«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2007-03-28 | #57, 2007-03-29 | #58, 2007-03-30


«ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՈՉ ԹԵ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼԾԱԿ»

Ի՞նչ քաղաքական զարգացումներ կլինեն եւ ո՞վ կնշանակվի վարչապետ

ՀՀԿ ղեկավար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահն իսկապես ցնցեց բոլորիս: Վարչապետի վախճանը բնականորեն առաջ կբերի փոփոխությունների անհրաժեշտություն` հատկապես եթե նկատի ունենանք, որ երկիրը կանգնած է խորհրդարանական ընտրությունների առաջ: Քաղաքական գործիչներից, պատգամավորներից «Ազգը» փորձեց պարզել, թե քաղաքական ինչ զարգացումներ կարող են լինել վարչապետի մահից հետո եւ, նրանց կարծիքով, ո՞վ կարող է նշանակվել վարչապետ:

ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանը վստահ է, որ լուրջ փոփոխություններ չեն լինի, քանի որ կա քաղաքական գիծ, որով տարիներ շարունակ աշխատել են: «Մինչեւ նախընտրական փուլի ավարտը արմատական փոփոխություններ չեն լինի, իսկ փոփոխությունների մասին կարող ենք խոսել արդեն միայն խորհրդարանական ընտրություններից հետո», ասաց պատգամավորը: Վարչապետի նշանակման առնչությամբ նա չցանկացավ կանխատեսումներ անել, բայց նրա կարծիքով «կնշանակվի այն մարդը, որին կառաջադրի Հանրապետական կուսակցությունը»:

ՀԺԿ-ի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը չցանկացավ պատասխանել մեր հարցին` նշելով, որ այս պահին նպատակահարմար չէ, ինքն էլ մի քիչ զբաղված է: Նա խոստացավ մեր հարցերին պատասխանել հետագայում: ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, չկոնկրետացնելով, թե ինչ փոփոխություններ կարելի է ակնկալել առաջիկայում, այնուամենայնիվ հույս հայտնեց, որ կատարվելիք փոփոխությունները գոնե բացասական ազդեցություն չեն ունենա:

ՀՅԴ-ական մեկ այլ պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյանը` ընդգծելով, որ վարչապետի մահը շատ ծանր էր, նշեց, որ հանրապետականների համար կատարվածը հիմնականում հոգեբանական իմաստով լավ չէր, բայց այնպես հիմնավոր, արմատական փոփոխություններ չեն լինի, որովհետեւ «իրենք մեծ կադրային ընտրության հնարավորություն ունեն, եւ ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը դեբյուտանտ, նոր դեմք է քաղաքական ոլորտում եւ ինչ-որ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ իրենց քաղաքական ուղեգծի կամ մեր քաղաքական իրավիճակի համար: Ես պարզապես կարծում եմ, որ հոգեբանական ծանր կացություն է ստեղծվել իրենց համար»: Վարչապետի հնարավոր թեկնածուի համար Ալվարդ Պետրոսյանը նշեց Սերժ Սարգսյանի անունը` հավելելով. «Ինքը գործադիր իշխանության փորձառություն ունի եւ տիրապետում է ամբողջ իրավիճակին»:

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանն ասաց, որ երկրում ստեղծված ծանր իրավիճակը, ազգաբնակչության դժգոհությունները պայմանավորված չեն եղել վարչապետով, այլ երկրի երկու իրական առաջնորդներով` նախագահ եւ պաշտպանության նախարար զույգով: Ցավելով վարչապետի մահվան համար` Ա. Գեղամյանը նշեց, որ գործընթացները կարագանան: «ԱՄ» առաջնորդը վարչապետի թեկնածուի հնարավոր անուն չցանկացավ նշել, բայց տվեց իր խոսքով իրավիճակի քաղաքական մոտեցումը. «Տեխնիկական վարչապետ կնշանակվի: Կնշանակվի մեկը, որը չի լինի քաղաքական դեմք եւ մարդկանց զգոնությունն ու ստեղծված մռայլ մթնոլորտը մի քիչ կմեղմվի»:

Ուշագրավ էին «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանի դիտարկումները: Նա նշեց, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այն վարչապետներից չէր, որը չէր նշանակվել միայն կառավարությունը ղեկավարելու համար, այլ ՀՀԿ հիմնադիր անդամներից էր, նախագահը: ՍԻՄ-ի ղեկավարի կարծիքով, վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն էր եւ բնական է, որ նրա մահից հետո քաղաքական ասպարեզից դուրս է եկել մի ֆիգուր, որի բացակայությունն ազդելու է ոչ միայն վարչապետի փոփոխության հետ կապված խնդրի վրա, այլեւ քաղաքական գործընթացների իմաստով: Նա վստահ է, որ որոշ գործընթացներ տեղի կունենա նաեւ կուսակցության ներսում. «Կլինեն մարդիկ, որ կփորձեն սերտ հարաբերություններ ստեղծել նաեւ նոր ղեկավարի հետ, ոմանք կփորձեն եւ կստացվի, ոմանք էլ կփորձեն բայց չի ստացվի: Ներկուսակցական այդ տեղաշարժերն իրենց ազդեցությունը կունենան կուսակցության ընդհանուր վարքի վրա»: Հրանտ Խաչատրյանը համոզված է, որ ներքաղաքական դաշտում էլ փոփոխություններ կլինեն. քանի որ մյուս կուսակցությունների համար էլ այլ խնդիր էր, երբ շփվում էին ՀՀԿ-ի նախագահի հետ, կուսակցության ճանապարհը հարթած եւ անցած մարդու հետ, եւ մեկ այլ խնդիր է, երբ հարաբերվելու են ՀՀԿ-ի հետ` հանձին մեկ ուրիշի, որը հավանաբար չի լինի այդ բոլոր արժեքների կրողը: Հրանտ Խաչատրյանի կարծիքով, քաղաքական տեղաշարժերը միայն ՀՀԿ-ով եւ նրա ղեկավարի մահվամբ չեն պայմանավորված: Վարչապետի խնդիրն ըստ նրա բարդ խնդիր է: « Ինձ թվում է, որ այնուամենայնիվ հաջորդ վարչապետը նեքուստ շատ չի ցանկանալու ստանձնել այդ պաշտոնը` ով էլ որ լինի, նույնիսկ եթե դա Սերժ Սարգսյանն էր, քանի որ արդեն կար որոշակի սցենար: Այլ խոսք է, դա մեզ դուր էր գալիս, դուր չէր գալիս, հանրապետության համար շահեկա՞ն էր, բայց կա սցենար, որտեղ ամեն ինչ հաշվարկված էր, մտածված. եւ հիմաՙ մի լրացուցիչ պատասխանատվություն: Ես հիմա վարչապետի պաշտոնի ստանձնումը դիտում եմ ավելի շատ որպես լրացուցիչ պատասխանատվություն, քան լրացուցիչ լծակ», հավելեց նա:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4