Մեր թերթի նախկին վեց տարիների աշխատակից, այժմ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի մեկնաբան Թաթուլ Հակոբյանը մարտի 22-31-ըՙ իր արձակուրդի օրերն անց է կացրել Արեւմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում, եւ Նյու Ջերսիում հրապարակվող հայկական անգլիատառ «Արմենիան Ռիփորթեր» շաբաթաթերթի ֆինանսական աջակցությամբ պատրաստել հրապարակումների շարք: Թարգմանաբար «Ազգի» ընթերցողներին ենք ներկայացնում այդ հրապարակումներից մեկը, որը պատմում է Վանա Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման եւ պաշտոնական բացման մասին: Հոդվածը տպագրվել է «Արմենիան Ռիփորթերի» մարտի 31-ի եւ ապրիլի 6-ի համարներում եւ հեղինակի միջամտությամբ ներկայացվում է աննշան փոփոխություններով եւ կրճատումներով:
«Աղթամար» ռեստորանում եւ կղզում 26 մարտի
«Աղթամար» ռեստորանի շեֆ Իբրահիմին շատ հայեր են ճանաչում, ավելի ճիշտՙ ճանաչում են գրեթե բոլոր հայերը, ովքեր գոնե մեկ անգամ եղել են այս կողմերումՙ Վանում, Աղթամարում, Սուրբ Խաչ եկեղեցում: Իբրահիմի ռեստորանը Վանից Տատվան տանող ճանապարհի եզրին է, հենց կղզու դիմաց, որտեղից նավակները զբոսաշրջիկներին տանում են միջնադարյան հայկական եւ համաշխարհային ճարտարապետության գոհարի հետ ծանոթության:
«Հայերը գնում են Սուրբ Խաչ, վերադարձին իմ մոտ տառեխ ուտում», ասաց Իբրահիմըՙ լեզվի վրա բուրավետ թեյով հալելով շաքարի կտորը: Նրա ռեստորանի ներսի պատերին մեծ նկարված են Սուրբ Խաչը եւ Թամարըՙ ջահը ձեռքին: Տառեխը, որին քրդերը (այս կողմերում գերազանցապես քրդեր են ապրում) «ինջի քեֆալի» են ասում, Վանա լճում աճող միակ ձուկն է, որը Իբրահիմի ռեստորանում հինգ դոլար արժե:
Մեզ հետ թեյում էր նաեւ հաստ բեղերով Ռեջեփ Ավջընՙ նավակների կոոպերատիվի ղեկավարը: Իբրահիմը Ռեջեփի հետ քրդերեն մի քանի նախադասություն փոխանակեց, որի իմաստը մոտավորապես հետեւյալն էրՙ Ղարաբաղի պատճառով եւ Ադրբեջանի համար Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը, դրա համար էլՙ Հայաստանից հայեր քիչ են գալիս Աղթամար:
Ռեջեփ Ավջըն գլխով արեց, շարունակեց կում-կում խմել թեյը, ապա առաջարկեց Սուրբ Խաչ տանող նավակի գինը 40-ից իջեցնել 30 թուրքական լիրայի, որը 20 ամերիկյան դոլարից փոքր ավելի է: «Ամեն տարի հայերի 25-30 խումբ է գալիս Աղթամարՙ Հայաստանից, Մ. Նահանգներից, Ֆրանսիայից», ասաց Ռեջեփը:
Զբոսաշրջիկները հիմնականում գալիս են ամռան ամիսներին: Վան, Աղթամար այցելող հայերին զբոսաշրջիկ անվանելը քիչ է: Նրանք նախ եւ առաջ հայեր են, ովքեր տառապում են «հայրենիքի կորուստ» անբուժելի հիվանդությամբ:
«Ժամանակ չկորցնենք, այսօր զբոսաշրջիկ դժվար թե լինի», ասաց Ավջըն եւ երիտասարդ նավավար Ջահիդ Շեքերին կարգադրեց գործի դնել շարժիչը:
Վանը ջրի զուլալությամբ, անսահման կապույտով, եղանակային եւ աշխարհագրական տեղադրվածությամբ նման է Սեւանին: Վանն էլ, ինչպես Սեւանը, օրվա ընթացքում մի քանի անգամ կարող է փոխել գույներըՙ գորշից մինչեւ երկնագույն-կապույտի: Բայց ի տարբերություն քաղցրահամ Սեւանի, Վանը շատ աղի է:
Ափից մինչեւ կղզի մոտ 5 կիլոմետր է: Բնության եւ մարդկային ստեղծագործությունները այստեղ միաձուլվել են եւ տվել հրաշք արդյունք: Աղթամարը կապույտ Վանում նման է քանդակի: Կապույտ-կապույտ ջուրը շրջափակված է բարձրաբերձ լեռներով, որոնք մարտի վերջերին դեռ ամբողջությամբ ծածկված են ձյունով: Արեգակի ճառագայթները Աղթամարի քարքարոտ կղզուն թույլ դեղնավուն, արեւից խանձված խոտի գույն են տվել:
Արդեն լսվում է ճայերի ներդաշնակ կռկռոցը, ալիքները շառաչում ու անվերջ, անդադար ծեծում են Աղթամարի լերկ ժայռերը:
Կղզում աշխատող բանվորներից Վահդատին մոտեցավ եւ թուրքերենով օրվա միակ զբոսաշրջիկ հային, որը նայում էր Սուրբ Խաչի արտաքին պատերի քանդակներին եւ միջին հայերեն գրերին, հարցրեց.
«Գյուզե՞լ: Էրմենի քիլիսեսի» («Սիրո՞ւն է: Հայկական եկեղեցի է»):
«Գյուզել», իր չիմացած թուրքերենով պատասխանեց լրագրողը:
... Ներքեւում, լճի վրա, Ջահիդ Շեքեր անունով քուրդ նավավարը ինձ էր սպասում:
Մայրամուտը շուտ վրա տվեց կապույտ ծովին, դեղնավուն, քարքարոտ կղզուն, Սուրբ Խաչին, ձյունապատ լեռներին, ապա սկսեց թաքնվել սարերի հետեւում:
Կղզուց հեռանում ես անպայման մի օր հետ գալու որոշումով: Ինձ պատել էր մի վիճակ, որը չես կարող բացատրել, եթե լավ գրիչ չունես: Կարճՙ դա մի վիճակ է, երբ մարդը կորցնում է ժամանակի եւ տարածության զգացողությունը:
Հետդարձին, իմ վարձած նավակով ափ հասան 20 բանվորներ, ովքեր ամիսներ աշխատում են եկեղեցում եւ շրջակայքում: Ես սարսափելի գլխապտույտ ունեցա, որը կապ չուներ ծովային հիվանդության հետ:
«Այրվող այգեստաններ», Մարտի 26, 27 եւ 28
Այս օրերին ես ուղղակի թափառում էի մեր կորցրած հայրենիքում, երեկոյան ու գիշերը վերընթերցում Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները»: Այս գիրքը նման է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ին ու Ակսել Բակունցի «Կյորեսին»: «Այրվող այգեստաններ»-ից քիչ բան հիշեցի:
Ընդամենը. «Եղել է մի քաղաք բազմահազար բնակիչներով, որոնք սիրել են իրենց ծննդավայրի հողն ու ջուրը, հնամենի վանքերն ու հուշարձանները: Ու մի օր ավերվել է այդ նաիրյան կախարդական ոստանը, իսկ նրա խաղաղասեր ժողովուրդը ցրվել է աշխարհով մեկ: Այս է եղած-չեղածը»:
Թուրքապատում, Մարտի 29
Մարտի 29-ին բացվեց Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ վերանորոգված եկեղեցին, որը կառուցվել է 10-րդ դարում` Վասպուրականի Գագիկ Առաջին Արծրունի թագավորի օրոք: Ճարտարապետ Մանվելի նախագծով կառուցված եկեղեցին միջնադարյան հայ եւ համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից է, եղել է Վասպուրականի Արծրունյաց տան կաթողիկոսանիստ եկեղեցին:
Սուրբ Խաչի բացումը, որին մասնակցում էին Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչը, Վանի նահանգապետ Օզդեմիր Չաքաջաքը, Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, Անկարայում հավատարմագրված դեսպաններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պաշտոնական պատվիրակություն Հայաստանից մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի գլխավորությամբ, վերածվեց իսկական թուրքական միջոցառմանՙ թուրքապատման:
Աղթամարի կղզին եւ շրջակայքը պատված էին թուրքական դրոշներով, հնչում էր միայն թուրքերենը: Ելույթներ ունեցան Թուրքիայի մշակույթի նախարարը, Վանի նահանգապետը, Պոլսո Հայոց պատրիարքը, ապա թուրքական օրհներգի հնչյունների ներքո նրանք կտրեցին ժապավենը, որը, ինչպես թուրքական դրոշը, կարմիր էր` արյան գույնի:
Թուրքական կողմը մոտ 2 միլիոն ամերիկյան դոլար է ծախսել Սուրբ Խաչի վերանորոգման եւ վերականգնման համար, սակայն այն բացվեց ոչ թե որպես հայկական եկեղեցի, այլ Թուրքիայի պատմամշակութային հուշարձան, որտեղ եկեղեցական արարողություններ չեն լինի: Ավելին, թուրքական կողմը, չնայած Մութաֆյան պատրիարքի հորդորներին, եկեղեցու վրա խաչ տեղադրելու թույլտվություն չտվեց: Հենց այս հանգամանքները հաշվի առնելով էր, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Կիլիկիայի կաթողիկոսությունը հրաժարվեցին մասնակցել Սուրբ Խաչի բացմանը, ինչը ճիշտ եւ արդարացված քայլ էր:
Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչներից Լեւենթ Բիլմանը Վանում լրագրողներին ասել է, որ նախարարությունն ուսումնասիրում է հայկական Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ դնել- չդնելու հարցը:
Մութաֆյան պատրիարքը իր ելույթում մեկ անգամ եւս ասաց, որ Աղթամարի Սուրբ Խաչը հայկական եկեղեցի է: Պատրիարք հայրը հստակ շեշտեց հենց «Աղթամար» եւ «Սուրբ Խաչ» անունները, ի տարբերություն թրքացված «Աքդամարի»:
Աթիլլա Քոչը եւ նահանգապետ Չաքաջաքը իրենց ելույթներում շեշտում էին, որ Վանը Թուրքիայի արեւելյան շրջաններում զբոսաշրջության կենտրոն դառնալու ամենահավանական քաղաքն է, քանի որ դարերի ընթացքում այստեղ եղել են տարբեր քաղաքակրթություններ: Ի դեպ, ինչպես Վանում, այնպես էլ նահանգի տարածքում ամենուր անգլերենով եւ թուրքերենով ցուցապաստառներ էին «Հարգենք պատմությունը, հարգենք մշակույթը» կարգախոսներով: Բայց ինչ հարգանքի մասին կարող է լինել խոսքը, երբ հենց Սուրբ Խաչի օրինակով Թուրքիան եւս մեկ անգամ ցույց տվեց պատմությունը եւ մշակույթը չհարգելու իր քաղաքականությունը:
Թուրքական հեռուստաընկերությունները լայնորեն լուսաբանում էին միջոցառումը, շեշտված կերպով ցուցադրում էին այն պահը, երբ Թուրքիայի մշակույթի նախարարը եւ Հայաստանի մշակույթի փոխնախարարը կողք-կողքի նստած թարգմանչի օգնությամբ զրուցում եւ լայն ժպտում էին: Երբ Գագիկ Գյուրջյանին լրագրողները հարց ուղղեցին, Հայաստանի պատվիրակության ղեկավարը ոչ պակաս, ոչ ավել Թուրքիան որակեց «բազմամշակույթ երկիր», ապա հույս հայտնեց, որ Սուրբ Խաչի բացումը կարող է դառնալ «մշակութային երկխոսության սկիզբ» Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:
Պաշտոնական Երեւանը միջոցառմանը մասնակցում էր փոխնախարարի մակարդակով, ինչը ակնհայտ ուղերձ էր առ Անկարա, եւ ընդգծում էր հայկական կողմի դժգոհությունը: Մյուս կողմից, Երեւանը կարող էր դիմել այլ քայլերի եւս: Մասնավորապես, ի դժգոհություն նրա, որ Սուրբ Խաչը վերածվեց թանգարանի, հայկական պատվիրակությունը կարող էր մեկնել Վան, բայց չմասնակցել պաշտոնական բացմանը: Դիվանագիտության մեջ կան դժգոհություն հայտնելու բազմաթիվ այլ տարբերակներ եւս, ինչից հայկական կողմը չցանկացավ կամ չկարողացավ օգտվել:
Երեւան վերադառնալուց հետո, ապրիլի 2-ին տված մամուլի ասուլիսում Գյուրջյանը ասաց, որ 2008 թվականից Թուրքիայի կառավարությունը կսկսի Անիի վերականգնման հնգամյա ծրագրի իրականացումը: Վան մեկնած հայկական պատվիրակությանը Աթիլլա Քոչը տեղեկացրել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքներին չի բացառվում նաեւ հայ մասնագետների մասնակցությունը:
«Ականատես լինելով Անիի Մայր եկեղեցու, Առաքելոց վանքի եւ մի շարք այլ եկեղեցիների քարուքանդ վիճակին` վերստին համոզվեցինք, որ հայ ճարտարապետների մասնակցությունը դրանց վերանորոգման աշխատանքներին խիստ անհրաժեշտ է», ասաց Գյուրջյանը:
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ով եւս մասնակցում էր Աղթամարի Սուրբ Խաչի բացմանը, կարծում է, որ Թուրքիայի հետ մշակութային երկխոսությունը անհրաժեշտ է, քանի որ դրա միջոցով է միայն հնարավոր ոչնչացումից փրկել այդ երկրի տարածքում գտնվող հայկական մշակութային եւ հոգեւոր հուշարձանները: «Անիի եկեղեցիներն առաջիկա 20-25 տարիների ընթացքում չվերականգնելու դեպքում այնտեղ տիրող անմխիթար վիճակի պատճառով վտանգ կա, որ կկորցնենք դրանք առհավետ», ասաց նա:
Պաշտոնական Երեւանը Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման ու վերաբացման փաստը որակել է դրական, քանի որ խոսքը վերաբերում է հայ միջնադարյան ամենահայտնի պատմամշակութային կոթողներից մեկի վերածննդին, որը 1915 թ-ից հետո լքված եւ անբարվոք վիճակում էր, հայտարարել է արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:
«Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ Սբ Խաչ եկեղեցու վերանորոգման եւ բացման խնդրում թուրքական իշխանությունները եւ լրատվամիջոցները չեն շեշտում դրա պատմամշակութային արժեքը, որեւէ հիշատակություն չի արվում դրա հայկական եւ առաքելական պատկանելության մասին: Այս փաստը քարոզչական նպատակով շահարկվելով` բացառիկ ինտենսիվությամբ օգտագործվում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը կանխելու նպատակով», նշել է Կարապետյանը` դա համարելով թուրքական կառավարության կողմից պատասխանատվության շրջանցում ոչ միայն պատմությունից եւ հիշողությունից, այլեւ սեփական երկրի հայ փոքրամասնությունից:
Սուրբ Խաչ եկեղեցին Թուրքիայի տարածքում գտնվող հայ ճարտարապետական բազմաթիվ կոթողներից մեկն է միայն: Այնպիսի հայտնի հուշարձաններ, ինչպիսիք են Անիի տասնյակ եկեղեցիները, Տեկորի եկեղեցին, Մշո Սուրբ Կարապետ վանքը, Բագարանի Սուրբ Հովհաննես տաճարը եւ հազարավոր ուրիշներ, հիմնովին ոչնչացվել են կամ շարունակվում են ոչնչացվել:
Ինչպես Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Կիլիկիայի Հայոց Կաթողիկոսությունը վարվեցին, պաշտոնական Երեւանը եւս կարող էր չմասնակցել Սուրբ Խաչի բացմանը, քանի դեռ թուրքական կողմը իր համաձայնությունը չի տվել եկեղեցու վրա խաչ դնելու եւ թույլ տա, որ այն ծառայի որպես հայկական եկեղեցի, որտեղ հայերին հնարավորություն կտրվեր մոմ վառել, իսկ մեր եկեղեցու հայրերին` մատուցել Սուրբ պատարագ: Բացի այդ, պաշտոնական Երեւանը պետք է հասկանար, որ Աղթամարի կղզում տեղի ունեցած միջոցառումով Թուրքիան լուծում է իր արտաքին քաղաքական այսրոպեական խնդիրը: Այսպիսով` միջոցառմանը մասնակցելով, Հայաստանը անուղղակիորեն ներքաշվեց թուրքական քաղաքականության ոլորապտույտի մեջ:
Իսկ որ Թուրքիան փորձում է Աղթամարի միջոցառումով կանխել Մ. Նահանգների Կոնգրեսում հայկական բանաձեւի ընդունումը, ակնհայտ է եւ այդ մասին անգամ թուրքական պաշտոնական շրջանակներն են ակնարկել:
Սուրբ Խաչի վերաբացման պաշտոնական արարողությունից հետո Վանի ափին հավաքված շարքային քաղաքացիներին հնարավորություն տրվեց անվճար այցելել Աղթամարի կղզի այն նավերով, որոնք քիչ առաջ ափ էին հասցրել միջոցառման պաշտոնական մասնակիցներին: 15-ից 55 տարեկան մի քանի տասնյակ թուրքեր հասնելով Աղթամար, սկսեցին քարերով հետապնդել կղզու ամենաթույլ բնակիչներինՙ նապաստակներին: Դա օրվա թուրքապատման ամենագարշելի ու տխուր ավարտն էր:
Քարքարոտ վերջաբան, 31 մարտի
Այսօր ուզում եմ գրել ամենասուր եւ ամենատխուր տպավորության մասին, որը զգացի ոչ թե Արեւմտյան Հայաստանում, այլ այսօրվա Հայաստանում` վրաց-հայկական սահմանը հատելիս:
Հայկական մաքսատան աշխատակիցներից մեկը մտավ Ախալցխա- Երեւան չվերթով մինի ավտոբուս` ստուգելու, թե ուղեւորները ինչ են տեղափոխում: Միջահասակ կինն ու տղամարդը հալվա եւ այլ մանր-մունր ապրանքներ էին տեղափոխում` Երեւանում վերավաճառելու: Մաքսատան աշխատակիցը ձեռքով շոշափեց նաեւ ամենավերջին ազատ նստարանին դրված կանաչ գույնի իմ պայուսակը:
«Սրա մեջ ի՞նչ է», հարցրեց նա:
Պատասխանեցի, որ պայուսակն իմն է, իսկ ներսում լուսանկարչական ապարատն է, ձայնագրիչը, ինչպես նաեւ մի քանի բուռ հող եւ քարեր են Բիթլիսից: Իմ գործընկերներից մի քանիսը, որոնց պապերը հայրենիքը կորցրել են Արաքսի այն ափին, խնդրել էին, որ Բիթլիսից հող ու քար բերեմ Երեւան:
Մաքսավորը ավելի ուժեղ շոշափեց իմ կանաչ պայուսակը, արագ-արագ ինձ մի քանի հարց տվեց եւ տխուր, ջախջախված հեռացավ: Լրագրողական գործունեության ընթացքում ավելի քան հարյուր անգամ տասնյակ պետությունների սահմաններ եմ հատել, բայց նման ճնշված մաքսատան աշխատակից երբեք չէի տեսել:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Վան- Երեւան, «Արմենիան Ռիփորթեր»