Եղավ մի պահ, երբ Մոսկվայում «Երեւան-պլազա» առեւտրակենտրոնի գովազդները գրեթե չէին զիջում երգիչ Դիմա Բիլանի ժողովրդականացման տիտանական մաքառումներին: Մոսկվայի ամեն մի հայ հպարտ էր ու ինքնագոհ, որ Ռուսաստանի մայրաքաղաքում բացվել է հայոց մայր քաղաքի անունը կրող նոր հսկա առեւտրազվարճահամալիրՙ կոչված բավարարելու մեգապոլիսի հայասեր ու հայրենաբաղձ հասարակայնության նյութական ու հոգեւոր-բարոյական պահանջմունքները: Չէ՞ որ մինչ այդ մոսկվահայերի միակ հույսը «Արմենիան» էր, բայց նա ընտրախանութ է եւ, ըստ էության, մատչելի չէ շատերին:
Մոսկվայի համար աննախադեպ արեւոտ ու պայծառ մի օր ես էլ մեծ խանդավառությամբ ուղեւորվեցի «Տուլսկայա» մետրոկայարանին հարեւանած այդ երեւանյան օջախը: Առաջին տպավորությունը շշմեցուցիչ էՙ մտնում ես լուսառատ շքեղ նախասրահը, գեղեցիկ, ճաշակով ձեւավորված խանութներ, գունագեղ անվանումներ, ազդագրեր եւ այլն: Զարմանում եսՙ ե՞րբ «մերոնք» հասցրին այս ամենը հագեցնել հայաստանյան ապրանքներով: Սակայն աջ ու ձախ շրջելով գլուխդ, ծայրից ծայր հաղթահարում ես առաջին հարկը եւ... տարակուսում. ոչ մի «ծեղ» անգամ հայկական: Համաշխարհային ուզածդ ֆիրման, եւ ոչ մի հայաստանյան:
Բնավորվել են երեք մոսկովյան ոսկերչական խանութներ, սակայն ոսկու եւ արծաթի հայ վարպետների ոչ մի գործ, կրպակ անգամ չկա:
Տակավին չհուսախաբված բարձրանում եմ երկրորդ հարկ, միգուցե այստե՞ղ գտնեմ փնտրածս: Կրկին ճեմում եմ մի անկյունից մինչեւ մյուսը, եւ նորից ազգային առումով... կատարյալ ամայություն: Չէ, ներողություն, կենտրոնական հատվածում Երեւանի ու նրա քաղաքապետարանի մեծադիր լուսանկարահամայնապատկերներն են: Մտա գերհարուստ գրախանութը, մտածում եմՙ գուցե ուշիմ հայերն այս իրադարձության պատվին հրատարակած լինեն ռուս-հայերեն նոր բառարան: Կամՙ Երեւանի ֆոտոալբոմ: Լռություն:
Վերջին հույսով հայացքս հառում եմ վեր: Ո՛չ, ո՛չ Աստծուն, այլ... երրորդ հարկին: Խանութներն արդեն անհետաքրքրական են, պեղումներ եմ կատարում բազմաթիվ խորտկարաններում, սրճարաններում, գոնե հայկական թխվածք լիներ մի տեղ: Ավա՜ղ:
Սակայն, այնուամենայնիվ, Աստված կա եւ հաղթանակեց: Պարենային հատվածի ջրերի բաժնում հարյուրավոր շշերի մեջ բնավ էլ ոչ արծվենի աչքս ջոկեց... «Ջերմուկի» անտեր մնացած մի շիշ: «Կտոր մը» հայրենյաց, որ չէր կարող չհուզել սիրտս: Գուցե պայմանաբար է հայտնվել այս «երեւանյան» կոչված հանդիսությունում:
Նույնիսկ ցանկություն չառաջացավ հանդիպելու առեւտրակենտրոնի ղեկավարության հետ: Նախապես հայտնի էր պատասխանըՙ միլիոններ են դրվել այս գործի մեջ եւ դրանք պիտի հատուցվեն: Բիզնեսի տեսակետից անթերի պատասխան է: Սակայն, ինչքան ինձ էր հայտնի, երկու մայրաքաղաքների ղեկավարներն առեւտրատներ են փոխանակել սեփական ապրանքների վաճառման նպատակով: Թե՞ ես սխալվում եմ:
Ելքի մոտ մի ռուս կին, նայելով թթված դեմքիս, այնուամենայնիվ համարձակվեց հարցնել.
- Դուք հա՞յ եք:
- Այո:
- Հարեւաններս հայեր են, շատ լավ մարդիկ են, շուտով արծաթի հարսանիք են նշում, մտածում էի այստեղ զուտ ազգային նվեր կգնեմ, հաճելի կլիներ նրանց, բայց ոչինչ չգտա:
Ստիպված նրան տվեցի «Արմենիայի» հասցեն:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա