«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2007-03-27 | #56, 2007-03-28 | #57, 2007-03-29


ՌԱՅՄՈՆԴ ԶԱԴՈՒՐՅԱՆ. ԿՓՈՐՁԵՄ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՇԻԼԹՈՆԻ ՌԵԿՈՐԴԸ

Գյումրիի «Շիրակի» 36-ամյա դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը ներկայում այն եզակի ֆուտբոլիստներից է, որ մասնակցել է 1992 թ. կայացած Հայաստանի անդրանիկ առաջնությանը: Նա 14 մրցաշրջան հուսալիորեն պաշտպանել է «Շիրակի» դարպասը, թիմի կազմում ՀՀ առաջնություններում անցկացրել է 219 խաղ: 2005 թ. տեղափոխվելով «Երեւան յունայթեդ»` Զադուրյանը հաջորդ մրցաշրջանում վերադարձավ հարազատ կոլեկտիվ եւ այսօր էլ թիմակիցների հետ նախապատրաստվում է նոր մրցաշրջանին:

- Ռայմոնդ, ինչպիսի՞ զգացումներով ես դիմավորում քո 16-րդ մրցաշրջանը:

- Այս տարի վճռականորեն եմ տրամադրված խաղերին, ցանկանում եմ փորձս փոխանցել թիմակիցներիս, օգտակար լինել «Շիրակին» ուժերիս ներածի չափով: Շատ ուրախ եմ, որ վերջին մի քանի տարիների անհաջող ելույթներից հետո թիմը կարծես կրկին վերածնվում է: Բոլորս էլ ձգտում ենք, որպեսզի «Շիրակը» կրկին լավ խաղա: Գիտեք, որ ակումբի նախագահ Գառնիկ Խաչատրյանը նորից վերադարձել է եւ ամեն ինչ ձեռնարկում է, որպեսզի «Շիրակը» վերածնունդ ապրի: Մենք էլ քրտնաջան մարզվում ենք, որպեսզի լավ մարզավիճակ ձեռք բերենք եւ կարողանանք բարձր տեղերի համար պայքարել: Իմ կարծիքով, այս տարվա առաջնությունն ավելի դիտարժան է լինելու:

- Դու փաստորեն նախկին խորհրդային ֆուտբոլի դպրոցի ներկայացուցիչներից ես: Ինչպե՞ս ես սկսել ֆուտբոլային կարիերադ:

- Ծնվել եմ Իրանում, հետո ընտանիքով տեղափոխվել ենք Գյումրի: Այստեղ էլ 8 տարեկանից հաճախել եմ ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոց, մարզվել Անդրանիկ Ադամյանի ղեկավարությամբ: Եվ հենց նրա հետ էլ 1990 թ. տեղափոխվել եմ «Շիրակ» ու մասնակցել նախկին ԽՍՀՄ 2-րդ խմբի առաջնությանը: Այդ ժամանակից իմ կյանքը մշտապես կապեցի հարազատ կոլեկտիվի հետ: Ճիշտ է, 2005 թ. այնպես ստացվեց, որ հեռացա թիմից ու խաղացի «Երեւան յունայթեդում»: Երեւի թե դա ինձ համար ամենացավալի ժամանակահատվածն էր: Սակայն մյուս կողմից դա նաեւ կյանքի փորձ էր:

- Գյումրեցիներն այն եզակի ֆուտբոլիստներից են, որոնք սովորաբար հավատարիմ են մնացել «Շիրակին» եւ այլ թիմեր չեն տեղափոխվել, չհաշված վերջին մի քանի տարիները, երբ թիմը հայտնվել էր ֆինանսական ճգնաժամում: Քո կարծիքով, որո՞նք են նման հավատարմության դրդապատճառները: Գուցե գյումրեցու թասի՞բն է պատճառը:

- Իհարկե, գյումրեցու թասիբն իր տեղն ունի: Ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում ունենում է աստեղային ժամը, առաջարկներ է ստանում այլ թիմերից ու տեղափոխվում: Իմ կարծիքով, եթե պիտի խաղանք Հայաստանում, ապա ավելի լավ է յուրաքանչյուրն իր հարազատ կոլեկտիվում հանդես գա, այնտեղ կատարելագործվի եւ հարմար առիթի դեպքում տեղափոխվի արտերկիր: Դրա համար առաջնահերթ պայման է հավաքականում հանդես գալը: Իհարկե, ֆինանսները տեղափոխման հարցում մեծ դեր են խաղում: Եթե «Շիրակը» վերջին տարիներին չհայտնվեր ֆինանսական դժվարին կացության մեջ, ապա ֆուտբոլիստներից ոչ մեկն էլ այլ թիմ չէր տեղափոխվի: Մանավանդ, որ Հայաստանում թիմերի խաղամակարդակների տարբերությունն այնքան էլ զգալի չէ:

- Եղե՞լ են հրավերներ արտերկրից:

- Թերեւս ոչ: Միայն մեկ անգամՙ 1998 թ. ձմռանը, խաղացել եմ Թեհրանի «Արարատում», հետո տեղափոխվեցի պարսկական թիմ, սակայն որոշեցի վերադառնալ Հայաստան:

- Հավանաբար տեղյակ ես, որ «Շիրակում» անցկացրած խաղերի քանակով թիմի ռեկորդակիրը ելույթներն ավարտած Գագիկ Մարգարյանն է (295 խաղ): Դու մասնակցել ես 219 խաղի: Այսինքն, եւս երեք մրցաշրջան եւ կարող ես դառնալ «Շիրակի» ռեկորդակիրը: Ինչպե՞ս ես ընդհանրապես վերաբերվում ռեկորդներին, հոբելյաններին:

- Իհարկե, հաճելի է, որ հիշում են քեզ, նշում հոբելյանդ: Նշանակում է, որ մենք էլ հայկական ֆուտբոլում ինչ-որ հետք ենք թողնում: Դեռ չեմ հոգնել ֆուտբոլից, ուժ ու եռանդ ունեմ, ուստի մոտ ժամանակներս մտադիր չեմ հրաժեշտ տալ ֆուտբոլին, եթե իհարկե հաջողվի զերծ մնալ վնասվածքներից, կամ էլ անձնական խնդիրներ չծագեն, մարզավիճակս էլ նորմալ լինի:

- Կարծում եմ` դարպասապահի համար 36 տարեկանը բնավ էլ պատկառելի տարիք չէ: Ընդհանրապես, Հայաստանում հնարավո՞ր է մինչեւ 40 տարեկանը հանդես գալ:

- Հնարավոր է, եթե կարողանաս մարզավիճակդ պահպանել: Նաեւ, եթե մտածես միայն ֆուտբոլի մասին եւ ոչ թե ֆուտբոլը համատեղես մեկ այլ գործի հետ: Մշտապես պետք է մարզվես, պատրաստ լինես մրցակցությանը: Որքան դարպասապահը տարիքով է, այնքան ավելի փորձառու է: Եվ զարմանում եմ, որ երիտասարդ դարպասապահներին միանգամից ընդգրկում են թիմի կազմում: Դա շատ դժվար է նրանց համար: Ինչ վերաբերում է ինձ, ապա կփորձեմ գերազանցել Շիլթոնի ռեկորդը:

- Համաշխարհային ֆուտբոլի դարպասապահներից ո՞ւմ խաղն է քեզ ավելի շատ դուր գալիս, ո՞վ է կուռքդ:

- Կուռքս Աստվածն է, իսկ որպես դարպասապահ շատ եմ հավանում Ֆաբիեն Բարտեզին: Նրա խաղում արտիստական ինչ-որ բան կա, ոտքով խաղն էլ շատ լավ է ստացվում:

- Դու մանկո՞ւց ես ընտրել դարպասապահի բարդ ու պատասխանատու գործը:

- Միայն առաջին օրը մարզադպրոցում հարձակվող խաղացի, այնուհետեւ մշտական տեղ զբաղեցրի դարպասում: Բակում խաղալիս արդեն սիրել եմ դարպասապահի գործը, չգիտեմ, գուցե դարպասապահի հանդերձանքն էր ինձ դուր եկել:

- Դարպասապահների հատկանիշներից ի՞նչն ես ավելի շատ գնահատում:

- Դարպասապահն առաջին հերթին թիմի կեսն է, եթե ոչ 60-70 տոկոսը: Նա պետք է պատասխանատու լինի իր յուրաքանչյուր քայլի համար, քանի որ նրա սխալը կարող է ճակատագրական լինել թիմի համար: Հազվադեպ է պատահում, որ դարպասապահի սխալը գոլով չավարտվի: Դարպասապահը հոգով ուժեղ պետք է լինի, ձգտի սխալներից զերծ մնալ: Եվ ամենակարեւորը, պետք է աշխատասեր լինի: Հակառակ դեպքում բացառվում է, որ նա մեծ հաջողությունների հասնի:

- Պարտություններն ինչպե՞ս ես տանում, եթե Աստված չանի, թիմը քո մեղքով է պարտվում:

- Անկախ ամեն ինչից, շատ դժվար եմ տանում: Խաղից հետո բավական ժամանակ մտքումս կրկին վերլուծում եմ խաղային դրվագները, թե որ պահին ինչպես էր հարկավոր գործել: Անսխալ մարդ չկա: Նույնիսկ հանրաճանաչ դարպասապահները, հենց նույն Բուֆոնն ու Բարտեզը, եւս սխալվում են:

- Դու Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից ես, որ 10 անգամ դարձել է մրցանակակիր: Ցավոք, վերջին տարիներին հաղթանակի բերկրանքը կարծես թե մոռացել ես: Ի՞նչ ակնկալիքներ ունես նոր մրցաշրջանից:

- Շատ ցավալի է, որ վերջին տարիներին չի վիճակվել հաղթանակների, մեդալներ նվաճելու բերկրանքը վայելել: Այս մի քանի տարին շատ դաժան են եղել մեր թիմի ֆուտբոլիստների, մարզիչների ու երկրպագուների համար, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի «Շիրակը» չկազմալուծվի: Հուսով եմ, որ այն երջանիկ օրերը կրկին կվերադառնան, հաղթանակների բերկրանքն էլ առաջիկայում դեռ կվայելենք: Դրանց նախադրյալները կան:

- Անշուշտ, տեղյակ ես Սերգեյ Զատիկյանի անվան դարպասապահների ակումբի մասին, որի անդամն ես: Ակումբի հաշվարկով դու 101 խաղում դարպասը պահել ես անառիկ: Իսկ ցուցակը գլխավորում է Հարություն Աբրահամյանը (129 խաղ): Ինչպե՞ս ես գնահատում ակումբը գլխավորելու հնարավորություններդ:

- Շնորհակալ եմ ձեզանից, ձեր թերթից, որ մշտապես ուշադրության կենտրոնում եք պահում դարպասապահներին, հաշվում եք նրանց ցուցանիշները: Սերգեյ Զատիկյանի անվան ակումբի հիմնումն իրոք մեծ խթան է դարպասապահների համար: Եվ հպարտ եմ, որ այսօր ակումբում տեղ ենք զբաղեցրել «Շիրակի» երկու դարպասապահներս, որ երկար տարիներ հանդես ենք եկել միասին, մեկս մյուսին փոխարինել ենք: Հիմա թեեւ Արթուր Հովհաննիսյանն իմ մարզիչն է, բայց կրկին ընկերական ջերմ հարաբերությունների մեջ ենք: Դարպասն անառիկ պահելը շատ դժվար է: Եթե մի պահ զգոնությունդ թուլացրիր, հնարավոր է գոլ ընդունես: Կաշխատեմ գերազանցել Աբրահամյանի ցուցանիշը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4