Մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում հաջող մրցելույթներ ունեցան Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները, որոնք ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք էին անցկացնում: Ռինգ դուրս եկած մեր 11 բռնցքամարտիկներից 8-ը դարձան մրցանակակիրներ: Բոլորից հաջող հանդես եկան ու հաղթող ճանաչվեցին Ալեքսան Շախյանը (46 կգ) եւ Գեւորգ Ալեքսանյանը (64 կգ): Մրցանակային 2-րդ տեղն զբաղեցրին Համլետ Պողոսյանը (51 կգ), Մաթեւոս Անդրեասյանը (46 կգ) եւ Արշալույս Սահակյանը (69 կգ): Իսկ մեր բռնցքամարտիկներից երեքըՙ Հրանտ Սարգսյանը (51 կգ), Վլադիմիր Մարգարյանը (54 կգ) եւ Էդգար Ավդալյանը (60 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:
Հայաստանի պատանեկան հավաքականը եւս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնիՙ նախապատրաստվելով հունիսի 25-ին Հունգարիայում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ