«Օրեր» համաեվրոպական անկախ ամսագրի վերջին համարը (3/2006 թ.) արդեն տպարանում էր, երբ գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին հասավ «Ակօս» թերթի խմբագիր, պոլսահայ հանրահայտ հասարակական գործիչ Հրանտ Դինքի մահվան գույժը: Վերջին պահին խմբագիրը հասցրեց միայն առաջին եւ վերջին էջերը նվիրել Դինքի հիշատակին. «Նա այն համարձակ հայն էր, որ Թուրքիայում բարձրաձայն խոսեց ցեղասպանության մասին եւ ենթարկվեց դատական հետապնդումների: Նա կողմնակից էր երկու հարեւան ժողովուրդների միջեւ խաղաղ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, բայց առանց անցյալի տխուր էջերի ժխտման: Նրա եղերական մահը եւս մի ազդանշան է բոլորինՙ պայքարը պետք է շարունակվի ավելի միասնական ու հզոր ուժերով»:
Ամսագրի այս համարը նվիրված է հայ բեմի չքնաղ թագուհունՙ Մետաքսյա Սիմոնյանինՙ մեծանուն դերասանուհու ծննդյան 80-ամյակի առթիվ: «1926 թ. փետրվարի 21-ին ծնվելով Թուրքմենստանի Աշգաբադ մայրաքաղաքում, նա պետք է ուսանելու գար Երեւան, 1948 թ. ավարտեր գեղարվեստա-թատերական ինստիտուտը եւ մինչեւ իր կյանքի վերջըՙ 1987 թ. օգոստոսի 11-ը հավատարիմ մնար Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի բեմին եւ իր կոչմանը: Նրա մարմնավորած կերպարներն այնքան շատ էին ու բազմերանգ, որ ժամանակի թատերագետները նույնիսկ դժվարանում էին կողմնորոշվել, թե որ ուղղությունն է գերիշխող: Եվ եթե Արմեն Գուլակյանի բեմադրած «Դիմակահանդեսում» Նինայի դերի փայլուն կատարումըՙ Վաղարշ Վաղարշյանի, ապա նաեւ Վահրամ Փափազյանի հետ, նրան տվեց «անմեղ ու գրավիչ հմայք» բնորոշումները, ապա Դոստոեւսկու «Ապուշում» Նաստասյա Ֆիլիպովնայի կերպարը թատերական երեւույթ դարձավ արդեն Խորհրդային Միության մակարդակով: Հայտնի ռեժիսոր Տովստոնոգովը չթաքցնելով իր հիացմունքը, ուղղակի հայտարարեց. «Այսպիսի Նաստասյա Ֆիլիպովնա ես կուզեի տեսնել մեր թատրոնում»:
Իսկ թե ինչպիսի՞ն էր Մետաքսյա Սիմոնյանը տանը, մտերիմների շրջապատում, հոդվածագիրը բացահայտում է Պրահայում, դերասանուհու հարսիՙ բանասեր Սոնա Արզումանյանի հետ զրույցի ընթացքում: «Հաճախ էր նա իմ մասին ասում, որ ես ոչ թե իր հարսն եմ, այլ աղջիկը: Երբ կողքից տեսնում էի, թե ինչպես է սիրում իր թոռնիկներին, երեխաներին, բավական էր, որպեսզի հասկանայի, թե ինչ մեծություն է նա: Լինելով այդքան զբաղված թատրոնի կյանքով, միաժամանակ մնում էր օջախի մայր»: Դերասանուհու մայրը Բիթլիսից է գաղթել, եղբոր հետ հասել Երեւան, տեղավորվել որբանոցում: Խորհրդային տարիներին նրանց տեղափոխել են Աշգաբադի որբանոց, որտեղ էլ մայրն ամուսնացել է հայի հետ, աշխարհ բերելով 2 որդիներին ու դստերըՙ Մետաքսյային: «Ասում էին, որ Խալաթովների մեծահարուստ ընտանիքի որդու հետ է ամուսնացել նրա մայրը, բայց այդպես էլ անհայտ մնաց ու չիմացանք նրա ով լինելը», պատմում է հարսը:
Հանրաճանաչ ու սիրելի դեմքերի կողքին ամսագրի էջերից մեզ են նայում նաեւ նորերըՙ եվրոպաբնակ, ծագումով հայ արվեստագետները, որոնցից մեկիՙ չեխ դերասան Բոհումիլ Կլեպլի մասին է Արծվի Բախչինյանի հոդվածը: Կլեպլը Պրահայի նշանավոր «Նա Զաբրադլի» թատրոնի, հեռուստատեսության եւ կինոյի դերասան է, ինչպես նաեւ Կլեպլ ընտանիքի տիկնիկային թատրոնի հիմնադիրը: Ռուսական մշակույթով սնված եւ հայ-վրացական արմատներ ունեցող չեխ դերասանի մեծ երազանքն է նկարահանվել որեւէ ռուսական ֆիլմում, օրինակՙ Նիկիտա Միխալկովի մոտ: «Ես կուզեի այցելել Վրաստան, Հայաստան, մի առիթով ասել է դերասանը: Ցավոք, հիմա դա բարդ է, գրեթե անհնար»: Վրաստանաբնակ քեռին նրան խորհուրդ չի տվել այցելել, որովհետեւ «դա հիմա այնքան էլ հեշտ ու անվտանգ չէ»: Իսկ Հայաստան գալը, ինչպես նշում է Բախչինյանը, «թե՛ հեշտ է, թե՛ անվտանգ, եւ նա հանգիստ կարող է ուղեւորություն կատարել իր մայրական պապի հայրենիք»:
Համարում տեղ են գտել նաեւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ հարցազրույցըՙ «Հայաստանը պարտավոր է առանց կեղծիքների ընտրություններ ապահովել» վերնագրով, մշակութային մեկնաբան Լեւոն Լաճիկյանի հուշերը Պրահայիցՙ ամփոփված «Խաչվող ճանապարհներ» գրքում:
Չեխիայում լույս տեսած նոր գրքերն ենՙ պրահայաբնակ նկարիչ Հովիկ Մուրադյանի 45 շքեղ կտավներով պատկերագիրքը եւ «Օրերի» նախաձեռնությամբ լույս տեսած չեխ ճանապարհորդ, հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կարել Հանսայի «Արեւելքի սարսափները» գիրքըՙ նվիրված հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, Հայոց ցեղասպանությանն ու բռնագաղթած հայ որբերի վիճակին: Գրքի առաջաբանի հեղինակը Հակոբ Ասատրյանն է:
Մշակութային ձեռնարկներից այս անգամ առանձնացվել են Կոմիտասի անվան պետական քառյակի համերգը Չեխիայի Յիհլավա քաղաքում, ուր նոյեմբերի 17-ին բացվել է հայ-չեխական բարեկամության հուշակոթողՙ հայկական խաչքար, որի հեղինակը հայաստանցի քանդակագործ Հարություն Ստեփանյանն է: Հայ-չեխական մշակութային կապերի ջերմության արտահայտությունն է նաեւ հայտնի սաքսոֆոնահար Ֆելիքս Սլովչեկի Հայաստան կատարած այցը:
Պրահայի ազգային փոքրամասնությունների կյանքն արտացոլված է գնչուներին, հրեական եւ ռուսական համայնքներին նվիրված հավելվածում, ուր միաժամանակ տեղեկացվում է, որ Չեխիայում բնակության իրավունք ունի 1293 հայ: Նրանցից մշտապես բնակվելու իրավունք ունի 986-ը:
Մարզական բաժինը ծանոթացնում է քիքբոքսինգի Չեխիայի հայ չեմպիոններ, 10-ամյա Դավիթ Մուրադյանի, Վլադիմիր եւ Դավիթ Ալլաբյանների, ինչպես նաեւ Ավստրիայում եւ Բրատիսլավայում անցկացված ձյուդոյի միջազգային մրցաշարերում հաղթած սլովակահայեր Գեւորգ եւ Արմեն Հակոբյանների հետ:
Տարեվերջյան այս համարում կարելի է ընթերցել բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի «Սուրբծննդյան հեքիաթ» պատմվածքը (թարգմ.ՙ Արտակ Վարդանյան), Լիբանանի հիասքանչ անտառներում ծնված 3 մայրիների մասին, «որոնք ամբողջ դարեր անցկացրին կյանքի ու մահվան, բնության եւ մարդկության շուրջը մտորումներում»: Նրանց երազանքներն ի վերջո կատարվեցին, «բայց բոլորովին այլ ձեւով, քան իրենք էին պատկերացնում»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ