«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2007-03-24 | #55, 2007-03-27 | #56, 2007-03-28


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ

Լեհական ֆուտբոլը վերելք է ապրում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում հյուրընկալվելիս ուժերը կչափի 1-ին խմբի առաջատար Լեհաստանի ֆուտբոլիստների հետ: Հանդիպումը տեղի կունենա լեհական Կելցե քաղաքի «Մոսիր» մարզադաշտում: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 23.30-ին եւ կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ: Հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական բրիգադը Ալբերտո Ունդիանու Մալյենկոյի գլխավորությամբ:

Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր մեկնեց երկուշաբթի օրը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ հավաքականի մարզիչները ուսումնամարզական հավաքի էին հրավիրել 25 ֆուտբոլիստի, որոնցից 20-ն են մեկնել Լեհաստան: Տարբեր պատճառներով հավաքականի կազմից դուրս են մնացել ներկայումս Իրանում հանդես եկող փյունիկցի ֆուտբոլիստներ Աղվան Մկրտչյանն ու Ալեքսանդր Թադեւոսյանը, «Իլյիչեւեցում» խաղացող «Բանանցի» նախկին հարձակվող Արամ Հակոբյանը, «Արարատի» ավագ Արթուր Մինասյանը եւ փյունիկցի Տիգրան Ղարաբաղցյանը:

Հայաստանի հավաքականին իրոք լուրջ փորձություն է սպասում: Լեհաստանի ընտրանին այս պահին 6 խաղից հետո 13 միավորով միանձնյա գլխավորում է ընտրական առաջին խմբի աղյուսակը: Մինչդեռ լեհերն անհաջող էին սկսել ընտրական մրցաշարըՙ մեկնարկում սեփական հարկի տակ 1-3 հաշվով զիջելով ֆիններին: Երկրորդ խաղում էլ սեփական դաշտում լեհերը չկարողացան հաղթանակ տոնելՙ ոչ-ոքի (1-1) ավարտելով հանդիպումը սերբերի հետ: Իսկ ահա հաջորդ չորս մրցախաղերում լեհերը կարծես լիովին կերպարանափոխվեցինՙ բռնելով վերելքի ուղին: Առաջին հաղթանակի քաղցրությունը լեհ ֆուտբոլիստները ճաշակեցին անցած տարվա հոկտեմբերի 7-ին Ղազախստանում (1-0): Ապա սկզբունքային մրցավեճում լեհերը պարտության մատնեցին խմբի առաջատարներից մեկինՙ Պորտուգալիայի ընտրանուն (2-1): Ոչ պակաս կարեւոր էր հյուրընկալվելիս բելգիացիների նկատմամբ տարած հաղթանակը (1-0): Եվ ահա օրերս Լեհաստանի հավաքականը սեփական հարկի տակ պարզապես ջախջախեց ադրբեջանցիներին (5-0): Այս արդյունքները վկայում են, որ լեհական ֆուտբոլն այժմ առաջընթաց է ապրում:

Լեհ ֆուտբոլիստների վերջին շրջանի հաջողություններն անշուշտ կապված են հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի մասնագետ Լեո Բեենհակերի անվան հետ: 63-ամյա մարզիչը Լեհաստանի հավաքականի ղեկը ստանձնել է անցյալ տարվա հուլիսինՙ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո: Նրա գլխավորությամբ Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ աշխարհի առաջնությունում: Նշենք, որ 1990 թ. Բեենհակերն աշխարհի առաջնությունում գլխավորել է Հոլանդիայի հավաքականը: Մարզչական իր կենսագրությունում Բեենհակերն աշխատել է «Այաքսում», «Ռեալում», «Գրասհոպերսում», Սաուդյան Արաբիայի հավաքականում եւ այլ թիմերում: Գլխավորելով Լեհաստանի հավաքականը, փորձառու մասնագետը նպաստեց լեհ ֆուտբոլիստների հաջող մրցելույթներին:

Հարկ է նշել, որ Լեհաստանի հավաքականն այն եզակի ընտրանիներից է, որ ժամանակին հաջող հանդես գալով աշխարհի առաջնություններում, դեռ երբեք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հանդես չի եկել: Հիշեցնենք, որ լեհերը 1974 եւ 1982 թթ. աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիրներ են, իսկ 1972 թ. դարձել են օլիմպիադայի չեմպիոններ: Իսկ ահա մասնակցելով Եվրոպայի առաջնությունների նախորդ 12 ընտրական մրցաշարերին, լեհերին ոչ մի անգամ չի հաջողվել եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: Մինչ օրս ընտրական մրցաշարերում Լեհաստանի հավաքականն անցկացրել է 82 խաղ, որից 34-ում հաղթել է, 21-ն ավարտել է ոչ-ոքի եւ կրել է 27 պարտություն: Լեհերը խփել են 118 գնդակ, սեփական դարպասը բաց թողել 93-ը:

Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը լեհերի կազմում չի մասնակցի թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկըՙ Էյսեբիուշ Սմոլյարեկը: Հարցականի տակ է նաեւ մյուս հարձակվող Գժեգոժ Ռասյակի մասնակցությունը: Ուստի շտապ կարգով հավաքական է հրավիրվել լեհական «Զագլեբիեի» հարձակվող Լուկաշ Պիշչեկը:

Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականները մինչեւ օրս հանդիպել են 3 անգամ: 1999 թ. մարտի 3-ին կայացած ընկերական մրցախաղում լեհերը հաղթել էին 1-0 հաշվով: Հաջորդ երկու հանդիպումները կայացել են ֆուտբոլի աշխարհի 2002 թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Հետաքրքրական զուգադիպությամբ, ուղիղ 6 տարի առաջՙ 2001 թ. մարտի 28-ին ՀՀ հավաքականը Լեհաստանում ընտրական մրցախաղում մրցել է տանտերերի հետ: Այդ խաղը չափազանց անհաջող դասավորվեց հայ ֆուտբոլիստների համար, որոնք մրցակցին զիջեցին խոշորՙ 0-4 հաշվով: Շատ ցավալի կլինի, եթե հանկարծ պատմությունը կրկնվի: Հունիսի 6-ին Երեւանում կայացած թիմերի պատասխան խաղում մեր հավաքականին չհաջողվեց ռեւանշի հասնել: Գրանցվեց ոչ-ոքի (1-1) արդյունք: Հանդիպումը մեր ֆուտբոլասերների հիշողություններում տպավորվել է խաղավերջում երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքով:

Հայաստանի հավաքականն առայժմ անհաջող է հանդես գալիս ընտրական մրցաշարում: Անցկացրած չորս խաղում ՀՀ հավաքականը վաստակել է ընդամենը մեկ միավորՙ սեփական հարկի տակ ոչ-ոքի (0-0) ավարտելով հանդիպումը ֆինների հետ: Հայ ֆուտբոլիստներին առայժմ չի հաջողվել գեթ մեկ գնդակ խփել: Դժվար է ասել, թե երբ կավարտվի գոլային երաշտը մեր հավաքականում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4