«Արեգ» հրատարակչությունը «Գրպանի բառարաններ» շարքով լույս է ընծայել միանգամից երկու բառարան: Առաջինը «Հայերեն-ֆրանսերեն բառարանն է», որը պարունակում է 10 հազար բառ եւ բառակապակցություն: Կազմողը Սամվել Գասպարյանն է, որն ավելի վաղՙ 1999 թ. եւ 2004 թ. լույս է ընծայել ավելի մեծ ծավալի «Հայ-ֆրանսերեն բառարան» (դրա վերջին հրատարակությունը պարունակում է շուրջ 50 հազար բառ եւ արտահայտություն):
Նոր լույս տեսած «Հայերեն-ֆրանսերեն բառարանը» փոքր-ինչ պարզեցված է, լավագույնս համապատասխանում է «Գրպանի բառարան» բնութագրմանը, ունի մատչելի գին եւ ֆրանսերեն ուսումնասիրող ամենատարբեր անձանց կարող է օգտակար լինել (աշակերտներ, ուսանողներ, դասախոսներ, թարգմանիչներ եւ այլն): Գրքում ընդգրկված են լայնորեն կիրառվող բազմաթիվ բառակապակցություններ եւ արտահայտություններ:
Ինչ վերաբերում է երկրորդ գրքինՙ «Ֆրանսերեն-հայերեն բառարանին», այն պարունակում է 10500 բառ եւ բառակապակցություն, տալիս բառիմաստների մեծ մասը, հարուստ է ֆրանսերեն արտահայտություններով, առածներով, ասացվածքներով, իսկ վերջում (ինչպես եւ վերոհիշյալ բառարանը) ունի աշխարհագրական անունների ցանկ: Սամվել Գասպարյանի կազմած այս գիրքը եւս նախատեսված է ֆրանսերենով զբաղվող անձանց ամենալայն շրջանակի համար:
Ավելի վաղ «Արեգ» հրատարակչությունը «Գրպանի բառարաններ» շարքով լույս էր ընծայել մի շարք ուրիշ երկլեզվյան բառարաններ:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ