Անհրաժեշտ գիրք խուլերի համար
«Երբ սկսեցինք ժեստերով քարոզներ իրականացնել խուլերի համար, պարզվեց, որ բազմաթիվ աստվածաբանական եզրեր ու բառեր կան, որոնք ժեստերի լեզվում իրենց համարժեքը չունեն: Օրինակ, չունեինք կանթեղ, կաթողիկոս, եպիսկոպոս, վարդապետ բառերի ժեստը: Բոլորի համար մեկ ժեստ կար: Անհրաժեշտություն առաջացավ նման բառարանի հրատարակման», պատմում է Եսայի քհն. Արթենյանը, որ Հայաստանի խուլերի միավորման հոգեւոր հովիվն է: Նրա խոսքով, գիրքն իր նախադեպը չունի եւ պիտի օգնի թե՛ խուլերին, թե՛ հոգեւորականներին, նաեւ բոլոր նրանց, ովքեր ուզում են ժեստերի լեզուն սովորել: «Գիրքը խուլերի համար կարող է նաեւ քարոզագիրք դառնալ», ասում է քահանան, որ մտահոգ է հաշմանդամ մարդկանց հոգեւոր անվտանգության պայմանների բացակայությամբ եւ ամեն բան անում է աղանդավորների բաց թակարդներից նրանց զերծ պահելու համար:
Քահանա հայրը պատմում է, որ գիրքը ֆինանսավորել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արեւելյան թեմի քահանաները: Այն վաճառքի ենթակա չէ եւ պետք է բաժանեն: «3500 խուլերի համար 400 օրինակն, իհարկե, քիչ է, բայց հուսով ենք, որ վերահրատարակման հնարավորություն կունենանք: Առայժմ լույս տեսած գրքի 90 տոկոսը կտանք խուլերին, որ իրապես նպատակին ծառայի», ասում է տեր Եսային: «Ուզում ենք պատարագը ժեստերի թարգմանությամբ CD-ով թողարկել, բայց առանց այս բառարանի դա անհնար կլիներ: Նույն խնդիրն առաջ էր գալիս նաեւ աստվածաշնչյան գրքերի, բացատրությունների, Նոր կտակարանի պատմությունները խուլերի համար ժեստերի լեզվով DVD-ներ թողարկելու ցանկության դեպքում»:
Հայաստանի խուլերի միավորման հոգեւոր հովիվն ընդգծում է ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանի առյուծի բաժին աշխատանքը գրքի հեղինակման ժամանակ: «Ժեստերի լեզուն իմ մայրենի, առաջին լեզուն է, ասում է տիկին Զուբեյդան, որ խուլ ծնողների դուստր է, վերջերս մահացած նրա ամուսինն էլ խուլ էր: Զրուցակիցս կարեւորում է գիրքը նախ որպես մասնագետ. «Մինչեւ տեր Եսայուն ճանաչելս «եւ թող մեզ զպարտիս մերը» թարգմանում էի` «եւ ներիր մեզ, որ պարտք ենք անում»: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի սխալներ են պատահել, որոնք կրկնվել են տարիներ», ասում է տիկին Զուբեյդան: Նա նաեւ կարեւորում է շատ արտահայտությունների ու մասնագիտական եզրերի թարգմանությունը, որոնք սովորել է քահանայից: «Խուլերը բառերի իմաստի ուսուցման կարիք ունեն: Նրանք բառը կարդում են, բայց ճշմարիտ նշանակությունը չեն հասկանում: Այդ պատճառով էլ հաճախ են ընկնում աղանդավորների փորձված թարգմանիչների ճիրանը: Հիմա այս խնդիրը Հայ առաքելական եկեղեցու աշխատանքներով ինչ-որ չափով լուծվում է: Իսկ բառարանը իրոք մեծ նվեր է ե՛ւ թարգմանիչների, ե՛ւ խուլերի համար: Գիրքը սովորեցնում է ե՛ւ ժեստը, ե՛ւ իմաստը, ե՛ւ կրոնական գիտելիքներ է ապահովում հասկանալի ձեւով: Հոգի է դրվում խուլի աղոթքի մեջ: Նա ճշգրտորեն է հասկանում իր աղոթքը», ասում է տիկին Զուբեյդան:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ