«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2007-03-29 | #58, 2007-03-30 | #59, 2007-03-31


«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԵՆ ԵՎ ՎՃՌԱԿԱՆ»

ՀՀԿ-ն քարոզարշավին գնալու է մարտավարական, բայց ոչ ռազմավարական փոփոխություններով

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՀԿ ղեկավար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո բնականաբար փոփոխություններ են եղել եւ դեռ կլինեն ոչ միայն Հանրապետական կուսակցությունում, այդ հանգամանքն ընդհանուր առմամբ կարող է ներազդել մեր երկրի քաղաքական գործընթացների վրա: «Ազգի» հարցերին պատասխանում է վարչապետի օգնական, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

- Պրն Շարմազանով, վարչապետի անժամանակ մահը մեծ կորուստ էր հատկապես Հանրապետական կուսակցության համար: Կուսակցության ղեկավարի մահից հետո այժմ ի՞նչ իրավիճակ է կուսակցությունում եւ ո՞ր խնդիրների լուծումն է դարձել առաջնահերթություն:

- Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահը շատ ծանր հարված էր ոչ միայն մեր կուսակցության, այլեւ ողջ հայ ժողովրդի համար, որովհետեւ պրն Մարգարյանը իր գործունեության ամբողջ ընթացքում գործել է ի փառս եւ ի բարօրություն հայոց պետականության եւ հայ ժողովրդի: Այդուհանդերձ, ՀՀԿ-ն պարտավոր է վառ պահել կուսակցության նախագահի հիշատակը, տղամարդավայել տանել այդ ցավը եւ սպասվելիք քարոզարշավին պատրաստվել ավելի վճռական, ավելի համախմբված:

- Այժմ կուսակցության նախագահի պաշտոնակատարը Սերժ Սարգսյանն է...

- Մեր կուսակցության կանոնադրությամբ, 10-րդ հոդվածի 8-րդ կետով նախագահի բացակայության պայմաններում նրա պարտականությունները դրվում են խորհրդի նախագահի, այսինքնՙ Սերժ Սարգսյանի վրա: Իսկ կուսակցության նախագահը ընտրվում է նոր հրավիրվող համագումարի ընթացքում, որը, սակայն, կհրավիրվի ընտրություններից հետո:

- Մամուլում լուրեր կային, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ հանդիպման ժամանակ քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել վարչապետի պաշտոնը ՀՀԿ-ին թողնելու մասին: Կուսակցությունում ո՞ւմ թեկնածության առաջադրմանն են հակված:

- Ապրիլի 2-ին կուսակցությունը կհրավիրի խորհրդի նիստ, որտեղ կքննարկվեն կուսակցության գործունեության խնդիրները եւ ամենայն հավանականությամբ այդ նիստում էլ կքննարկվի Հանրապետականի առաջադրած վարչապետի թեկնածուի անունը: Շատ հավանական է, որ Հանրապետականը կառաջադրի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին:

- Կուսակցության ղեկավարի մահից հետո քաղաքական ծրագրերի, նպատակների առումով ի՞նչ փոփոխություններ կմտնեն Հանրապետական կուսակցության քաղաքական կուրսում:

- Քարոզարշավի մասով որոշակի բան կարող է փոխվել, որովհետեւ նախընտրական քարոզարշավում պետք է լուրջ դերակատարություն ունենար կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը, որը, փաստորեն, այսօր չկա: Եվ այս պարագայում որոշակի մարտավարական ուղղություններ կփոխվեն: Բայց ինչ վերաբերում է քաղաքական կուրսին, բնականաբար, կմնա նույնը, քանի որ կուսակցությունը այսօր շատ համախմբված է եւ շատ վճռական: ՀՀԿ-ն երբեք չի եղել անձի կուսակցություն եւ կարողացել է համախմբվել 1997 թ. Աշոտ Նավասարդյանի մահից հետո, 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ սպանվեց սպարապետ Վազգեն Սարգսյանը, եւ համոզված եմ, որ կուսակցությունը տղամարդավայել կտանի այս ցավը: Բնականաբար, քաղաքական կուրսը կմնա նույնը, իսկ կուսակցական թիմը համախմբված հստակ կգնա դեպի ընտրություններ:

- Կուսակցության նախագահի պաշտոնակատարի պաշտոնը Սերժ Սարգսյանի ստանձնելուց հետո ի՞նչ տրամադրություններ են կուսակցության ներսում: Հատկապես ինչպե՞ս են իրենց զգում հին հանրապետականները:

- Պետք է հիասթափեցնեմ բոլոր այն մարդկանց եւ քաղաքական ուժերին, որոնք ՀՀԿ-ի մեջ փորձում են գտնել հին ու նոր հանրապետականների: Պետք է ասեմ, որ ի պատիվ ՀՀԿ-ի, միշտ եղել է համախմբված եւ գործի կուսակցություն: ՀՀԿ-ում չկան հին ու նոր հանրապետականներ: Կան հանրապետականներ, որոնք համախմբված են պետության հզորացման գաղափարի շուրջը: Այսօր մամուլում արդեն գնահատականներ են հնչում, թե հին եւ նոր հանրապետականների միջեւ առճակատում կա, բայց այդպես չէ:

- Այսինքն, որ կուսակցությունն անմիջականորեն ղեկավարում է Սերժ Սարգսյանը, դա նորմա՞լ է ընկալվել ներսում:

- Ընդհանրապես, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 22-ի համագումարում ընտրվել է խորհրդի նախագահ եւ այդ բոլոր փոփոխությունները, որ եղել են հուլիսի 22-ից հետո, եղել են Անդրանիկ Մարգարյանի ժամանակ, եւ պետք չէ այստեղ անբարոյական քայլերով երկպառակություն մտցնել: Խորհուրդ կտամ մեր գործընկերներին, որ հանրապետականներից ավելի հանրապետական չլինեն եւ հանրապետականների մասին նրանցից ավելի շատ չմտածեն:

- Նախընտրական քարոզարշավի ձեր պատրաստություններում ի՞նչ կփոխվի:

- Ամենակարեւոր գործող անձըՙ կուսակցության նախագահը, որ պետք է լուրջ դերակատարություն ունենար քարոզարշավում, այսօր մեզ հետ չէ եւ բնականաբար, փոփոխություններ կլինեն մարտավարական տեսանկյունից, իսկ ռազմավարական տեսանկյունից որեւիցէ բան չի փոխվի, քանի որ ՀՀԿ-ի ծրագրերը եւ գաղափարները հստակ են, եւ մենք լի ենք վճռականությամբ:

- «Ազգի» հետ զրույցում ՍԻՄ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը կարծիք էր հայտնել, որ վարչապետի պաշտոնը, անկախ նրանիցՙ ում կտրվի, այս պարագայում լինելու է ոչ թե լրացուցիչ լծակ, այլ լրացուցիչ պարտականություն: Ի՞նչ կասեք այս մասին:

- Հանրապետականը ոչ մի անգամ վարչապետի պաշտոնը լծակ չի դիտարկել, այլ դիտել է որպես պատասխանատվություն: Եթե հիշողություններս լարենք, ապա բոլորս կարող ենք վերհիշել 2000 թ. մայիսի 12-ը, երբ ՀՀԿ-ն եւ Անդրանիկ Մարգարյանը վերցրին երկրի քաղաքական պատասխանատվությունը եւ դժվար թե այսօր Հայաստանում գտնվի մեկը, որ ասիՙ դա լծակ էր. դա պատասխանատվություն էր:

- Ի՞նչ եք կարծում, կուսակցությունների վերաբերմունքը ՀՀԿ-ի հանդեպ կփոխվի՞:

- Այս կորուստը նաեւ ցավ էր մեր քաղաքական գործընկերների համար: Պարզապես ՀՀԿ-ն, ինչպես միշտ, այսօր էլ կոչ է անելու, որ քարոզարշավը լինի զուսպ, քաղաքակիրթ եւ քաղաքակիրթ քարոզարշավի ընթացքում մեր ընտրողներին ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն տա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4