞ ընթացիկ շինաշխատանքների շնորհիվ: