«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2007-03-27 | #56, 2007-03-28 | #57, 2007-03-29


ԱՐՈՆՅԱՆՆ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Մեկօրյա հանգստից հետո Մոնակոյի շախմատի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 9-րդ տուրում Արոնյանը մրցեց Վիշվանաթան Անանդի հետ: «Կույր» շախմատի պարտիայում Արոնյանին սպիտակներով հաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում մրցակիցների արագ շախմատի պարտիան, քանի որ երկուսն էլ այդ մրցաձեւում շատ վստահ են հանդես գալիս: Ցավոք, Արոնյանին չհաջողվեց զարգացնել հաջողությունը: Սեւ խաղաքարերով նա պարտվեց Անանդին: Դա հայ շախմատիստի առաջին պարտությունն էր արագ շախմատի մրցախաղում: Լեւոնը 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր, իսկ Անանդն այդ հաղթանակի շնորհիվ վաստակեց 7,5 միավոր: Արագ շախմատում այժմ միայն Անանդը պարտություն չի կրել: Արոնյանի հետ 5,5-ական միավոր ունեն նաեւ Վասիլի Իվանչուկն ու Վլադիմիր Կրամնիկը:

Ընդհանուր հաշվարկով Լեւոն Արոնյանը վաստակել է 10,5 միավոր եւ ընթանում է 4-րդ տեղում: Առաջատարը Վլադիմիր Կրամնիկն է, որն ունի 13,5 միավոր: Աշխարհի չեմպիոնը 1,5-0,5 հաշվով առավելության հասավ Մագնուս Կառլսենի նկատմամբ` հաղթելով արագ շախմատի պարտիայում: Նշենք, որ Կրամնիկը գերազանց է խաղում առանց խաղատախտակին նայելու: Նա 9 հանդիպումներում վաստակել է 8 միավոր: Բացի Կառլսենից, միայն Իվանչուկին է հաջողվել «կույր» շախմատում կես միավոր վաստակել Կրամնիկի հետ մրցավեճում:

2-3-րդ տեղերը 11,5-ական միավորով բաժանում են Անանդն ու Իվանչուկը: Ուկրաինացի գրոսմայստերը 1,5-05 հաշվով պարտության մատնեց Պետեր Լեկոյին: 10 միավոր է վաստակել Պյոտր Սվիդլերը: Նա ընդամենը կես միավոր վաստակեց վան Վելիի հետ մրցավեճում: Գելֆանդը 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Ռաջաբովին: Նույնպիսի հաշվով Մորոզեւիչը հաղթեց Վալյեխոյին:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: 10-րդ տուրում Արոնյանը կհանդիպի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Վերջինս անհաջող է հանդես գալիս մրցաշարում եւ առայժմ վաստակել է 6,5 միավոր: Իսկ վերջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի ուկրաինացի Վասիլի Իվանչուկը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4